Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՎԱՆԴ

Մարտ 03,2005 00:00

ՀԻՎԱՆԴ ԾԱՌԸ ՉԵՆ ԲՈՒԺՈՒՄ՝ ԿՏՐՈՒՄ ԵՆ Այս մտածելակերպով են առաջնորդվում որոշ «կանաչապատողներ» Երեւանում քիչ փողոցներ են պահպանել տասնամյակներ առաջ տնկված ծառաշարքերը: Դրանցից մեկն էլ Քանաքեռ-Զեյթուն համայնքի Պարույր Սեւակի փողոցն էր: Ինչու «էր», որովհետեւ երկրորդ տարին է, ինչ հատ-հատ նոսրացվում է բարդիների ծառաշարքը՝ հիմքից կտրելով դրանք: Երեկ կտրեցին եւս երկուսը՝ Կենդանաբանության ինստիտուտի հարեւանությամբ: Ահազանգը հնչեցնելուց բացի, ինստիտուտի աշխատակիցները փորձել են խոչընդոտել՝ անօգուտ: «Նույնիսկ սպառնացին, թե՝ չես վախենո՞ւմ, որ լրատվամիջոցներին ես զանգում»,- ասաց աշխատակիցներից ամենահամարձակը՝ Սիլվա Ադամյանը: «Այս ծառերը 50-60 տարեկան են, բները փտած, որդնած, եւ մի օր կարող են շուռ գալ-վնասել անցորդներին»,- պարզաբանեց համայնքի «Կանաչապատում» ՓԲԸ տնօրեն Աշոտ Թութխալյանը: Նաեւ զգուշացրեց, որ եւս երկուսը պիտի կտրեն: Հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ հիմա չեն կտրում: Պարզվեց՝ «թողնում եմ, կանաչելու ժամանակը գա՝ համոզվեն, որ չորացած է»: Հետո էլ փոշմանեց՝ «չէ, երեւի մինչեւ էդ կկտրեմ»: Տիկին Սիլվան վստահեցրեց, որ արդեն կտրված «չորացած» ծառերից մեկի ստվերում ամռան շոգին «աշխատողները կանգնում, տրանսպորտին էին սպասում»: Նկատելի էր, որ տարիներ առաջ «գլխատված» (որպեսզի քամուց շուռ չգան) բարդիները շիվակալել էին, երկար ու առողջ ճյուղեր տվել՝ ի հեճուկս իրենց «փտած ու որդնած» բների: Թերեւս կարելի էր եղած ծառերը, որքան էլ՝ հասուն, ժամանակին բուժել, ոչ թե սպասել՝ որդնի ու ծառահատումով ազատվել գլխից էլ, գլխացավանքից էլ: Պրն Թութխալյանը վստահեցրեց, որ կտրված ծառերի փոխարեն կտնկեն նորը: «Բա նախորդ տարիներին կտրածների տեղն ինչո՞ւ թողեցին ազատ: Թող դրանք տնկեն-մեծացնեն, եթե այդքան հեշտ է, եւ նոր հասուն ծառերը ոչնչացնեն»,- հակադարձեց տիկին Սիլվան: Համայնքի գլխավոր կանաչապատողից հետաքրքրվեցինք, թե ունե՞ն մայրաքաղաքի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանի թույլտվությունը, ինչպես պահանջում է սահմանված կարգը: Պարզվեց, թաղապետարանը դրա կարիքը չունի, նրան բավարարում է իր մասնագետների համաձայնությունը՝ ինչն էլ ունեն: Ուշագրավ է, որ նրանցից մեկը՝ մի տիկին, որը մեծ ոգեւորությամբ ծառերի բների փտածության վրա էր ուշադրություն հրավիրում, չկարողացավ մեզ ասել, թե քանի տարեկան են իրենց կտրած ծառերը: Քիչ ավելի ուշ տեղեկացանք, որ դեպքի մասին ահազանգը խիստ զայրացրել է Ս. Մաքսապետյանին, քանի որ «առանց իմ ուսումնասիրության ու թույլտվության չպետք է ծառ կտրվեր»: Նա վստահեցրել է, որ ծառահատման այս գործընթացը կդադարեցնի: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել