Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ՝

Դեկտեմբեր 10,2004 00:00

ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԸ՝ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրեն Վասիլիս Ֆետսիսը ՀՀ կառավարության հետ բանակցություններից հետո եւ հուլիսին այս պաշտոնում նշանակվելուց ի վեր առաջին անգամ ներկայացավ հանրությանը: Երեկ նա մամուլի ասուլիս էր հրավիրել, որից, ինչպես նաեւ նրա այս մի քանի ամսվա պաշտոնավարումից պարզ դարձավ, որ Հունաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքում «ԱրմենՏելի» մենեջմենթում փոփոխություններ էին կանխատեսում: «Առավոտը» դրա մասին առիթ էր ունեցել գրելու: Ընկերության կառավարման վերաբերյալ պարոն Ֆետսիսի պատկերացումները միանգամայն տարբերվում են իր նախորդներից: Դրա ամենատարրական դրսեւորումն այն էր, որ նա բջջային հեռախոսի բաժանորդ դառնալու համար գոյացած մեծ հերթերի համար հայցեց հասարակության ներողամտությունը: Նա խոստացավ, որ հաջորդ տարվա ընթացքում ընկերությունը կբավարարի ողջ պահանջարկը: Իսկ «իզի» քարտերի հերթական խմբաքանակը կթողարկվի 2005 թվականի առաջին եռամսյակում: «ԱրմենՏելն» այժմ գիտակցում է, որ «շատ մարդիկ ցանկանում են բիզնես վարել եւ շահույթ ստանալ հիմնվելով այս ցանցի (հեռահաղորդակցության- Ա. Ու.) վրա»: Նոր գլխավոր գործադիր տնօրենն իր ընկերության գերխնդիրը համարում է «հեռահաղորդակցության ենթակառուցվածքի զարգացումը» եւ ըստ նրա «պետք է գտնվի մի հավասարակշռված լուծում», ինչը եւ գտնվել է բանակցությունների միջոցով: Բանակցությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարը համոզմունք էր հայտնել, որ ստացանք ավելին, քան ամենալավատեսական սցենարով հնարավոր էր ստանալ արբիտրաժում: Հետեւաբար, կարելի է ենթադրել՝ «ԱրմենՏելը» զիջել է ավելին, քան պարտադրված կլիներ արբիտրաժից հետո: «Առավոտի» այս դիտարկմանը պարոն Ֆետսիսը չհամաձայնեց, նշելով, որ «Հայաստանի հասարակության եւ բնակչության շահերը պաշտպանող կառավարությունը եւ «ԱրմենՏելը» տարբեր կողմերում չեն: Երկուսի միջեւ գոյություն ունի ընդհանուր շահ: Ի՞նչ կարող էր անել կառավարությունը «ԱրմենՏելի» դեմ, եւ եթե մենք միշտ տարաձայնեինք, ո՞վ էր լինելու զոհը: Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը»: Բանակցությունների արդյունքները գնահատելով՝ Վ. Ֆետսիսը որպես դրական համարեց եւ IP մենաշնորհի վերահաստատումը, եւ բջջային կապի մենաշնորհից զրկվելը: Գլխավոր գործադիր տնօրենի տրամաբանությունը հետեւյալն է. «արդեն ժամանակն է, որ ընկերության աշխատակիցներն ավելի լավ, ավելի շահագրգռված աշխատեն»: Բացի այդ, ըստ Վ. Ֆետսիսի, սա լավ նախապատրաստություն կլինի աշխատակիցների համար՝ հետագայում ֆիքսված հեռախոսակապի մենաշնորհից եւս զրկվելու համար: Վասիլիս Ֆետսիսը ուշագրավ մի հայտարարություն էլ արեց. այսինքն՝ նա ասաց այն, ինչի վերաբերյալ ժամանակ առ ժամանակ վեճեր էին լինում. «Ինչ-որ մեկը պետք է վճարի, որպեսզի «ԱրմենՏելը» կարողանա գումարներ ունենալ ներդրումների համար: Բաժնետերերը՝ Հայաստանի կառավարությունը եւ հիմնական բաժնետերը պատրաստ չեն գումարներ տրամադրել, որպեսզի հեռահաղորդակցության ոլորտը զարգանա Հայաստանում: Դա պետք է տեղի ունենա ինչ-որ սակագնային սխեմայի միջոցով»: Պարոն Ֆետսիսը գտնում է, որ այդ սխեման հասանելի եւ մատչելի լինի հիմնական բնակչության համար, «բայց գործարար եւ ֆինանսապես ապահովված մասը պետք է վճարի ծառայությունների դիմաց եւ այդպես պետք է ծածկի «ԱրմենՏելի» ինքնարժեքը եւ կոնկրետ ինչ-որ ողջամիտ գումար ապահովի ներդրումների համար: Դա նախկինում տեղի չի ունեցել»: Գլխավոր գործադիր տնօրենը չանդրադարձավ այն նուրբ հանգամանքին, թե ինչու OTE-ն իր սեփական միջոցները չի ներդնում, այլ ներդրումների հարցը լուծում է իր բաժանորդներից հավաքած գումարների հաշվին: Նա չպատասխանեց նաեւ այն հարցին, թե արդյոք «ԱրմենՏելի» հիմնական բաժնետեր OTE-ն առաջվա նման մտադի՞ր է վաճառել իր բաժնեմասը, ինչպես հայտարարում է ժամանակ առ ժամանակ: Հիշեցնենք, վերախմբագրված լիցենզիայով եթե ՀՀ կառավարությունը նպատակահարմար չգտնի որեւէ ընկերության մուտքը Հայաստանի հեռահաղորդակցության շուկա, կարող է թույլ չտալ բաժնետոմսերի վաճառքը: Չմեկնաբանեց «ԱրմենՏելից» կաշառք ուզելու Արշակ Սադոյանի հայտարարությունները եւս: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել