Լրահոս
Օրվա լրահոսը

Օսկանյանը

Դեկտեմբեր 23,2004 00:00

Օսկանյանը կողմ էր 97-ի փուլային տարբերակին Եթե ժողովրդի պահանջ լիներ Երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Մեջբերենք նրա առավել ուշագրավ մտքերը. Արեւմտամետության մասին. «Այսօր մոդայիկ է դարձել արեւմտյան արժեքներ կրող լինելու հանգամանքը, որովհետեւ նայելով, թե Վրաստանում ինչպես հաջողվեց եւ Ուկրաինայում ինչպես է լինում, եկել են այն եզրակացության, որ արեւմտյան արժեքների կրող եթե լինեն, առավել մեծ հնարավորություն կունենան Հայաստանում նման բան իրականացնել: Ես ուզում եմ հուսախաբ անել բոլոր այդ մարդկանց եւ ասել, որ այսօր արեւմտյան արժեքներ կրողները հենց մենք ենք, այս իշխանություններն են, դրանցից մեկն էլ ես եմ: Եվ այդպես էլ շարունակելու ենք»: Ներքին եւ արտաքին քաղաքականության կապի մասին. «Երկրի ներսում համերաշխություն չլինելը արդեն ուղղակի կապով կարող է իր բացասական ազդեցությունն ունենալ, այն իմաստով, որ իշխանության դիրքերը բանակցություններում թույլ կլինեն, հակառակորդը կարող է շահարկել այդ բոլորը եւ լրացուցիչ պայմաններ առաջադրել: Այնպես որ, իհարկե, մեր համերաշխությունը ներսում, քաղաքական ուժերի աջակցությունը պրոցեսին, բոլորն իրենց ազդեցությունն ունեն: Ինչքան ուժեղ են իշխանությունների դիրքերը, այնքան ուժեղ են մեր դիրքերը բանակցություններում»: Ղարաբաղյան կարգավորման մասին. «Մենք պետք է գնանք հարցի ամբողջական լուծման ճանապարհով, բայց մեզ մանեւրելու որոշ հնարավորություն պետք է թողնենք: Այն, ինչ մեզ հաջողվել էր անել Ադրբեջանի նախորդ իշխանությունների հետ, կարծես թե նույնը նոր իշխանությունների հետ գտնելը դժվար է լինելու: Դա մենք գիտակցում ենք»: «Այսօր Հայաստանը երկընտրանքի առաջ է կանգնած՝ պնդել Ղարաբաղի մասնակցության վրա եւ չգնալ բանակցությունների՞, թե՞ գնալ բանակցությունների՝ առանց Ղարաբաղի, հանուն այն բանի, որ բանակցությունները չընդհատվեն: Եվ նախագահը որոշել է երկրորդը, հարցին մոտենալով հետեւյալ կերպ՝ այստեղ կարեւոր չէ, թե հայերի կողմից ով է բանակցում, կարեւորն այն է, թե ինչ ենք բանակցում»: 97-ի փուլային տարբերակի մասին. «Այս հարցում ես կոմպլեքսներ չունեմ: Դրա համար էլ ես ասում եմ՝ այո, այդ օրերին (97-ին.- Մ. Ե.) փուլային տարբերակն էր սեղանի վրա, ես ներգրավված էի այդ պրոցեսում եւ գտնում էի, որ դա լուծման տարբերակ է, եթե քաղաքական ուժերը պաշտպանում են դա, եթե կա ժողովրդական պահանջ: Պարզվեց, որ չկա»: «Այսօր ես տեսնում եմ լուրջ հնարավորություն, որ մենք կարողանանք ֆիքսել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ հասնել դրա միջազգային ճանաչմանը: Դրա հնարավորությունն այսօր երեւում է պրագյան պրոցեսում: Դրա համար էլ, գտնում եմ, մի քիչ վաղ է զղջալ, որ կորցրել ենք ժամանակը, դեռ մենք հնարավորություն ունենք ավելին ձեռք գցելու, քան երբեւիցե առաջարկվել է կամ՝ ունեցել ենք: Այն, ինչ մենք այսօր քննարկում ենք, ավելին է՝ քան 97-ին էր»: Ֆորպոստի մասին. «Խորհուրդ կտայի չսեւեռվել այս հարցի վրա: Մի հայտարարություն էր, արվեց: Ես կարծում եմ, որ այդ բառը ճիշտ չի արտահայտում մեր հարաբերությունների բնույթը: Ես համոզված եմ՝ պարոն Գրիզլովը նկատի ուներ իսկապես մեր լավ հարաբերությունները: Ինքը ճիշտ բառը չի օգտագործել»: «Ես պնդում եմ, որ Կովկասի մեջ ամենաանկախ քաղաքականությունը վարողը Հայաստանն է, որովհետեւ կոմպլեմենտարության վրա է հիմնված, եւ դա առավել մանեւրելու հնարավորություն է տալիս»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել