Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՍՐՎԱԾ ՉԵՆ»

Մարտ 03,2005 00:00

Վարչապետ
Անդրանիկ Մարգարյանը որեւէ արտառոց բան չի տեսնում ՕԵԿ-ի քննադատության մեջ Երեկ
կառավարությանը հարցեր տալու օրն էր, սակայն այդ հարցերը ոչ մեկին չեն հետաքրքրում,
քանի որ հիմնականում նախօրոք համաձայնեցվում են այս կամ այն նախարարի հետ, իսկ ԱԺ
խոսափողներից հնչեցվում են միայն մեկ նպատակով՝ ժողովրդի աչքին թոզ փչելու համար:
Երեկվա հարցերը եւս բացառություն չէին. դրանց մեծամասնությունը սերմացուի, ոռոգման
ջրի եւ պարարտանյութի, էլեկտրաէներգիայի եւ բենզինի մասին էին: Թերեւս ամենահետաքրքիրը
լինելու էր վարչապետի արձագանքը ՕԵԿ խմբակցության կողմից նախորդ օրը հնչեցված քննադատությանը՝
կոռուպցիայի ծաղկման, հանցագործ աշխարհի ակտիվացման եւ քրեական իրավիճակի սրման մասին:
Սակայն գործադիր իշխանության զգալի մաս կազմող ՀՀԿ խորհրդի նախագահ, երկրի վարչապետ
Անդրանիկ Մարգարյանը լրագրողների հարցերին պատասխանելով՝ փաստորեն քարը ետ շպրտեց
իր կոալիցիոն գործընկերների դաշտը եւ հասկացրեց, որ «Հանրապետականին» բան ասողն ինքն
իրեն է վարկաբեկում, քանի որ գործադիր իշխանությունը բաղկացած է նաեւ դաշնակցականներից
եւ օրինացերկրացիներից: Հիշեցնենք, սակայն, որ կոալիցիայի «միավորող գործոնը» նախագահ
Քոչարյանն է: Վարչապետը նախ ասաց, որ գործադիրը իրենը չէ. «Գործադիրը իմը
չէ, «Հանրապետականինը» չէ, գործադիրը կոալիցիայինն է: Ըստ իս, ինչ-որ գործադիրին
ասվում է, դա հավասարաչափ վերաբերում է կոալիցիայի անդամ բոլոր կուսակցություններին:
Եթե իրենք ինքնաքննադատաբար են մոտենում հարցերին, ես միայն ողջունում եմ դա»: «Առավոտը»
նկատեց, թե տպավորություն կա, որ հանրապետությունում նախընտրական տրամադրություններ
են, նույնիսկ իշխանության մեջ գտնվող կուսակցությունները սկսել են քարոզարշավի նմանվող
գործողություններ իրականացնել՝ իրենց բարձրացնելով «գցել» դիմացինին: Արդյոք սա նշանակո՞ւմ
է արտահերթ ընտրությունների նախապատրաստություն։ Ոչ, վարչապետը այդպես չի կարծում.
«Ես չեմ գտնում, որ արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ կլինեն:
Եվ, եթե որոշակի դրսեւորումներ տեղի են ունենում, ես դա համարում եմ սովորական քաղաքական
գործընթացների արդյունք: Գուցե մարդիկ հաշվարկներ ունեն՝ մտածելու, որ արտահերթի
հնարավորություններ կան, կամ էլ որոշել են, որպես տակտիկա, պատրաստվել երկու տարի
առաջ: Կուսակցությունների խնդիրն է, ըստ իս՝ կառավարությունը եւ իշխանություններն
այստեղ էական մասնակցություն չունեն»,- ասաց Անդրանիկ Մարգարյանը: Թվում է, թե Դաշնակցությունը,
ՕԵԿ-ը եւ «Հանրապետականը» փոխադարձաբար միմյանց տանել չեն կարողանում, ուրեմն ի՞նչն
է պատճառը, որ կոալիցիան դեռ շարունակում է գոյատեւել: «Որովհետեւ իրար տանում են»,-
եղավ վարչապետի պատասխանը: Հետո էլ հավելեց, թե կոալիցիան քանդելու որեւէ պատճառ
չկա. «Կոալիցիայում հարաբերությունները սրված չեն, եւ ոչ մի նախադրյալ չկա կոալիցիան
քանդելու: Մինչեւ այժմ որեւէ քայլ չի կատարվել, որ մեր ստորագրած հուշագրի կետերը
խախտվեն: Հետեւաբար անընդհատ հարց բարձրացնել, որ կոալիցիայում հարաբերությունները
սրված են, մի կուսակցությունը մյուսի նկատմամբ է սրված, վաղը չէ մյուս օրը երրորդը
մյուսի նկատմամբ ինչ-որ հարաբերություններ կպարզի, ելույթներ կունենա: Սա ես շատ
բնական եմ համարում. ի՞նչ է եղել, եւ հետո, ինչո՞ւ եք մտածում, որ եթե իշխանությունների,
կառավարության դեմ ինչ-որ բան են ասում, դա անմիջականորեն ուղղված է «Հանրապետական»
կուսակցությանը կամ վարչապետին: Սա վերաբերում է բոլորին՝ անկախ նրանից, թե որ կուսակցությունը
որ նախարարության պատասխանատուն է՝ կուսակցությունները պատասխանատու են ամբողջ կառավարության
գործունեության համար եւ ոչ թե Դաշնակցությունը՝ իր երեք նախարարության համար, «Հանրապետականը»՝
իր յոթ կամ ինը, ՕԵԿ-ը՝ երեքի համար: Կոալիցիայի անդամ յուրաքանչյուր կուսակցություն
պատասխանատու է ամբողջ կառավարության գործունեության համար: Եթե որոշ պատգամավորներ
կամ լրագրողներ դրա մասին մոռանում են, ես ցանկանում եմ հիշեցնել: Հաստատ իմացեք՝
յուրաքանչյուր կուսակցության, եթե ցանկություն ունենա, ընդամենը մի քանի ժամ է անհրաժեշտ՝
հիմնավորումներ գտնելու եւ ասելու՝ կներեք, գործընկերներ, մենք գնում ենք մեր ճանապարհով»:
ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել