Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՃԱՐԵՑԻ՞Ր «ՏԱՆԻՔԻԴ»՝ ՔՆԻՐ ՀԱՆԳԻՍՏ

Հունվար 10,2005 00:00

Անցած տարվա վերջում եւ այս տարվա սկզբին նախագահ Քոչարյանը հավաքել է խոշոր գործարարներին, ինչպես նաեւ մաքսային եւ հարկային ոլորտի ղեկավարներին եւ զգուշացրել է, որ այսուհետ ամեն ինչ լինելու է շատ խիստ եւ օրինական: Այսինքն՝ եթե մինչ այս օլիգարխներին հաջողվում էր հարկեր եւ մաքսատուրքեր չվճարել եւ հենց դրա շնորհիվ էլ օլիգարխ մնալ, ապա այսօրվանից՝ վերջ. վճարելու եք օրենքով նախատեսվածը եւ դառնալու եք միջին խավ: Հակառակ դեպքում նախագահը խնդրեց խոշոր գործարարներին իրենից չնեղանալ:

Հակված եմ մտածել, որ եթե (ֆանտաստիկ տարբերակի դեպքում) օլիգարխներին ստիպեն հարգել օրենքը, ապա վերջիններս իրավունք կունենան իշխանություններից նեղանալու: Քանզի Հայաստանում ոչ մի օլիգարխ առանց բարձր իշխանական «տանիքի» չէր կարող գոյատեւել եւ ոչ մի վայրկյան: Ճիշտն ասած, նա չէր էլ կարող «առաջանալ»: Իսկ տանիքը նշանակում է, որ տվյալ իշխանավորը կամ «փայի մեջ է» տվյալ գործարարի հետ, կամ էլ պարբերաբար տվյալ գործարարից «նալոգ» է ստանում՝ օրենքը խախտելու երաշխիքների դիմաց: Ինչպե՞ս չնեղանալ, եթե «նալոգ» վերցնողները կամ «փայ մտնողները» հանկարծ որոշեն ստիպել՝ հարգել օրենքները: Իրականում ամեն ինչ վերածվելու է «վարչարարությունը խստացնելու» կամպանիայի, որի արդյունքում գործարարների մուծած անօրինական «նալոգները» կդառնան ավելի մեծ եւ «բազմազան»:

Օլիգարխներն իրավունք կունենան նեղանալու նաեւ այն պատճառով, որ նրանք մշտապես քաղաքական աջակցություն են ցուցաբերում իշխանավորներին: Երբ ընդդիմությունը միտինգ է անում, նրանք իշխանությանը սատարող հայտարարություններ են անում՝ թույլ չենք տա մութ ուժերին ապակայունացնել երկրիս ներքաղաքական իրավիճակը: Երբ ընտրություններ են լինում, նրանք «մուծվում են»՝ հանուն իշխանության վերարտադրությանը ծառայող ընտրակաշառքի:

Այնպես որ, նեղանալու են, հաստատ նեղանալու են օլիգարխները: Խնդիրն այն է, սակայն, որ նրանց ոչ ոք ձեռք չի տա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել