Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին

Դեկտեմբեր 03,2004 00:00

Առաջին «պաշտոնական» համերգը Արցախի կամերային նվագախումբը որոշել է հաղթել արվեստով «Ժամանակին զենքով հետ բերեցինք մեր հողերը, արցախցին այսօր մշակույթով պետք է ապացուցի, որ բարբարոս ու տեռորիստ չէ»,- ասում է Արցախի նորաստեղծ պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Գեւորգ Մուրադյանը: Ստեփանակերտում Արցախի պետական կամերային նվագախմբի առաջին պաշտոնական ելույթը նշանակված է դեկտեմբերի 10-ին: Համերգում ներգրավված է եւս մի երիտասարդ կոլեկտիվ՝ պետական երգչախումբը: Ինչպես տեղեկացրեց Գ. Մուրադյանը, այս տարի սեպտեմբերի սկզբին երեւանցի 12 երաժիշտներ իր հետ մեկնել են Ստեփանակերտ: Նվագախումբը համալրվել է տեղի երաժշտական ուսումնարանի շրջանավարտներով. «Աշխատելով մեր բարձրակարգ երաժիշտների կողքին (ի դեպ, նրանք Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտներ են եւ տարիներ շարունակ տարբեր նվագախմբերում աշխատած արտիստներ- Ս. Դ.) ու շփվելով նրանց հետ, համոզված եմ, որ տեղի երաժիշտները կարճ ժամանակում ձեռք կբերեն նվագախմբի արտիստին հատուկ պատրաստվածություն»: Դիրիժորը տեղեկացրեց, որ նվագախումբը սեպտեմբերի 10-ից սկսել է իր փորձերը. «Մոտ մեկամսյա փորձերից հետո ոչ պաշտոնական առաջին բեմելը կայացավ Ստեփանակերտում, հոկտեմբերի 8-ին՝ Հայ բարեգործական ընդհանուր միության հոբելյանի առիթով, որտեղ ներկա էին Արցախի նախագահը, պաշտոնյաներ: Մեզ ուրախացրեց, որ արցախցին ոգեւորությամբ ընդունեց մեր ելույթը: Սա փաստում է, որ այսօր Արցախում դասական երաժշտության ունկնդիր կա: Ավելին, համերգից հետո մարդիկ մոտենում էին մեր երաժիշտներին, խնդրում, որ լսեն իրենց երեխաներին, հնարավորության դեպքում՝ պարապեն նրանց հետ»: Դիրիժորն ասաց, որ Շուշիի երաժշտական դպրոցում արդեն աշխատում են երկու ջութակահար եւ մեկ ալտահար: Ստեփանակերտի ուսումնարանում հաջորդ ուսումնական տարում կբացվեն ալտի եւ թավջութակի դասարաններ: «Առավոտի» հարցին՝ իսկ ինչպե՞ս են լուծված Երեւանից մեկնած երաժիշտների կենցաղային եւ ֆինանսական հարցերը, Գ. Մուրադյանը պատասխանեց. «Երաժիշտներին տրամադրվել են բնակարաններ: Բացի Արցախի կառավարության նախատեսած աշխատավարձից, օգնում է նաեւ Հայ բարեգործական ընդհանուր միությունը»: Մեր հանդիպման ավարտին Գ. Մուրադյանը նշեց, որ Արցախ աշխարհը քաղաքակիրթ երկիր է, հարուստ ոչ միայն բնությամբ, այլեւ հոգեւոր արժեքներով. «Այս ամենը գիտակցելով, մենք մեծ պարտավորվածություն ենք զգում»: Երեւանցի ունկնդիրը նվագախմբի հետ կծանոթանա 2005-ի գարնանը: Նախատեսված են նաեւ ելույթներ հանրապետության մարզերում: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել