Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ

Մարտ 05,2005 00:00

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆՔ, ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՉՈՒՆԵՆՔ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածով գովազդների վերահսկողությունն իրականացնում է կառավարության կողմից հաստատված լիազորված մարմինը: Մեր երկրում, սակայն, նման մարմին գոյություն չունի: Հետեւաբար, գովազդների վերահսկողությունը դրված է մի քանի գերատեսչությունների վրա: Օրինակ, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը վերահսկում է վիճակախաղերի, կազինոների հեռարձակվող գովազդները՝ ընդհուպ մինչեւ բովանդակությունը: Այս եւ այլ գովազդներ կարող են վերահսկվել կառավարությանը կից տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից՝ անբարեխիղճ եւ ակնհայտ սուտ ծառայություն մատուցելու մասին գովազդի պարագայում: Այսպես՝ եթե, ասենք, դեկտեմբերի 30-ին գովազդվում է որեւէ լոտո կամ սուրճ, որի շահումից խոստանում են, որ Ամանորը կանցկացնեք Փարիզում, ապա դա ակնհայտ սուտ է, որովհետեւ եթե նույնիսկ այդ օրն էլ շահես Փարիզի ուղեգիրը, միեւնույն է, չես հասցնի փաստաթղթերդ ձեւակերպել այնքան շուտ, որ գոնե հին նոր տարուն հասնես Փարիզ: Գովազդների մոնիտորինգով եւ վերահսկողությամբ զբաղվում է նաեւ ՀՌԱՀ Ծրագրերի մոնիտորինգի եւ վերահսկողության վարչությունը: Վերահսկողության համար, սակայն, կոնկրետ օրենքի տառ է անհրաժշտ, ինչին եւ անվերապահորեն հետեւում է ՀՌԱՀ-ը: Վարչության պետ Հայկ Ավետիսյանն ասում է, որ իրենք վերահսկողություն իրականացնում են օրենքի սահմաններում եւ չգրված օրենքներ այստեղ չեն գործում: Մեր դիտարկմանը, թե որքանով է բարեկիրթ եթերով գովազդել մի համալիր, որտեղ տղամարդիկ սպասարկող կանանց շրջապատում մոռանում են շեֆի հանձնարարությունների եւ ընդհանրապես աշխատանքի մասին, հետո պարզվում է, որ աշխատանքի մասին մոռացել է նաեւ կողքի սենյակում գտնվող շեֆը: Գովազդին վարչության պետը ծանոթ էր, եւ մեր նկատառմանը հակադարձեց այսպես. «Իսկ եթե նույն նյութը լիներ ֆիլմի մե՞ջ: Եթե մենք որոշենք արգելել նման գովազդները, ապա ո՞ր օրենքով պետք է առաջնորդվենք, դրանից ոչ մի օրենք չի խախտվում»: (Նույն տրամաբանությամբ դատելով՝ հարց է առաջանում. ինչու է որոշվել օրենքով ծխախոտի եւ ալկոհոլային խմիչքների գովազդն արգելել, չէ՞ որ ֆիլմերում, բազմաթիվ տեսահոլովակներում, ամեն քայլափոխի, մեր կյանքի ամեն ոլորտում մարդիկ ծխում ու խմում են): Իսկ չգրված օրենքներին, բարոյականության նորմերին, որը նաեւ խիստ սուբյեկտիվ դրսեւորումներ կարող է ունենալ, ըստ պրն Ավետիսյանի, պետք է հետեւի տվյալ լրատվամիջոցը: Այսինքն՝ ռադիոն, հեռուստաընկերությունները (եւ մյուս ԶԼՄ-ները) գովազդներ են տեղադրում ըստ իրենց ճաշակի եւ հասարակությունն էլ կարող է փոխել ալիքը, եթե իրեն դուր չի գալիս: Հ. Ավետիսյանը հիշեց գովազդային մեկ ուրիշ հնարքի մասին. «Ռուսսկի ռազմեր» հայտնի օղու անվան տակ գովազդվում է նույնանուն 5.5 տոկոսանոց թույլ ալկոհոլային խմիչք, ինչն օրենքով թույլատրվում է, բայց բոլորս էլ գիտենք, թե այդ անունից ինչ ասոցիացիաներ են առաջանում: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել