Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԳՏՆՎԵՑԻՆ «ՀՈՒԶԱԿԱՆ» ՈՒԺԵՐ

Դեկտեմբեր 24,2004 00:00

Դաշնակցությունն
ու «Արդարությունը» դեմ են քվեարկելու Իրաք՝ հայկական զորախումբ ուղարկելուն Այսօր
ԱԺ արտահերթ նիստում կառավարության 2005-ի բյուջեից, ԱԺ՝ կանոնակարգի փոփոխություններից
բացի՝ կքննարկվի նաեւ Իրաք հայկական զինվորական ստորաբաժանում ուղարկելու հարցը:
Խորհրդարան կգա նաեւ ընդդիմությունը, որի մի մասը իր վճռական «ոչն» է ասելու Իրաք՝
զորախումբ ուղարկելուն: Քաղաքական ուժերը երեկ քննարկում էին այս հարցը խումբ- խմբակցություններում:
Օրվա երկրորդ կեսին հարցը քննարկեց նաեւ գլխադասային հանձնաժողովներից մեկը՝ Արտաքին
հարցերի հանձնաժողովը: Եզրակացությունը միանշանակ էր՝ զորամիավորումը հարկավոր է
ուղարկել: Թերեւս բավականին երկիմաստ վիճակում է գտնվել հանձնաժողովի նախագահ Արմեն
Ռուստամյանը: Բանն այն է, որ ՀՅԴ հայաստանյան կառույցի ԳՄ-ն որոշում ունի դեմ քվեարկել
վերոհիշյալ որոշմանը: Իսկ պարոն Ռուստամյանը ոչ միայն համապատասխան հանձնաժողովի
նախագահն է, այլեւ՝ Դաշնակցության այդ կառույցի ղեկավարը: ՀՅԴ խմբակցության
քարտուղար Հրայր Կարապետյանը երեկ մեզ այս մասին ասելով՝ չթաքցրեց նաեւ, որ կոալիցիոն
գործընկերները «ըմբռնումով» են վերաբերվել Դաշնակցության այս որոշմանը: Սակայն ավելի
ուշ, զրուցելով հանրապետականների եւ օեկականների հետ, պարզեցինք, որ գործընկերները
դեռեւս չգիտեին դաշնակցականների այս որոշման մասին: Դեռեւս դեկտեմբերի 8-ին,
երբ ՍԴ-ն հենց նոր էր դրական որոշում կայացրել համապատասխան պայմանագրի մասին, պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանը ասաց. «Մեր խորհրդարանի ճնշող մեծամասնությունը պետության
շահերը հետապնդող մարդիկ են, եւ վստահ եմ՝ որեւէ հուզական որոշում չեն կայացնի»:
Երեկ հայտնի դարձավ, որ «հուզական» որոշում կայացնողներ, այնուամենայնիվ, կան՝ Դաշնակցությունը
եւ «Արդարություն» դաշինքը։ ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանի
ներկայացմամբ. «Խնդիրը բավականին նուրբ է եւ հնարավոր չէ ասել, թե ո՞րն է միանշանակ
ճիշտը, որովհետեւ երկու խնդիր է այստեղ բախվում: Կա խնդիր, որը կապված է մեր պետական
շահի հետ, գերտերության շահերի, իրաքյան կոալիցիային մասնակցության, նաեւ՝ հետագա
ֆինանսական աջակցության ծրագրերի շարունակության խնդիրներ կան: Կան նաեւ իսկապես
համազգային խնդիրներ, որոնք կապված են մեր համայնքների անվտանգության եւ այլնի հետ:
Դաշնակցությունը բավականին յուրահատուկ իրավիճակում է հայտնվել, որովհետեւ հայաստանյան
կուսակցություններից միայն Դաշնակցությունն է, որ ունի համահայկական կառույցներ,
եւ մենք, ուզենք թե չուզենք, նրանց շահերը պետք է հաշվի առնենք: Մենք նրանց չենք
կարող հարվածի տակ դնել որպես կուսակցություն եւ ոչ թե որպես պետություն կամ կոալիցիայի
մաս: Հետեւաբար, որպես կուսակցություն էլ մենք յուրահատուկ դիրքորոշում ունենք այս
խնդրում»: «Հատուկ» դիրքորոշումն այս դեպքում «դեմ» լինելն է, սակայն, մյուս կողմից,
Դաշնակցությունը «լիովին հասկանում է այն քաղաքական ուժերին, որոնք պետք է «կողմ»
քվեարկեն: Մենք մեր գործընկերներին բացատրել ենք, եւ լավ է, որ նրանք, ինչպես ասում
են՝ ըմբռնումով են մոտեցել խնդրին»: Հանրապետականները երեկ դեռեւս պաշտոնական
որոշում չէին կայացրել՝ սպասելով Արտաքին հարցերի եւ պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հարցերի
հանձնաժողովների որոշմանը: Սակայն ակնհայտ է, որ վարչապետի կուսակցությունը պարզապես
չի կարող դեմ լինել մի հարցի, որի մասին բազմիցս է դրական կարծիք հայտնել նաեւ վարչապետը:
Համենայնդեպս, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը անձամբ իր կարծիքը հայտնելով՝
ասաց. «Մենք պիտի որոշենք՝ Հայաստանը մասնակցելո՞ւ է միջազգային գործառույթներին,
թե՞ ոչ: Խնդիրը ոչ թե Իրաք գնալ կամ չգնալն է, այլ այն, թե ո՞րն է ձեռնտու Հայաստանին:
Ես կարծում եմ ձեռնտու է, որ մենք միշտ ներկայացված լինենք ցանկացած գործառույթում»:
«Ժողպատգամավոր» խումբը, ըստ ամենայնի, հարցին ազատ կքվեարկի, «Ազգային միաբանությունը»
կողմ կքվեարկի հարցին: Այս մասին դեռեւս օրեր առաջ էր ԱՄ-ի ուժի կողմից հայտարարություն
արվել: «Արդարություն» դաշինքի երեկվա նիստում որոշվեց այսօր խորհրդարանում
մասնակցել Իրաք՝ ռազմական զորախումբ ուղարկելու մասին հարցի քննարկմանը եւ «դեմ»
քվեարկել: Հետաքրքիր է, որ դաշինքի նիստին երեկ չէին մասնակցում «Հանրապետություն»
կուսակցության անդամ պատգամավորները: ՄԱԿ խմբակցության քարտուղար Գրիգոր Ղոնջեյանը
երեկ մեզ փոխանցեց հետեւյալը. «ՄԱԿ խմբակցությունը վաղուց է հայտնել իր դիրքորոշումն
այս հարցում: ՄԱԿ խմբակցությունը չի գերագնահատում այս որոշման հետեւանքով առաջացող
առավելությունները եւ փորձում է չթերագնահատել որոշակի ռիսկերը, որոնք կարող են առաջանալ
այս որոշման արդյունքում: Բոլոր դեպքերում, գնահատելով սա որպես դժվար որոշում, թեր
եւ դեմ բոլոր կողմերը՝ ՄԱԿ խմբակցությունը որոշում է կայացրել կողմ քվեարկել հուշագրի
վավերացմանը եւ դրանով իսկ ստանձնել գիտակցված պատասխանատվություն՝ կապված այս որոշումից
բխող բոլոր հետեւանքների հետ: Մենք գտնում ենք, որ որոշումը պետք է կայացվի, պատասխանատվությունից
փախչել պետք չէ: Այս որոշումը շատ լավի եւ լավի մեջ չէ, այլ՝ պետք է հնարավորինս
ճիշտ որոշում կայացնել: Կոմպլեքս գնահատական տալով՝ մենք գտնում ենք, որ պետք է դրական
արձագանքել հանրապետության նախագահի առաջարկին»: Իսկ Դաշնակցության «դեմ» քվեարկելու
մասին որոշմանը ՄԱԿ-ը, իրոք, ըմբռնումով է վերաբերվում: Գրիգոր Ղոնջեյանը ասաց նաեւ,
որ ՄԱԿ-ը որեւէ դժվար որոշում չի կարող շրջանցել եւ նաեւ այդ պատճառով է կողմ այս
որոշմանը: Այսօր խորհրդարանում քննարկումները բուռն կլինեն, սակայն որեւէ
արտառոց իրավիճակ չի լինի, քանի որ խորհրդարանական ուժերի ճնշող մեծամասնությունը,
ակնհայտորեն, կողմ է քվեարկելու ե՛ւ 2005-ի բյուջեին, ե՛ւ Իրաք՝ զորախումբ ուղարկելու
հարցին, նաեւ՝ Կանոնակարգի փոփոխություններին: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել