Լրահոս
Օրվա լրահոսը

ՖՈՒՏԲՈԼԻ

Հունվար 15,2005 00:00

ՖՈՒՏԲՈԼԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ Մարկուս Մերկը լավագույնն է աշխարհում Սպորտի պատմության եւ վիճակագրության միջազգային ֆեդերացիայի անցկացրած հարցման արդյունքների ամփոփումով գերմանացի 42-ամյա մրցավար Մարկուս Մերկը ճանաչվել է ֆուտբոլի աշխարհի 2004 թվականի լավագույն գլխավոր մրցավար: Վեց տարի՝ 1998-2003 թթ., անընդմեջ այդ կոչումն իր ձեռքում պահած հանրաճանաչ իտալացի Պիեռլուիջի Կոլինան այս անգամ բավարարվել է երկրորդ տեղով: Հիշեցնենք, որ Մարկուս Մերկը սպասարկում էր Պորտուգալիայում անցկացված ֆուտբոլի Եվրոպայի վերջին առաջնության եզրափակիչ հանդիպումը դաշտի տերերի եւ Հունաստանի ազգային հավաքականների միջեւ, որում շատ-շատերի համար անսպասելի Հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը նվաճեցին հույները: Քվեարկությամբ բաշխված ձայների հաշվումից հետո պարզվել է, որ Մերկը վաստակել է 126 միավոր՝ չորսով առաջ անցնելով իր իտալացի գլխավոր մրցակցից: Վիճակագրությունն ասում է, որ Մերկը երկրորդ գերմանացին է, ում հաջողվում է հաղթել մրցավարների արտասովոր այս մրցակցությունում: Մինչ այդ նման ճանաչման արժանացել էր Արոն Շմիդհուբերը՝ 1992 թվականին: Լավագույնների այս տարվա եռյակը 59 միավորով եզրափակում է շվեդ ոչ պակաս հայտնի մրցավար Անդերս Ֆրիսկը: Այնուհետեւ գալիս են. 4. Կիմ Միլտոն Նիլսեն (Դանիա)՝ 48 միավոր 5. Ուրս Մայեր (Շվեյցարիա)՝ 25 6. Օսկար Խուլիան Ռուիս Ակոստա (Կոլումբիա): Հետաքրքիր է, որ Ռուիս Ակոստան միակ ոչ եվրոպացի մրցավարն է, որ տեղ է գտել աշխարհի 16 լավագույնների մեջ: Ալբերտ Սարգսյանը բացել է հաշիվը Երեկվա համարում տեղեկացրել էինք, որ Վլադիկավկազի «Ալանիան», որին չեն համապատասխանել հայաստանցի ֆուտբոլիստներ Ռոմիկ Խաչատրյանը, Աղվան Մկրտչյանը եւ Ալեքսանդր Թադեւոսյանը, ստուգողական երկրորդ հանդիպումը նախատեսում էր անցկացնել Թուրքիայի թիմերից մեկի հետ, որի անունը մինչեւ վերջին պահը ԶԼՄ-ներին հայտնի չէր: Երեկ հայտնի դարձավ, որ այդ խաղը կայացել է: Մրցակիցը եղել է Թուրքիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Էրզրումսպորը», որին վլադիկավկազցիները հաղթել են 3:1 հաշվով: Հատկանշական է, որ 30-րդ րոպեին հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի անդամ Ալբերտ Սարգսյանը: Պարտվեցին խոշոր հաշվով Նոր մրցաշրջանում անդրանիկ մեկնարկին՝ «Համագործակցության գավաթի» խաղարկությանը նախապատրաստվող ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» ընկերական հանդիպումում 2:5 հաշվով պարտվել է «Ռոստովի» երիտասարդական կազմին: Ընդորում, երեւանցիները խաղի ընթացքում չեն իրացրել 11 մետրանոց երկու հարված: Մովսիսյանը «Շիննիկին» պետք չէ Յարոսլավսկի «Շիննիկի» փոխնախագահ Ռոստիսլավ Դանիլենկոն լրատվամիջոցներին հայտարարել է, որ իրենք շահագրգռված չեն «Մոսկվայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Անդրեյ Մովսիսյանի ծառայություններով: «Նա «Շիննիկում» չի լինի: Նրա հետ անգամ բանակցություններ չենք վարել,-ասել է Դանիլենկոն:- Ակումբի կազմում Թուրքիա՝ փորձարկման կմեկնեն մոտ 20 ֆուտբոլիստներ, սակայն հավաքի ավարտին կմնան մեկ-երկուսը»: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել