Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ

Հունվար 22,2005 00:00

Ի
ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ Հայ-ռուսական (սլավոնական)
համալսարանի ռեկտոր, «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահ Արմեն Դարբինյանը
վաղը 40 տարեկան է դառնում: Քանի որ մեր ադաթներով 40-ամյակը ընդունված չէ նշել,
զերծ մնանք զուտ «հոբելյանական» գնահատականներից: Իր երիտասարդ տարիքում պրն Դարբինյանն
արդեն հասցրել է լինել նախարար եւ վարչապետ: Մենք շատ քննադատական բառեր ենք ասել
«արհեստավարժների» հասցեին, բայց այսօր, գրեթե 6 տարի անց, այդ նույն «արհեստավարժների
կառավարությանը» արդեն այլ աչքով ենք նայում: Հավանաբար, ավելի լավ է լինել անկուսակցական
մասնագետ, քան «կոալիցիայի շրջանակներում» իրար միս ուտել եւ նախագահի հետ անընդհատ
սակարկել պաշտոնների համար: Ավելի լավ է՝ նախարարի (փոխնախարարի, մարզպետի) պաշտոնին
նշանակվի գործից հասկացող մարդ, քան գործից չհասկացող մարդը 5 րոպեում դառնա կուսակցական,
որպեսզի պաշտոն զբաղեցնի: Այդ առումով Արմեն Դարբինյանի եւ նրա կառավարության գործունեության
նշանակությունը դրական է: Պրն Դարբինյանի զուտ քաղաքական գործունեության փորձը
շատ ավելի համեստ է: Ընդհանրապես դժվար է պատկերացնել, որ Հայաստանի նման երկրում
պետական եւ քաղաքական աշխատանքը հնարավոր է համատեղել: Եթե դու զբաղեցնում ես պաշտոն,
որը գոնե մի տոկոսանոց կախում ունի ՀՀ նախագահից (որպիսին է Հայ-ռուսական համալսարանի
ռեկտորը), ապա դա, անշուշտ, կաշկանդում է քո քննադատության հնարավորությունները:
Մանավանդ որ խոսակցություններ են գնում, թե պրն Դարբինյանը հավակնում է Կենտրոնական
բանկի նախագահի պաշտոնին, եւ այժմ այդ պաշտոնի համար խոշոր ապարատային մարտեր են
գնում, այսպես ասած՝ գորգի տակ: Գուցե դրանո՞վ է բացատրվում «Արժանապատիվ ապագա»
կուսակցության տեւական լռությունը: Բոլոր դեպքերում Ա. Դարբինյանի ղեկավարած
կուսակցության գաղափարական հիմքը ազատականությունն է, եւ դա արդեն իսկ դրական է՝
համընդհանուր պոպուլիզմի եւ հասարակության հիմարացման ֆոնի վրա: Գուցե մեր լիբերալների
թերություններից մեկն էլ այն է, որ նրանք մի տեսակ ամաչում են իրենց գաղափարներն
արտահայտել՝ նկատի ունենալով, որ լյումպենացված զանգվածին դա հաստատ դուր չի գա:
Ի վերջո, ցանկացած գործիչ կամ մտավորական ընտրության առջեւ է կանգնում՝ լինել «ժողովրդակա՞ն»,
թե՞ լինել ճշմարիտ: Կամ գուցե ընդհանրապես լռե՞լ: 40-ամյակի առթիվ Արմեն Դարբինյանին
ցանկանում եմ բոլոր ավանդական բաները, գումարած՝ ակտիվություն հասարակական կյանքում:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել