Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈՂՈՔԵՔ,

Փետրվար 03,2005 00:00

«ԲՈՂՈՔԵՔ, ՈՐ ՎԵՐԱՑՆԵՆՔ» Ոլորտը կարգավորելու նպատակով այս առաջարկը հանրությանը եւ հատկապես տնտեսվարող սուբյեկտներին երեկ ուղղեց Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը: «Եթե այսօր չլիներ այս հանձնաժողովը, տնտեսական մրցակցության դաշտում գուցե մեծ փոփոխություն տեղի չունենար: Իսկ որ վաղը չլինի՝ հանձնաժողովի բացակայությունը նկատելի կլինի: Մենք ձգտում ենք եվրոպական չափանիշներով երկիր կառուցել, հասարակություն ձեւավորել, եւ հանձնաժողովի անելիքները մեծ են»,- իր ղեկավարած կառույցի դերն այսպես գնահատեց պարոն Շահնազարյանը: Նա գտնում է, որ հայերը հեռու են եվրոպացու նման մտածելուց եւ ավելի շուտ գերադասում են «իրար մեջ հարցերը լուծել», քան օրինական, կարգուկանոնով: Անցյալ տարի հանձնաժողովը ստացել է ընդամենը 18 դիմում-բողոք, որն, ըստ նախագահի, չափազանց քիչ է նորմալ գործ անելու համար: Ճիշտ է, հանձնաժողովը իրավունք ունի նաեւ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել եւ վերլուծություններ անել տարբեր ապրանքային շուկաներում, ինչը եւ անում է: Սակայն այստեղ էլ խնդիր կա՝ ուսումնասիրությունները կատարվում են՝ հենվելով պետական մարմիններից եւ տնտեսվարող սուբյեկտներից ստացված հաշվետվությունների վրա: Իսկ որ դրանք կարող են իրար չհամապատասխանել կամ լինել ուշացած՝ դասական պատկեր է: Հատկապես բարդ է տնտեսվարող սուբյեկտների հետ աշխատելը. նրանք կամ դժկամությամբ են տրամադրում տեղեկանքներ, կամ պարզվում է, որ փոստով ուղարկված պատվիրված նամակը նրանց չի հասել, կամ էլ սխալ տեղեկություններ են տրամադրում՝ հատկապես իրենց շահույթի մասին: Ճիշտ է, շատ բան կփոխվեր, եթե կառույցն ունենար ստուգումներ կատարելու իրավունք, բայց առայժմ ուսումնասիրելուց եւ տուգանքներ սահմանելուց զատ, այլ իրավասություն չունի: Հանձնաժողովի նախագահն այս փուլում վաղ է համարում ստուգումների գործառույթ ստանալը: Պարոն Շահնազարյանը իր աշխատանքային 100 օրերի ընթացքում հիմնարկը տեխնիկապես համալրելուց բացի, ավելի է ակտիվացրել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ եւ գիտե, որ եվրոպական համանման կառույցներն իրենց աշխատանքում կիրառում են ավելի խիստ չափորոշիչներ, քան մերոնք: Բայց «երեւի տարեվերջին կրկին կխստացնենք, որ ինտեգրվենք եվրոպական շուկային»: Ազգային ժողով մտած օրենքի փոփոխություններն արդեն բավականին խստացրել են պատժամիջոցները: Օրինակ, եթե նախկինում խախտում թույլ տված սուբյեկտից գանձում էին խախտում անելու հետեւանքով ստացած շահույթը, ինչը ոչ միշտ էր ճշտությամբ հաշվարկվում, ապա, ըստ նոր օրենքի նախագծի պետք է օրինախախտից գանձեն նախորդ տարվա ողջ շրջանառության 1%-ը: Այնուամենայնիվ, հանձնաժողովի աշխատանքի թիվ 1 պրոբլեմը, ըստ նախագահի, տեղեկատվական բազայի համալրումն է: «Մեզ համար շատ կարեւոր է, որ դուք (լրագրողները- Ռ. Ա.) լրացնեք մեր տեղեկությունների բացը»,- ասաց Ա. Շահնազարյանը: Սակայն վերջերս «Հայէլցանցերը», օգտվելով իր գերիշխող դիրքից, անջատել է Արմավիրի մի շարք գյուղերի հոսանքը, բայց լրատվամիջոցներով տարածված այս տեղեկությունը հանձնաժողովի ուսումնասիրման առարկա չի դարձել, որովհետեւ «բողոք չենք ստացել գյուղացիներից»: Հանձնաժողովն ունի նեղ մասնագետների եւ անկախ փորձագետների կարիք, որոնց մտադիր է հրավիրել պայմանագրով աշխատելու: Մի խնդիր էլ կա՝ շենքային պայմաններն այլեւս անբավարար են աշխատանքի լիարժեք կատարման համար: Անցյալ տարի հանձնաժողովը իր ուսումնասիրությունների շրջանակն ընդլայնել է 8 նոր ապրանքային շուկաներով, արձանագրել անբարեխիղճ մրցակցության փաստեր «Շոկոլադե կոնֆետ», «Օղի», «Սուրճ» եւ «Ալկոհոլային խմիչքներ» ապրանքային շուկաներում, 41 տնտեսվարող սուբյեկտներ պատասխանատվության են ենթարկվել: Գերիշխող դիրքի չարաշահման մեկ դեպք է արձանագրվել: Օրինախախտների ցանկում տեղ են գտել նաեւ պետական մի քանի կառույցներ, որոնք հանձնաժողովի որոշումներին ավելի հեշտությամբ են ենթարկվել եւ վերացրել իրենց կողմից թույլ տրված խախտումները: Տուգանքների ընդհանուր գումարը կազմել է 8 մլն դրամ: Հանձնաժողովի 19 «տուգանային» որոշումներ կատարվել են դատարանի օգնությամբ, սակայն 9 որոշում էլ տնտեսվարողների հայցերով անվավեր է ճանաչվել: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել