Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԿԱՌԱՋԱՐԿԵՄ՝ ԻՐԵՆՔ ՑՐՎԵՆ»

Հունվար 27,2005 00:00

«Արդարություն»
խմբակցությանը սպառնում է Արշակ Սադոյանը ԱԺԴ վարչությունը այդպես էլ
չքննարկեց կուսակցության նախագահ Արշակ Սադոյանի «օպորտունիստական» պահվածքի հարցը,
ինչպես հայտարարվել էր նախօրոք: Փոխարենը քննարկվեց մեր թերթի հունվարի 25-ի համարում
տպագրված փոքրիկ տեղեկատվությունը՝ կուսակցության վարչության նիստ հրավիրելու մասին:
Վարչության անդամները երեկ չէին կարողանում բացատրել, թե, ի վերջո, ի՞նչ հարցեր են
եղել նիստի օրակարգում, ասում էին միայն՝ «քննարկվել է հայտարարություն», իսկ երբ
հետաքրքրվում էինք, թե ի՞նչ հայտարարություն է դա, կարդում էին մեր իսկ տեղեկատվությունը:
Կուսակցության մյուս անդամներն առանձնապես չէին փայլում ակտիվությամբ, եւ տպավորությունն
այնպիսին էր, որ Արշակ Սադոյանը իրենից բացի որեւէ մեկին թույլ չէր տվել խոսել: Վարչության
նիստից ԱԺԴ քարտուղար Վարդան Գրիգորյանը վրդովված հեռացել է, հավանաբար տեսնելով,
որ կուսակցության նախագահը իր խոսքով կրկին հիպնոսացնում է վարչությանը: Երեկ
Վարդան Գրիգորյանը կազմել եւ տարածել էր մի հայտարարություն, որում մանրամասն նկարագրված
է իր կարծիքը Արշակ Սադոյանի մասին. «Վերջին շրջանում ԶԼՄ-ներով, քաղաքական բանավեճերի,
մամուլի ասուլիսների, հանդիպումների ընթացքում ԱԺԴ կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը
դրսեւորում է պառակտողական քաղաքականություն, որը չի արտահայտում կուսակցության որդեգրած
քաղաքականությունը ու չի կիսում կուսակցության անդամների տեսակետը: Շատ հարցերում
շահարկելով կուսակցության անունը՝ Ա. Սադոյանը վիրավորում եւ վարկաբեկում է ԱԺԴ ազնիվ
անդամների անունն ու արժանապատվությունը, որոնք ազգային զարթոնքի տարիներից հավատարմորեն
մարտնչում են երկրում ժողովրդավարության լիակատար հաղթանակի հասնելու համար, ժողովրդավարություն,
որի սկզբունքներն ու նրան հասնելու ուղիները հաստատակամորեն արտահայտված են «Արդարություն»
դաշինքի ծրագրում»: Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում առաջինը Արշակ Սադոյանը
սկսեց բուռն ոգեւորությամբ խոսել հօգուտ «Արդարություն» դաշինքի: Հիմա էլ Արշակ Սադոյանն
առաջինն է խոսում ընդդեմ դաշինքի: Եվ սա դուր չի գալիս կուսակցության վարչության
քարտուղար Վարդան Գրիգորյանին: Վերջինիս տեղեկությամբ, վարչության անդամների
մեծամասնությունը իր ներկայացրած փաստարկներին կողմ էր. «Մեծամասնությունը կողմ էր,
որ եթե մենք ընդունել ենք «Արդարություն» դաշինքի ծրագիրը եւ այդ ծրագրի աշխատանքներին
իր մասնակցությունն էր բերել մեր կուսակցության նախագահը, եւ հիմա ուղղակի տարօրինակ
է, որ ինքը ներկայացնում է, թե դաշինքը ծրագիր չունի եւ քննադատում է: «Կենտրոն»
հեռուստաընկերությամբ նույնիսկ դաշինքի ծրագիրը անվանեց «բուտաֆորիա»: Ստացվում է,
որ այդ «բուտաֆորիային» մասնակից է նաեւ ինքը եւ փաստորեն խաբել է մեզ, քանի որ ինքն
էր նախընտրական շրջանում համոզում մեզ, որ դաշինքը լավ ծրագիր ունի եւ պետք է անդամակցել»:
Երեկ մենք ԱԺԴ կուսակցության գրասենյակում ստացանք նաեւ Արշակ Սադոյանի մեկնաբանությունը
կատարվածի մասին. «Ցավում եմ, որ, ի տարբերություն մնացած բոլոր դեպքերի, երբ իշխանական
ճամբարից էին կուսակցությունները պառակտելու փորձեր արվում, այս անգամ երեւի թելադրանքը
իշխանական ճամբարից չի եղել, այլ՝ քաղաքական այլ դաշտից: Ես բավարար ինֆորմացիա չունեմ՝
պնդելու համար, բայց այն, ինչ տպագրվել էր թերթում եւ այն, ինչ քննարկվեց մեր վարչության
նիստում, ուղղակի իշխանության մատը խառը լինելու հնարավորություն չէր ընձեռում (մենք
գրել էինք, որ ըստ ԱԺԴ որոշ անդամների, Արշակ Սադոյանը «Արդարություն» դաշինքը քննադատում
է իշխանությունների պատվերով -Մ. Ե.)»: Արդյո՞ք պրն Սադոյանը պատրաստվում
է դուրս գալ «Արդարություն» խմբակցությունից, քանի որ չի կիսում խմբակցության քաղաքականությունը:
Մեր այս հարցին պատասխանելով՝ պարոն Սադոյանը կրկնեց օրեր առաջ իր իսկ խոսքերը այն
մասին, որ ինքը դուրս չի գալու եւ շարունակելու է օգտագործել խմբակցությունն ու դաշինքը
իր օգտի համար. «Ես չեմ ուզում ջուր լցնել այն ուժերի ջրաղացին, որոնք փորձում են
անընդհատ պառակտել քաղաքական դաշտը: Ես հիմա էլ հայտարարում եմ, որ «Արդարություն»
դաշինքը փոխհամաձայնությամբ ինչ քայլեր կձեռնարկի, մենք, մեր համաձայնությունը տալուց
հետո, կմասնակցենք, նորից եմ հայտարարում՝ դաշինքի խմբակցությունը եթե ընդունի որոշում,
որը կհակասի մեր կուսակցության ծրագրին, ապա ես այդ որոշումը չեմ կատարելու: Ես որեւէ
պատճառ չեմ տեսնում մեկուսանալու, անջատվելու մյուսներից»: Իսկ եթե «Արդարություն»
խմբակցությունն ինքն Արշակ Սադոյանին առաջարկի դուրս գալ խմբակցությունի՞ց. «Ներողություն,
ես կառաջարկեմ խմբակցությանը՝ իրենք ցրվեն: Ի՞նչ է նշանակում՝ առաջարկի դուրս գալ:
Եթե հարց կա, թող որոշում ընդունի հեռացնել: Եթե այդքան հիմար են, կներեք բառի համար,
եթե խմբակցությունը պետք է որոշի, որ կուսակցության անդամը պետք է իր կուսակցության
դրույթներից հրաժարվի եւ ընդունի այնպիսի որոշումներ, որոնք հակասում են մեր կուսակցության
սկզբունքին, բնական է՝ դա խմբակցության գործն է, բայց ես չեմ կարծում, որ խմբակցությունն
այդ կարգի միամտություն կդրսեւորի»,- իր վրդովմունքն այսպես արտահայտեց Արշակ Սադոյանը:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել