Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ

Փետրվար 01,2005 00:00

ՄԱՐԶԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ Առայժմ գերազանց մրցելույթներ Հայ շախմատիստները վերջին տարիներին որպես կանոն հաջող են հանդես գալիս միջազգային ամենաբարձր կարգի մրցաշարերում՝ բարձր պահելով Հայաստանի մարզական դրոշի պատիվը: Այս օրերին Ջիբրալթարում ընթանում է «ACP-Tour-Third Gibtele.com Chess Festival» միջազգային մրցաշարը: 15 հազար ֆունտ ստեռլինգ մրցանակային ֆոնդ ունեցող շվեյցարական մրցակարգով անցկացվող մրցաշարում հանդես են գալիս աշխարհի 120 ուժեղագույն գրոսմայստերներ, միջազգային եւ ազգային վարպետներ: Նրանց մեջ են մեր հանրապետության երկու երիտասարդ, սակայն տաղանդավոր գրոսմայստերները՝ Լեւոն Արոնյանը եւ Գաբրիել Սարգսյանը, որոնք պարզապես գերազանց են դրսեւորում իրենց: Խաղացված վեց տուրից հետո Գաբրիելը տարել է չորս հաղթանակ, երկու պարտիա ավարտել ոչ-ոքի եւ 5 միավորով միանձնյա գլխավորում է մրցանակային աղյուսակը: Ինը շախմատիստներ, նրանց մեջ նաեւ Լեւոն Արոնյանը, 4,5-ական միավորով բաժանում են 2-10-րդ տեղերը: Երեկ պետք է կայանար 7-րդ տուրը: Գաբրիելը սեւերով հանդիպելու էր Ալեքսեյ Շիրովի, իսկ Լեւոնը սպիտակներով՝ Վասիլի Կորտինիասի հետ: Լեկոյի հաղթանակով Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ավարտվեց շախմատի 19-րդ կարգի միջազգային գերմրցաշարը, որի «A» խմբում հանդես էին գալիս աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն գրոսմայստերները: Շաբաթ եւ կիրակի օրերին կայացան նախավերջին՝ 12-րդ եւ վերջին՝ 13-րդ պարտիաները: Առաջատարը՝ հունգարացի գրոսմայստեր Պետեր Լեկոն, նախ ոչ-ոքի արեց Բուլղարիայի ներկայացուցիչ Վեսելին Տոպալովի, ապա կարճ պայքարից հետո միավորը բաժանեց իր հայրենակից եւ մրցաշարի միակ կին մասնակից Յուդիթ Պոլգարի հետ եւ 13 հնարավորից վաստակեց 8,5 միավոր: Նրան հավասարվել կարող էր հնդիկ Վիշվանաթան Անանդը, եթե վերջին տուրում կարողանար պարտության մատնել մրցաշարի մշտական ետնապահ Իվան Սոկոլովին: Սակայն վերջինը եզրափակիչ տուրում համառ դիմադրությունով հասավ ցանկալի խաղաղ արդյունքի: Այսպիսով, Լեկոն, որ Հայաստանի հավաքականի մարզիչ, գրոսմայստեր Արշակ Պետրոսյանի աղջկա ամուսինն է, առաջին անգամ դարձավ ավանդական այս մրցաշարի հաղթող: Ամփոփիչ մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի. 1. Պետեր Լեկո (Հունգարիա)՝ 8,5 միավոր, 2. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)` 8, 3. Վեսելին Տոպալով (Բուլղարիա)` 7,5, 4-7. Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան), Յուդիթ Պոլգար (Հունգարիա), Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան), Մայքլ Ադամս (Անգլիա)` 7-ական, 8-10. Լազարո Բրուզոն (Կուբա), Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա), Լյուկ Վան Վելի (Նիդեռլանդներ)՝ 6,5-ական, 11. Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)՝ 6, 12. Նայջլ Շորթ (Անգլիա)` 5,5, 13. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան)` 4,5, 14. Իվան Սոկոլով (Նիդեռլանդներ)`3,5: Այս հաղթանակով Պետեր Լեկոն ճանաչվեց հունվար ամսվա աշխարհի լավագույն շախմատիստ: 11-րդ տեղում 2006 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք Թուրինում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Պարային զույգերում Հայաստանը ներկայացնում էր Անաստասիա Գրեբյոնկինա-Վազգեն Ազրոյան ինտերնացիոնալ զույգը: Կարճ ծրագրի կատարումից հետո հայաստանցիները 22 մասնակիցների մեջ գրավեցին 13-րդ հորիզոնականը: Երկրորդ մրցաձեւից հետո՝ օրիգինալ պար, Անաստասիան եւ Վազգենը մեկ աստիճանով բարելավեցին իրենց դիրքը, իսկ կամավոր ծրագրի կատարումով նրանք եւս մեկ քայլ վեր բարձրացան եւ ի վերջո հանգրվանեցին 11-րդ տեղում: Մինչ Եվրոպայի առաջնության մեկնարկը գրել էինք, որ մեր գեղասահորդները մրցանակային տեղերի համար պայքարելու ոչ մի հեռանկար չունեն ու նրանց գերնպատակը տասնյակ մտնելը պետք է լինի: Խնդիրը լուծելուն մեր գեղասահորդներին ընդամենը մեկ քայլ չբավականացրեց: «Միկան» կազմն ուժեղացնում է Հայաստանի փոխչեմպիոն Աշտարակի «Միկան» այս մրցաշրջանում կազմը համալրում է երեք նոր ֆուտբոլիստներով: Ակումբի ղեկավարությունը երկամյա պայմանագիր է կնքել «Շիրակի» երկու խաղացողների՝ կիսապաշտպան Տիգրան Դավթյանի եւ պաշտպան Արտաշես Անտոնյանի հետ: Իսկ «Միկայի» հարձակման գիծը համալրել է «Արաքսի» ֆուտբոլիստ Կարեն Ասատրյանը: Խնդիրներ՝ «Շիրակում» Հանրապետության երկրորդ քաղաքի թիմն անցած մրցաշրջանում մի շարք առաջատար ֆուտբոլիստների հեռանալու պատճառով խիստ անհաջող հանդես եկավ երկրի բարձրագույն խմբի առաջնությունում: Գյումրեցիները եզրափակեցին մրցաշարային աղյուսակը եւ միայն հայրենական ֆուտբոլում ունեցած ծառայությունների շնորհիվ բացառության կարգով բարձրագույն խմբում այս տարի էլ պայքարելու իրավունք ստացավ: Սակայն ակումբն այս տարի էլ կանգնած է խնդիրների առջեւ: Մրցաշրջանի մեկնարկից առաջ թիմի հիմնական կազմի չորս ֆուտբոլիստներ հեռացել են, իսկ երկուսն էլ ներկայումս փորձարկում են անցնում այլ ակումբներում: Կիլիկիացին` «Կոտայքում» «Կիլիկիա» ֆուտբոլային թիմի պաշտպան Կարեն Բարսեղյանը պայմանագիր է կնքել Աբովյանի «Կոտայքի» հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել