Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլընտրանքայինը կոալիցիայի փաթեթն է»

Մարտ 05,2005 00:00

«Այլընտրանքայինը կոալիցիայի փաթեթն է» Ասում է ԱԺ պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանը Երեկ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր, ՄԱԿ խմբակցության անդամ Գրիգոր Ղոնջեյանը վիրավորվեց, երբ ՄԱԿ-ի հեղինակած սահմանադրական բարեփոխումների փաթեթը կենտրոնի հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն անվանեց «այլընտրանքային»: «Մենք համաձայն չենք, որ մեր հեղինակած փաթեթն այլընտրանքային է: Բովանդակության առումով, այո, այլընտրանքային է, բայց կոչել այն այլընտրանքային՝ կնշանակի, որ որեւիցե այլ փաթեթի տալ առաջնություն եւ այն մտովի, տեսականորեն համարել հիմնականը, իսկ ՄԱԿ խմբակցությանը՝ այլընտրանքային: Մենք բոլոր հիմքերն ունենք մտածելու, որ կոալիցիայի փաթեթն է ՄԱԿ-ի փաթեթի նկատմամբ այլընտրանքային»: Կենտրոնը քաղաքական ու հասարակական գործիչների մասնակցությամբ «Սահմանադրության եւ Ընտրական օրենսգրքի բարեփոփումներ. փոխհամաձայնություն հանուն ժողովրդավարությա՞ն» թեմայով քննարկում էր կազմակերպել: Չնայած մասնակիցների բազմազանությանը, այնուամենայնիվ, բարեփոխումների շուրջ բուռն քննարկում չծավալվեց: Սահմանադրական դատարանի անդամ Ֆելիքս Թոխյանը կրկին համոզմունք հայտնեց, որ 2001 թ. սահմանադրական բարեփոխումների նախագիծը «լավագույնն է, այն իշխանության տարանջատման տեսակետից լավագույն բալանսն է ապահովում»: Քննարկման ամենահետաքրքիր «մասը» բարեփոխումների շուրջ կենտրոնի՝ Երեւանում եւ մարզերում 1500 մարդու շրջանում անցկացրած սոցհարցման արդյունքներն էին: Ըստ դրանց, անցած տասը տարիների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած ընտրական գործընթացները առաջացրել են վստահության պակաս պետական իշխանության ինստիտուտների նկատմամբ: Հարցման արդյունքները ցույց են տվել, որ հերթական ընտրական գործընթացներից հետո աճել են հիասթափությունն ու արդյունքների նկատմամբ անվստահությունը: Հարցված քաղաքացիների ավելի քան 74,3 %-ը վիճարկելի է համարել 2003թ. նախագահական ընտրությունները: Ավելի քիչ վիճարկելի են համարվել 1991թ. նախագահական ընտրությունները: Սահմանադրական ինստիտուտներից նախագահին որպես սեփական իրավունքների հիմնական պաշտպան է դիտարկել հարցվածներից 6, 6 %-ը, ԱԺ-ին՝ 6, 6%-ը, իրավապահ մարմիններին՝ 4 %-ը, դատարաններին՝ 9%-ը: Ամենամեծ վստահությունը հարցվածները ցուցաբերել են մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ, ինչը, համակարգող Ստեփան Սաֆարյանի կարծիքով, պայմանավորված է ինստիտուտի նոր լինելու հանգամանքով: Յուրաքանչյուր 3-րդ մարդ նշել էր, որ ոչ մեկին ընդհանրապես չի հավատում: Հասարակությունն արդյո՞ք տեղյակ է այսօր շրջանառության մեջ գտնվող սահմանադրական բարեփոխումների նախագծերին հարցին՝ ճնշող մեծամասնությունը պատասխանել է, որ տեղյակ չէ, քանի որ իրենց ոչ ոք այդ մասին չի տեղեկացրել: Հարցվածների մեծ մասը գտնում է, որ նախագահի լիազորություններն այսօր ավելին են, քան պետք է, եւ հակառակը՝ ԱԺ-ի լիազորություններն ավելին պետք է լինեն, քան այսօր են: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել