Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը պատերազմի հերոս է

Փետրվար 22,2005 00:00

Ռոբերտ Քոչարյանը պատերազմի հերոս է Հայտարարեց Արտաշես Գեղամյանը փետրվարի 19-ին «Ազգային միաբանության» խորհրդաժողովում՝ փաստարկելով, թե նա «պահել ու ազատագրել է Արցախը»: Ուշագրավ այլ հայտարարություններ էլ հնչեցին «Իրավիճակը Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ. «Ազգային միաբանության» խնդիրները» թեմային նվիրված խորհրդաժողովում, որն ավարտվեց Արտաշես Գեղամյանի հետեւյալ հայտարարությամբ. «Այսօր Հայաստանի Հանրապետության ժողովրդավարացման, կայացման հիմնական հենասյունը պետք է լինի ճիշտ այդ նույն երկիրը՝ ԱՄՆ-ն»: Սակայն անդրադառնանք ներքաղաքական հնարավոր զարգացումների շուրջ պրն Գեղամյանի գնահատականներին: Կուսակցության նախագահը հայտարարեց, թե «Ազգային միաբանությունը» մտադիր է 1-2 ամիս անց պայքար սկսել հանուն Հայաստանում սահմանադրական կարգի վերականգնման: Ըստ նրա՝ հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի է, եւ ոչ թե այն պատճառով, որ որոշ քաղաքական գործիչներ դրա մասին հայտարարում են, այլ այն, որ ժողովրդի համբերությունն սպառվել է, եւ նա շուտով ոտքի կկանգնի. «Իսկ եթե թափվի թեկուզ մեկ կաթիլ արյուն՝ դրա համար պատասխանատվությունը լիովին կկրեն իշխանությունները»: Արտաշես Գեղամյանը նաեւ հայտարարեց, թե երբ սկսվի ժողովրդական շարժումը, ինքը կլինի դրա դրոշակակիրը: Լրագրողների հարցին, թե արդյոք կմիանա՞ Արամ Կարապետյանի սկսած շարժմանը՝ պատասխանեց. «Իմ ասածները երբեք ու երբեք մի՛ կապեք քաղաքական դաշտում գործող այս կամ այն գործչի ասածների հետ»: «Ազգային միաբանության» ղեկավարը նաեւ որոշակիորեն սահմանազատվեց «Արդարություն» դաշինքից՝ հայտարարելով. «Մեր որոշումը հիմա արդեն շատ ավելի հստակ եւ ճիշտ կլինի, քանի որ նախորդ ժամանակաշրջանում գործելիս մենք, բնականաբար, կաշկանդված ենք եղել այն պայմանավորվածություններով, որոնց արդյունքում ստեղծվել էր համապատասխան ընդդիմադիր ճակատ»: Սակայն հարցերին ի պատասխան, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ այլեւս չի համագործակցելու «Արդարության» հետ՝ պրն Գեղամյանը վստահեցրեց, թե համագործակցելու են «բոլորի հետ», իսկ սկսվելիք շարժումը լինելու է ոչ թե այս կամ այն դաշինքի կամ խմբակցության պայքար, այլ համաժողովրդական: Գեղամյանի գնահատականով՝ առանց համագործակցության «Հայաստանում ոչ մի ուժ ի վիճակի չի լինի հաջողության հասնել»: Եվ նա պատրաստակամություն հայտնեց համագործակցել անգամ իշխանության հետ՝ խոշոր հարկատուներին օրենքի դաշտ բերելու հարցում: Ուշագրավ է նաեւ, թե ինչպես արձագանքեցին «Արդարություն» դաշինքի գործիչները Արտաշես Գեղամյանի հայտարարությանը՝ թե իրեն ազատ է համարում նախկին պարտավորություններից: ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանն ասաց. «Եթե Գեղամյանն իրեն բավականաչափ ուժեղ է համարում միայնակ գործելու եւ հեղափոխություն իրականացնելու համար՝ մենք հետաքրքրությամբ կհետեւենք դրան, ճիշտ այնպես, ինչպես կհետեւենք «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանի գործողություններին, որը նույնպես խոստացել է հեղափոխություն ապրիլին: Բայց, ընդհանրապես, հեղափոխությունները ոչ թե խոստացվում եւ հռչակվում են, այլ իրականացվում»: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28