Լրահոս
Օրվա լրահոսը

Գրողների տարին բարեբեր էր

Դեկտեմբեր 25,2004 00:00

Հայաստանի
գրողների միության նախագահ Լեւոն Անանյանն էլ է Ձմեռ պապից նվեր խնդրում. «Կուզենայի,
որ գրողներին բերի հոգու խաղաղություն, որպեսզի նրանք հանգիստ խղճով նստեն
սպիտակ թղթի առաջ եւ ստեղծագործեն»: Պրն Անանյանի կարծիքով՝ 2004-ին գրական
կյանքը հագեցած է եղել: Ժամանակակից գրողների 80-ից ավելի գրքեր են լույս տեսել,
ամեն շաբաթ Գրողների տան երկու դահլիճներում միջոցառումներ են կազմակերպվել: Ըստ
նրա, հայ գրողները հասարակական գործունեության առումով էլ պասիվ չեն գտնվել. «Թուրքական
մամուլը մեզ մշտապես քննադատում է, վերջերս նույնիսկ ինձ Գրողների միության ֆաշիստ
եւ նացիոնալիստ նախագահ էին անվանել: Պատճառը մեր կողմից կազմակերպված բողոքի երթն
էր Հունգարիայում հայ սպայի սպանության առիթով»: Այս տարի էլ Ծաղկաձորում
երիտասարդ ստեղծագործողները հավաքվեցին, կայացավ Հայ գրողների երկրորդ համաժողովը,
նշվեց Թարգմանչաց տոնը եւ բազմաթիվ գրական հոբելյաններ, չանտեսվեցին նաեւ ժամանակակից
հայ գրողները: Ըստ Լեւոն Անանյանի, գրականության վարկի բարձրանալու միտում է նկատվում:
Աշխուժացել է նաեւ գրական մամուլը՝ լույս են տեսնում «Նորք» հանդեսը, «Նոր դարը»,
«Արտասահմանյան գրականությունը», «Լիտերատուրնայա Արմենիան», «Սատիրիկոն» երգիծաթերթը:
Շուտով կավելանա եւս մեկը՝ «Ցոլքեր» պատանեկան հանդեսը: ՀԳՄ նախագահը տեղեկացրեց,
որ որոշակիորեն բարելավվել է նաեւ գրողների սոցիալական վիճակը: Եթե 2004-ին 70 տարեկան
գրողների կենսաթոշակին 5000 դրամ էր հավելվում, 2005-ի հունվարից նույն արտոնությունից
կօգտվեն նաեւ 65 տարեկան գրողները, այդ թվում՝ Արցախի գրչի մշակները: Մինչեւ հիմա
գործող ՀԳՄ 4 բաժանմունքներին՝ Արցախի, Գյումրու, Վանաձորի, Տավուշի, կավելանա եւս
2-ը՝ Սյունիքինն եւ Գեղարքունիքինը: Գրողները կարեւոր նվաճում են համարում իրենց
պոլիկլինիկայի վերադարձը, այն այժմ վերանորոգվում է եւ շուտով 380 գրողներ անվճար
բուժսպասարկումից օգտվելու հնարավորություն կունենան: «Փաստորեն երկու վարչակարգերի
օրոք սա կողոպուտի միակ դեպքն է, որը վերադարձվում է, երեւի պատմության դասագրքերի
մեջ պիտի մտնի այս փաստը»,- կարծում է Լեւոն Անանյանը: 2005-ին օտարագիր հայ
գրողներին Հայաստան հրավիրելու լայնածավալ ծրագիր էլ է իրականացվելու: Արդեն շուրջ
20 գրող ընդունել է հրավերը: Մայիս-հունիս ամիսներին էլ կանցկացվի ՀԳՄ հերթական համագումարը:
Միության նախագահից «Առավոտը» հետաքրքրվեց՝ գրողական ընդդիմությունը խաղաղվե՞լ է,
դադարե՞լ են «ժուռնալիստ Անանյանի ոչ լեգիտիմ նախագահ լինելու» մասին կոչերը: «Դա
այնքան էլ ընդդիմություն չեմ համարում: Կարեւորն այն է, որ գրողների մեծամասնությունը
միաբան է, որովհետեւ գիտակցում է, որ այդպես կարելի է ամեն ինչ հաղթահարել: Ինչ վերաբերում
է հուզումներին, դա էլ բնական է, գրողներն էլ հասարակության մի շերտն են, ինչքան
էլ մեզ մոտ մթնոլորտը մաքուր լինի, միեւնույն է, հուզումներ պիտի լինեն նաեւ գրողական
միջավայրում»,- ասաց պրն Անանյանը: Անդրադարձ եղավ նաեւ «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան
Կարապետյանի կողմից ՀԳՄ նախագահի հասցեին արված որակումներին: Կարապետիչը վերջերս
շնորհավորելով հերթական «աստղին»՝ ասել էր. «Լեւոն Անանյանների նմանները, որ գրքեր
են գրում, որոնք ոչ ոք չի կարդում, չեն կարող գնահատել նման շնորհալի երեխաներին»:
«Վերջերս ԳԱԱ նիստերի դահլիճում մշակութային հարցերի քննարկման ժամանակ ես ընդամենն
ասել եմ, որ տարեցտարի ասպարեզը լքում են մշակույթի ոլորտի առաջին մեծության աստղերը,
իսկ պետությունը չի սատարում, որպեսզի նոր աստղեր ծնվեն: Ասել եմ, որ մեր դասական
աստղերին այսօր փոխարինում են Տիգրան Կարապետիչի աստղերը: Արձագանքը եղել է Կարապետիչի
հաղորդման պատշաճ մակարդակով, մինչդեռ ես վիրավորական ոչինչ չեմ ասել: Ընդհակառակը,
այն, ինչ չի անում պետությունը, անում է Կարապետիչը, սակայն նա չի կարող կազմակերպական,
գեղարվեստական ճաշակի հարցերը ապահովել: Իսկ դա նշանակում է, որ չպետք է թույլ տալ՝
անհատը բան ու գործ թողած այլ գործով զբաղվի»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել