Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆԵՐԳԻՉՆԵՐԸ

Փետրվար 22,2005 00:00

ՄԵՆԵՐԳԻՉՆԵՐԸ ՎԱԽԵՆՈ՞ՒՄ ԵՆ ՄՐՑՈՒՅԹԻՑ Փետրվարի 28-ին լրանում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի մեներգիչների հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը: Հենց նույն օրվանից էլ կմեկնարկեն մրցութային օրերը: Ըստ մեր տեղեկությունների, մեներգիչների մեծ մասը այս մրցույթ կոչվածին հիվանդագին է վերաբերվում հասկանալի պատճառով. ոչ ոք չի ցանկանա կորցնել աշխատատեղը, նույնիսկ այն դեպքում, երբ կան «պայմանագրով կնքված» մեներգիչներ, որոնց այդպես էլ մեկ տարվա ընթացքում գոնե մեկ անգամ բեմում չհանդիպեցինք: Զրուցելով մեներգիչներից մի քանիսի հետ, պարզեցինք նրանց հիմնական մտահոգությունը: Իրենց համարելով «ստաժավոր», նրանք պատիվ չեն համարում մրցույթին մասնակցել սկսնակների հետ: Սա՝ առաջին պատճառը: Երկրորդ՝ չի գոհացնում մրցույթի գեղխորհրդի կազմը, որտեղ, ըստ իրենց, բացի թատրոնի գեղարվեստական ղեկավարից, մյուսները ոչ կոմպետենտ են: Երրորդ՝ ի սկզբանե հավասար պայմաններ չկան՝ ինչո՞ւ վաստակավոր արտիստի կոչում ունեցող երգիչները (իսկ դրանք օպերայում երկուսն են՝ Անահիտ Մխիթարյան եւ Հասմիկ Հացագործյան) չպետք է մասնակցեն մրցույթին: Մեզ հասած մեկ այլ հավաստի տեղեկություն վկայում է այն մասին, որ թատրոնի մեներգիչներից մի քանիսը միտումնավոր հենց այս օրերին են «կազմակերպել» իրենց հյուրախաղերը: Թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանից մասամբ ստացանք մեզ հետաքրքրող հարցերի պատասխանները: Ըստ նրա, մրցույթին կմասնակցեն նախկինում մեկ տարով պայմանագիր կնքած ավելի քան 40 եւ նոր հայտ ներկայացնող երգիչները. «Մրցույթի անհրաժեշտությունը չէր լինի, եթե մեր ունեցածը (նկատի ունի՝ մեներգիչներին- Ս. Դ.) համարեինք բավարար»: Նա տեղեկացրեց նաեւ, որ մրցույթին, անշուշտ, պետք է մասնակցեն բոլորը՝ ներառյալ վաստակավորները: Իսկ մրցույթի գեղխորհրդի կազմի մասին Կ. Հովհաննիսյանը ոչինչ չհայտնեց. «Իհարկե, սա գաղտնիք չէ, բայց նախօրոք չենք ուզում նրանց անունները հրապարակել, որպեսզի չաշխատի մեզանում ընդունված ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ) մեխանիզմը»: Հասկանալի պատճառներով, այն երգիչները, որոնց հետ զրուցեցինք, ցանկություն հայտնեցին մնալ ստվերում: Բայց գտնվեց մեկը՝ 1988-ից օպերային թատրոնի առաջատար մեներգիչ Ալեքսանդր Թամազովը, որը չխուսափեց զրուցել «Առավոտի» հետ: Ըստ մեր զրուցակցի, մինչ մրցույթը տիրող մթնոլորտը մեներգիչների շրջանում գալիս է ստեղծագործական անբավարար վիճակից: Ծնունդով Վրաստանից, իր բեմական կարիերայի առաջին քայլերը Թբիլիսիում սկսած Ա. Թամազովը գտնում է, որ Հայաստանում առայսօր չկա այնպիսի ինստիտուտ, որը կհոգար օպերայի՝ թանկ հաճույք համարվող արվեստի, մասնավորապես մեներգիչների ստեղծագործական խնդիրները: «Ռուսաստանում գործում է Գեղարվեստի պետական ակադեմիան, որի պրեզիդենտն է ճանաչված արվեստագետ Զուրաբ Ծերեթելին: Այս կառույցը հոգում է դասական շնորհալի երգիչների կայանալուն: Նրանք ունեն ֆոնդեր, որոնք հոգ են տանում այս կամ այն օպերային երգչի՝ արտերկրում վերապատրաստվելու, CD-ներ թողարկելու համար: Ամենագլխավորը՝ ակադեմիան ինքն է առաջարկում իմպրեսարիո, մենեջեր, խթանելով երգչի նորմալ աշխատանքը: Այս ճանապարհով կայացած երգիչները, ի նշան երախտագիտության, ներդրումներ են կատարում ակադեմիայի ֆոնդին»,- տեղեկացրեց երգիչը: Ա. Թամազովը համոզված է, որ պետք է խրախուսել ժամանակին հայ մեծահարուստներին բնորոշ՝ արվեստին աջակցելու առաքելությունը. «Հայտնի է, որ Թբիլիսիում մշակութային օջախները ստեղծվել են հայ մեկենասներ Պետոեւի, Կարգանովի, Թամամշովի ներդրումներով: Իսկ հայտնի բարերար Մանթաշովը այս ոլորտում գործել է մշակույթի գծով իր խորհրդական Հովհաննես Թումանյանի առաջարկներով»: «Հայաստանում մեր օրերում որտեղի՞ց գտնել Մանթաշով կամ Թումանյանի պես խորհրդական: Ունենք մշակույթի նախարար՝ իր մի քանի խորհրդականներով, որոնք կոչված են լուծելու այդ հարցերը: Միգուցե արվեստագետնե՞րդ եք սակավ պահանջկոտ» դիտարկմանը Ա. Թամազովը պատասխանեց. «Մեր երկրի վիճակը գիտենք: Այո, մշակույթի նախարարության հատկացրած գումարը Օպերային թատրոնի համար չնչին է: Բայց եկեք բարձրաձայնենք, որ այսօր ոչ թե Մանթաշով, այլ մանթաշովներ ունենք: Օպերային թատրոնի ղեկավարը կոչված չէ ֆինանս հայթայթելու (թեեւ անում է): Ինչպես ուզում եք ընկալեք՝ պետություն, թե մշակույթի նախարարություն, նրա՛նք պետք է հոգան իրենց «դեմքի» (նկատի ունի հանրապետությունում միակ Օպերային թատրոնը) մասին»: Ինչ վերաբերում է մրցույթին, դա այնքան էլ գլոբալ հարց չի համարում երգիչը. «Ունենք հիանալի ձայներ, որոնք շշմեցնում են անգամ եվրոպացի հանդիսատեսին»: Փոխարենը Ա. Թամազովը առաջարկում է Մոսկվայի Մեծ թատրոնի օրինակով անցկացնել հավաք. «Օրերս Մեծ թատրոնի տնօրինությունը հրավերներ էր ուղարկել նախարարություններին, գործարարներին, լրագրողներին, որոնց վրա գրված էր՝ «կՏոՈսՑՈպՎ»: Երկխոսության այս ձեւը կարելի է ընդօրինակել: Միայն այս եղանակով բոլորս եւ բոլորդ կստանանք հուզող հարցերի պատասխանները»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել