Լրահոս
Օրվա լրահոսը

Համա թե պահպանում եք

Փետրվար 22,2005 00:00

Երեկ
առավոտից Արաբկիր համայնքի Կոմիտասի փողոցի 16 հասցեում («Արեւելյան խոհանոցի» հարեւանությամբ)
իրար հետեւից արմատախիլ էին արվում եւ ջարդվում մոտ 30 տարեկան ծառեր: Ծառահատողներին
եւ շինարարական տեխնիկան հարակից շենքի բնակիչներից պահպանում էին մի խումբ ոստիկաններ,
որոնք, բնակիչների խոսքերով, ընդդիմացողներին սպառնացել են «բաժին տանել ու մի լավ
դաս տալ»: Բնակիչների եւ տարածքը հսկող ոստիկանների միջեւ նույնիսկ բախում
է տեղի ունեցել, սակայն վերջիններս հաղթել են եւ հողային աշխատանքներն իրականացնող
բանվորներին հորդորել են շարունակել ծառահատումները: Բնակիչները պատմում են, որ իրենց
հանգիստը կազմակերպելու համար սեփական միջոցներով տարածքը բարեկարգել են՝ պտղատու
եւ դեկորատիվ ծառեր են տնկել. «Մեր թաղամասը խեղդված է սպասարկման օբյեկտներով, իսկ
այդ պուրակը մեր միակ հանգստի վայրն էր»: Շենքի բնակիչներից մեկի՝ «Հանրապետություն»
կուսակցության քաղխորհրդի անդամ Արամազդ Զաքարյանի խոսքերով, ինքը պարզել է, որ բակի
կանաչապատ հողատարածքը աճուրդով վաճառվել է եւ այժմ պատկանում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն
համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Վարդան Աբրահամյանին, թեեւ փաստաթղթերը
ձեւակերպված են վերջինիս քրոջ անունով: Ա. Զաքարյանը պատմում է, որ 2003 թ.
կանաչապատ տարածքից մի փոքրիկ հատված սեփականաշնորհելու կամ վարձակալելու խնդրանքով
դիմել է քաղաքապետին՝ նշելով, որ ցանկանում է ծաղիկների եւ խեցեգործական իրերի բացօթյա
վաճառք կազմակերպել, ընդ որում՝ խոստանալով չվնասել կանաչ գոտին: Սակայն քաղաքապետարանը
մերժել է՝ պատճառաբանելով, որ քաղաքապետի որոշմամբ փողոցներին հարակից պուրակներում,
կանաչ գոտիներում արգելվել է հողհատկացումը: Բացի այդ, Ա. Զաքարյանին պատասխանել
են, որ տարածքը ենթակա չէ տրամադրման, քանի որ հանդիսանում է հարակից բազմաբնակարան
շենքի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածք: Փաստորեն, ստացվում է, որ քաղաքապետարանը
շենքի բնակիչների «ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքի» համար գաղտնի աճուրդ
է կազմակերպել եւ այն վաճառել: Երեկ Արաբկիր համայնքի թաղապետարանի քաղաքաշինության
եւ ճարտարապետության բաժնի պետ Մհեր Մանթաշյանից ճշտեցինք, որ նշյալ հասցեում այժմ
բացօթյա սրճարան եւ սպասարկման օբյեկտ է կառուցվում, եւ որ շինարարության հեղինակն
ունի շինթույլտվություն: «Իսկ ծառ կտրելու թույլտվություն ունի՞» «Առավոտի» հարցին
ոչ ոք այդպես էլ չպատասխանեց: Փաստն այն է, որ հատվող եւ արմատախիլ արվող բոլոր ծառերն
էլ առողջ էին: Եվ սա այն դեպքում, երբ հանրապետության նախագահն ու քաղաքապետը 2005-ը
հռչակել են կանաչ գոտու պահպանման եւ վերականգնման տարի: Սեփ.
լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել