Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գործին

Դեկտեմբեր 10,2004 00:00

Գործին վերաբերվում եմ բծախնդրորեն Վազգեն Ղազարյանը վոկալ արվեստ է եկել հարվածային գործիքներից Շարունակվում է Ռոսինիին նվիրված փառատոնը՝ կազմակերպված Իտալիայի դեսպանատան եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կողմից: Գլխավոր միջոցառումը, անշուշտ, Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայում բեմադրված իտալացի մեծ կոմպոզիտորի «Սեւիլյան սափրիչ» օպերան է (բեմադրող ռեժիսոր՝ Հովհաննես Հովհաննիսյան): Դեկտեմբերի 10-ին եւ 16-ին կշարունակվի հիշյալ օպերայի պրեմիերան, որի առաջին բեմադրությունը կայացավ դեկտեմբերի սկզբին: Ներկայացման մեջ ընդգրկված են կոնսերվատորիայի նախկին շրջանավարտներ եւ ուսանողներ: «Առավոտին» հետաքրքրեց գլխավոր դերերգերից Բազիլիոյի դերում հանդես եկող՝ կոնսերվատորիայի փողային եւ հարվածային գործիքների ամբիոնի դասախոս Վազգեն Ղազարյանը: Կոնսերվատորիայի երիտասարդ դասախոսը ավարտել է հարվածային գործիքների գծով ասպիրանտուրան, ներկայումս ուսանում է վոկալ բաժնի ավարտական կուրսում՝ պրոֆեսոր Վալերի Հարությունյանի դասարանում: Մեր դիտարկմանը՝ սովորաբար դաշնակահարներն ու ջութակահարներն են որոշում վոկալիստ դառնալ, երգիչը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Տարիներ շարունակ երգիչների մասին խոսելիս օգտագործում էին «Ցցտօպ ՉՏՍՈսՌրՑօ» արտահայտությունը: Գտնում եմ, որ մեր օրերում վոկալիստներին ոչ թե ցանկալի է, ինչպես նախկինում, այլ պարտադիր է պրոֆեսիոնալ մակարդակով տիրապետել այս կամ այն երաժշտական գործիքին: Դա վոկալիստի ամենամեծ օգնականն է: Իսկ իմ առաջին մասնագիտության շնորհիվ ունեմ նվագախմբում աշխատելու, դիրիժորին հայացքով կարդալու փորձ: Նաեւ դա շատ է օգնում ինձ օպերային բեմում»: Երգչից տեղեկացանք, որ նա Ազգային օպերային թատրոնում պատրաստել է Ռախմանինովի «Ալեկո» օպերայում ծեր գնչուի դերերգը: Ըստ մեր տեղեկությունների, երիտասարդ երգիչն արդեն հասցրել է հրաժարվել օպերային թատրոնի կողմից առաջարկված Ռենեի դերերգից՝ Չայկովսկու «Իոլանտայում»: Այս առիթով Վ. Ղազարյանն ասաց. «Այո, հրաժարվել եմ Ռենեից՝ ընտրելով Բերտրանի դերերգը: Այն ինձ համար դեռ վաղ էր: Գտնում եմ, որ առաջին քայլեր անող երգիչը պետք է բծախնդրորեն վերաբերվի յուրաքանչյուր առաջարկի: Այ այստեղ ինձ օգնեց երաժիշտ լինելս»: Սակայն երգիչը առիթը բաց չի թողնում համագործակցելու Հայաստանում ռուսաստանյան «Ռոսիա», «Հարմոնիա», «Ռոսզառուբեժ» կազմակերպությունների հետ: «Եթե պրոֆեսիոնալ երգիչ ես եւ, ամենակարեւորը՝ վստահ քեզ վրա, պետք է ծրագրում ունենաս ե՛ւ ռոմանսներ, ե՛ւ երգեր, մի խոսքով այն, ինչ կոչվում է երգարվեստ: Սիրով համագործակցում եմ նաեւ Երվանդ Երզնկյանի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի հետ: Գավառում դեկտեմբերի 14-ին հանդես կգամ զինվորական երգերի կատարումներով: Բայց, կրկնում եմ, յուրաքանչյուր, նույնիսկ մի քանի րոպե տեւող երգին պետք է մոտենաս բծախնդրորեն»,- ասաց մեր զրուցակիցը: Մեր «Հնարավո՞ր է դառնաք հայաստանյան Բասկով» հումորով հարցը Վ. Ղազարյանն ընդունեց լուրջ, վրդովված պատասխանելով. «Նմանվել կամ կրկնել որեւէ մեկի արդեն անցած ճանապարհը՝ չեմ պատրաստվում: Համոզված եմ, չեմ դավաճանի օպերային երգչի իմ կարգավիճակին եւ շոուներին մասնակցելով չեմ թնդացնի անունս: Ես օպերային երգիչ եմ, այո, կրկնում եմ, պատրաստ եմ կատարել վոկալ այլ ստեղծագործություններ, միայն թե դրանք լինեն ինձ հոգեհարազատ»: Վերջում երգիչը տեղեկացրեց, որ պատրաստվում է 2005-ի գարնանը կայանալիք իր առաջին մենահամերգին: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել