Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆ

Նոյեմբեր 27,2004 00:00

«ԱՄԵՆ ԻՆՉ ԼԱՎ Է ԸՆԹԱՆՈՒՄ» «Ղարաբաղի հարցի վերաբերյալ ես մեծ հարցազրույց կտամ երեւի մինչեւ տարվա վերջ»,- երեկ հրաժարվելով պատասխանել լրագրողների՝ ԼՂՀ խնդրին առնչվող հարցերին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը: Ի պատասխան «Ա1+»-ի դիտարկման՝ հարցազրույցում լա՞վ, թե՞ վատ լուր է հայտնելու, նախագահը պատասխանեց. «Ամեն ինչ լավ է ընթանում»: Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի՝ Ղարաբաղին առնչվող հատվածի կապակցությամբ Ռ. Քոչարյանն ասաց. «Տվյալ հարցազրույցը մեկ բան էր նշանակում, որ առաջին եւ երկրորդ նախագահների դիրքորոշումները չեն փոխվել: Ամենքը մնում են այն դիրքորոշումներին, որոնց եղել են: Դա բնական եմ համարում: Նաեւ այն առումով, որ եթե ինքն ընդունի, որ կան այլ կարգի լուծումներ, ուրեմն` 1998-ի հրաժարականն իզուր էր: Կարելի էր ուղղակի համաձայնել եւ առաջ շարժվել: Զուտ այսպես, որպես հոգեբանական գործոն, այդ հանգամանքը չի կարող ազդեցություն չունենալ մոտեցումների վրա»: Հարցազրույցի այլ հարցադրումներին Ռ. Քոչարյանը չցանկացավ արձագանքել. «Ես կարծում եմ, որ ՀՀ առաջին նախագահը իրավունք ունի եւ ցանկալի է, որ պարբերաբար հանդես գա, իր կարծիքը հայտնի, եւ ընդմիջումներն այնքան մեծ չպետք է լինեն, որ դուք ատրակցիոնի պես սա ընկալեք: Իսկ Ադրբեջանի մամուլը այդ հարցազրույցից աշխուժացավ»: Հարցին՝ արդյո՞ք հարցազրույցը մեծ քաղաքականություն վերադառնալու հայտ է, նախագահն ասաց. «Չեմ ուզում մեկնաբանել: Այդ հարցը դուք կարող եք տալ իրեն: Այդ հարցազրույցի վերաբերյալ ինչ որ կարող էր ասել գործող նախագահը, ես արդեն ասացի՝ նաեւ էթիկական նորմերի շրջանակներում»: Ի դեպ, ՀՀ նախագահը կարծես թե խուսափում էր պատասխանել հատկապես «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին: Համառության արդյունքում, ի վերջո, թեմայի (մայրաքաղաքին վերաբերող) շրջանակներում ռադիոկայանի թղթակիցը հետաքրքրվեց, թե ինչպես է Ռ. Քոչարյանը վերաբերվում մամուլի այն հրապարակումներին, որոնք փաստում են «Միջազգային բիզնես-կենտրոնի» արտոնյալ վիճակը: Նախագահը ծանոթ չէր տվյալ հրապարակումներին: «Իսկ դուք կամ ձեր ազգականները որեւէ առնչություն ունե՞ք այդ ընկերության հետ»,- հարցրեց թղթակիցը: «Եթե դուք ձեր ջանքերի շնորհիվ որեւէ առնչություն գտնեք, ես պարտավորվում եմ բոլորի առջեւ, որ այդ ամբողջ առնչությունը կնվիրաբերեմ ձեզ՝ անձամբ, եւ «Ազատություն» ռադիոկայանին: Բայց եթե չգտնեք կարծում եմ՝ ճիշտ կլինի ներողություն խնդրեք»,- պատասխանեց նախագահը: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել