Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՆՔ

Փետրվար 23,2005 00:00

ՄԵՐՈՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻՆ «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնի հրավերով մարտի սկզբին հայ թատերասեր հասարակությունը առիթ կունենա հանդիպելու ռուս ճանաչված դերասաններ Իրինա Ալֆյորովային եւ Լեւ Դուրովին: Նրանք հանդես կգան Սեմյոն Զլոտնիկովի «Ամեն ինչ լավ կլինի՝ ինչպես դուք ցանկանում էիք» ներկայացման մեջ: Հանդիպեցինք «Բեմական խաչմերուկ» մշակութային կենտրոնի տնօրեն, ռեժիսոր Հակոբ Ղազանչյանին: – 2000թ. ձեր կողմից հիմնադրված կենտրոնը կարծես առաքելություն է ստանձնել պարբերաբար հայ հանդիսականին ներկայացնել ճանաչված ռուս արտիստներին: Հայաստան են ժամանել հայտնի անուններ Սվետլանա Կրյուչկովան, Յուլյա Բորիսովան, Իրինա Ռոզանովան, Արմեն Ջիգարխանյանը, Վասիլի Լանովոյը եւ այլք: Ինչպե՞ս եք լեզու գտնում ստեղծագործական կյանքով ծանրաբեռնված նման դերասանների հետ: Ֆինանսապես արդարացնո՞ւմ են հրավերները: – Ես մոնոպոլիստի ձգտում չունեմ, գլուխս կախ իմ գործն եմ անում: Մի խոսքով, հավակնություն չունեմ, որ միակը ես լինեմ թատրոնի եւ կինոյի ռուս հանրահայտ դեմքերին հրավիրելու գործում: Ճիշտ է, բանակցությունները հաճախ սպասվածից ավելի են ձգձգվում: Զարմանալի ոչինչ չկա, որ նման անուններն իրենց համաձայնությունն են տալիս Երեւանում բեմ բարձրանալու: Վերջին հաշվով, դա իրենց աշխատանքն է: Ուրիշ խնդիր է, որ պետք է բոլոր պայմանները հստակ կատարես: Ճիշտ էր ձեր հարցադրումը՝ ֆինանսի հետ կապված: Ասեմ ավելին՝ յուրաքանչյուրին հրավիրելը նախ ֆինանսական ռիսկ է պարունակում, նաեւ հոգեկան անհանգստություն: Հասկանալի է, որ գերզբաղված դերասաններ են եւ թատրոնում, եւ կինոյում, այսինքն, այստեղ էլ ռիսկի գործոնը կա. կարող է վաղօրոք հայտարարվի, բայց գալուց մի օր առաջ ինչ-որ բան խանգարի: Բնականաբար, նման դեպքերում պատասխան պետք է տա կազմակերպիչը: Պարզ ասեմ՝ մինչեւ դերասանին օդակայանում աչքովս չեմ տեսնում, շունչ չեմ քաշում: Ի պատիվ հայերիս, նշեմ, որ մինչ այժմ ռուս դերասանների մասնակցությամբ ներկայացումները անցել են լեփ-լեցուն դահլիճում: Իհարկե, այստեղ դեր է խաղում ֆիլմերից նրանց ճանաչված ու սիրված լինելը: Դրանում քանիցս համոզվել եմ դրամարկղերում տիրող «աժիոտաժից»: Հետեւաբար, ինչ էլ լինի՝ գոնե հրավիրվածների գումարը կտամ: Պարոն Ղազանչյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ամենամյա «Արմմոնո» փառատոնում, որը այս տարվա սեպտեմբերից վերանվանվելու է Շեքսպիրյան, կլինե՞ն փոփոխություններ: Ռեժիսորը տեղեկացրեց, որ այդ նպատակով առաջիկա մեկ ամսվա ընթացքում կհրավիրվի ասուլիս: Ընդառաջելով «Առավոտի» խնդրանքին՝ մասնակիորեն բացեց փակագծերը. «Հայ արտիստների համար շեքսպիրյան թեման պարտադիր չի լինելու: Շատ հնարավոր է, որ այս կամ այն դերասանը չնախընտրի իր մոնոներկայացումը խաղալ շեքսպիրյան թեմայով: Մեր նպատակն է հայ արտիստների համար ճանապարհ բացել դեպի արտասահմանյան բեմեր: Իսկ, ինչպես գիտեք, ամեն տարի, նաեւ այս աշնանը, փառատոնին կմասնակցեն Եվրոպայի տարբեր թատրոնների տնօրեններ, այդ թվում՝ մոնոփառատոների միջազգային ասոցիացիայի պրեզիդենտ, Մոսկվայի փառատոնի տնօրեն Վալերի Խազանովը»: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել