Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎԱՆԴԱԿԱՆ

Հունվար 17,2005 00:00

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐ ԵՎ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐ Այս անգամ բողոքն ու պատասխանը Երեւանի թիվ 139 դպրոցին էին վերաբերվում Դեկտեմբերի 25-ի համարում մենք անդրադարձել էինք Երեւանի թիվ 139 դպրոցի մի խումբ ուսուցիչների մտահոգություններին՝ դպրոցում տիրող անառողջ մթնոլորտի մասին: Հոդվածի հեղինակը, հասկանալի պատճառներով, բողոքող ուսուցիչների անունները չէր նշել, սակայն զրուցել էր տնօրենի հետ՝ ստանալով որոշ պարզաբանումներ՝ դպրոցի հասցեին հնչող մեղադրանքների վերաբերյալ: Սակայն տնօրեն Երվանդ Սարգսյանը, հոդվածի հրապարակումից հետո, չբավարարվելով իր տված պատասխաններով, մի նոր պատասխան-նամակ է ուղարկել խմբագրություն: Այս անգամ հարկ ենք համարում անդրադառնալ տնօրենի նոր պարզաբանումներին: Հեղինակն իր հոդվածում գրել էր, որ ոչ շրջակա թաղամասից եկող աշակերտները դպրոց ընդունվելու համար մուծում են $150: «Հետաքրքիր է՝ ինչո՞ւ են ուսման ցածր որակ եւ կարգապահություն ունեցող դպրոց ընդունվելու համար $150 գումար տալիս, երբ Նորքի 2-րդ զանգվածում 100 մետր հեռավորությամբ ուրիշ դպրոցներ կան»: Իսկ դպրոց աշխատանքի ընդունվելու համար ուսուցիչների՝ գումար մուծելուն (ինչն, ի դեպ, նույնքան արժե) անդրադառնալով, պարոն Սարգսյանը միայն զարմանում է, թե ինչու՞ հեղինակը անուններ չի նշել: Հոդվածում հեղինակն իր կասկածն էր հայտնել առ այն, թե ինչպես է պատահում, որ միջին դասարաններում «3»-ներով սովորող աշակերտները բարձր դասարաններում սկսում են «4»-երով եւ «5»-երով սովորել: «4» եւ «5» գնահատականներ նշանակելու համար գումարներ եք նշում, գնահատականների բարձրացման մասին եք խոսում, այսօրվա սոցիալական վատ պայմաններում ապրող բնակիչները, Ձեր հաշվարկներով, 600-1000 դոլար են տալիս երեխաների բարձր գնահատականներով ավարտելու համար. եթե կարող եք, մի փոքր մտածեք, նոր անպատասխանատու հայտարարություններ արեք: Մի՞թե դատապարտելի է, որ 10-րդ դասարանում աշակերտներն ավելի լավ են սովորում, կամ էլ ուսուցիչները մի փոքր ընդառաջում են նրանց»,- ասում է տնօրենը: Երվանդ Սարգսյանը համաձայն չէ, որ դպրոցում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար պարտադրողաբար դրամահավաք է եղել. «Դպրոցում պահվում են հավաքած գումարների փաստաթղթերը, շինվերանորոգման թերությունների ակտով նախատեսված գումարի չափը, հավաքած գումարը: Կատարված աշխատանքների ծավալը դպրոցի կառավարման խորհրդի ուսումնասիրությամբ եւ հավաստմամբ, վկայում են, որ հավաքված գումարը ոչ միայն ծախսվել է նպատակային, այլեւ կատարված աշխատանքների ծավալը զգալիորեն գերազանցում է հավաքված գումարին»: Ուսուցիչներից մեկին մի առիթով վիրավորելու մասին հնչած մեղադրանքին տնօրենը պատասխանում է այսպես. «Մեծ ցանկության դեպքում կարելի է վիրավորվել ամեն ինչից, ինչու չէ, նաեւ ԿԳ նախարար Ս. Երիցյանի «նախկին ուսուցիչ» արտահայտությունից… Նայած թե ինչ ակնոցով ես նայում եւ գնահատում եղածը»: Տնօրենի մի շարք բացատրությունների շարքում տեղ է գտել նաեւ հետեւյալը. «Ինչ վերաբերում է ամեն օր ժամը 17-ից հետո դպրոցում կերուխում անելուն, ապա հիշեցնենք, որ դասերը դպրոցում ավարտվում են ժամը 14-ին. ուրեմն ի՞նչ կարիք կա սպասել մինչեւ 17-ը: Անհեթեթություններին չգիտես էլ՝ արժե՞ պատասխանել, թե՞ ոչ»: Միաժամանակ խմբագրությունը ստացել է մեկ այլ նամակ. Երվանդ Սարգսյանը կրճատման սպառնալիքի տակ ստիպել է դպրոցի 119 հոգանոց կոլեկտիվի անդամներին՝ ստորագրել խմբագրություն ուղարկած պատասխանի տակ: Ի դեպ, տնօրենը նաեւ հայտարարել է, որ ԿԳ նախարար Սերգո Երիցյանի՝ դպրոցներում կրճատումները դադարեցնելու մասին խոսքերն իրենց դպրոցին չեն վերաբերում: Հ. Բ. Երեւանի գրեթե բոլոր դպրոցներում խնդիրները նույնն են. «պարապելու» անվան տակ ուսուցիչները փող են վերցնում գնահատականի համար, իրականացվում են անօրինական դրամահավաքներ, 9-10-րդ դասարանցիները դպրոցի փոխարեն գնում են կրկնուսույցների մոտ: Խնդիրները համակարգային են եւ դժվար թե պայմանավորված լինեն միայն այս կամ այն տնօրենի կամ ուսուցչի «առանձնահատկություններով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել