Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացիները սեփականացնում են մեր եկեղեցիները

Մարտ 05,2005 00:00

Վրացիները սեփականացնում են մեր եկեղեցիները Մարտի 3-ին հայ եւ վրացի 50 երիտասարդներ նախաձեռնել էին ակցիա, որը սկսվեց Վրաստանի մայր տաճարում: Սուրբ Սիոնից երիտասարդները մոմերով հասան Նորաշեն եկեղեցու մոտ, ապա Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ եկեղեցի, որտեղ նրանց դիմավորեց վիրահայոց թեմի փոխառաջնորդ Աբգար աբեղա Հովակիմյանը: Վրաստանում հայ եկեղեցու հանդեպ ծավալված անհեթեթ գործունեությունը դատապարտելով՝ երիտասարդները այս ակցիայով հաստատեցին, որ կա պատմական ճշմարտություն: Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն էլ տարածել էր մի հայտարարություն, որով դատապարտել է վրաց հոգեւորականության կողմից պատմության խեղաթյուրումը: Իրողությունը, որին հաջորդել է ակցիան, 17 տարվա վաղեմություն ունի: Այն կապված է Նորաշենի հայկական եկեղեցու հետ. կոնֆլիկտն այսօր մտել է նոր փուլ: Մի քանի ամիս առաջ, ըստ հայտարարության տեքստի, մեկդարյա պատմություն ունեցող վրացական արձանագրություններով տապանաքարերը հանկարծ հայտնվել են Նորաշենի սուրբ Աստվածածին եկեղեցու բակում ու հարմարեցվել են, տեղավորել: Վրաց եկեղեցու հոգեւորական հայր Տարիելի այն հայտարարությունը, թե հայերը ոչ մի դեպքում չէին համաձայնի վրաց հոգեւորականների աճյունների ամփոփումը եկեղեցու բակում, նպատակ ունի ապացուցել, թե Նորաշենը վրացական եկեղեցի է: «100-ամյա շիրմաքարերը տեղահանել եւ Թբիլիսի տեղափոխելով օգտագործել որոշակի նպատակների համար՝ վանդալիզմ է ոչ միայն հայ, այլեւ վրաց ժողովրդի նկատմամբ: Շիրմաքարերի տեղահանումը քրիստոնեական մեծ մեղք է համարվում,- ասաց վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը:- Եկեղեցու հայկական պատկանելության մասին բոլոր փաստաթղթերը պահպանված են: Կա նույնիսկ հողի հատկացման փաստաթուղթ եւ, ի վերջո՝ արխիվներ, որոնք հստակ մատնանշում են եկեղեցիների պատկանելությունը: Փաստի խեղաթյուրումը հիմնականում ծայրահեղականների գործն է: Հուսով ենք, որ վրաց եկեղեցին մտահոգված է»: Զ. Գամսախուրդիայի օրոք վրաց ազգայնամոլները ակտիվացրել են պայքարը: Նորաշենը վրացական հայտարարելու համար 1994-ին արխիվներից անհետանում են վկայություններ պարունակող փաստերը, ինչը մեծ վրդովմունք է առաջացնում տեղաբնակ հայերի մեջ: Սկսած 95-ից, աշխատանքներ են սկսվում եկեղեցու ներսում: Փորձում են ոչնչացնել հայկական արձանագրությունները, Հովնաթանյանների որմնանկարները եւ հայկական խաչքարերը: Սակայն հայ եւ վրացի բարձրաստիճան հոգեւորականների միջամտությամբ խնդիրը փոխվեց: Իսկ այսօր իրավիճակը անկանխատեսելի է դարձել, քանի որ նպատակին հասնելու համար կարող են տեղահան անել իրենց հանգուցյալների շիրմաքարերը: Նրանք որդեգրել են մի մոտեցում, թե նախապես բոլոր եկեղեցիները եղել են վրացական, բայց քանի որ վրացիները աղքատ են եղել, իսկ հայերը՝ հարուստ, նրանք գնել են եկեղեցիները: Հիմա էլ վրացիները, հանդիսանալով օրինական տերեր, ետ են վերցնում իրենցը: Վիրահայոց թեմի առաջնորդը իրենց հիմնական խնդիրը համարեց Վրաստանում խղճի եւ կրոնական ազատության օրենքի չգոյությունը: «Դա զրկում է մեզ գործելու իրավական դաշտում: Հաջորդ խնդիրը, որ հուզում է մեզ՝ վրաց կառավարությունում մինչ օրս չկա պատմական հուշարձանները կառավարության որոշմամբ իրենց օրինական տերերին իրավական ձեւակերպումով վերադարձնելու հստակ մեխանիզմ»,- ասաց Վազգեն սրբազանը: Երրորդ դժվարությունը, որ վերջին 15 տարում ծառացած է վիրահայ թեմի առջեւ՝ պատմական հուշարձանների խնդիրն է, որ այդ ժամանակահատվածում վրաց հոգեւորականները տիրել, վերաօծել եւ դարձրել են գործող վրացական եկեղեցիներ: Սակայն մի քանի պատմական եկեղեցիներ՝ Թբիլիսիում, Ջավախքում եւ հայաշատ այլ վայրերում, վերադարձնելու խնդիր ունեն: «Նամակ ենք հասցեագրել Մ. Սահակաշվիլուն,- պատմում է թեմի առաջնորդը,- որպեսզի նա հստակեցնի մեր կարգավիճակը Վրաստանում: Դարեր շարունակ գրանցված ենք եղել որպես թեմ, սակայն անկախությունից հետո, օրենքի բացակայության պատճառով, թե մենք, թե կրոնական մյուս միավորումները հայտնվել ենք օրենքից դուրս: Որոշ քաղաքական եւ պետական գործիչներ համոզված են, թե օրենքի ընդունումը կթուլացնի վրաց եկեղեցին: Այսօր 500 հազար հայ, նույնքան էլ ադրբեջանցի եւ այլ ազգեր են ապրում Վրաստանում: Հոգեբանական հարցեր կան, եւ շատերը դեմ են այլազգիների գործունեության օրինականացմանը, ինչը կարող են լուծել նախագահը եւ խորհրդարանը: Ինչ վերաբերում է շիրմաքարերին, դրանք դեռ Նորաշենի բակում են եւ հույս ունենք, որ շուտով կտեղափոխվեն»: Անդրադառնալով վիրահայոց թեմի կյանքին, Վազգեն սրբազանը պատմեց. «Այսօր հատկապես երիտասարդությունը համախմբվել է եկեղեցու շուրջը: Հայր Աբգարի աջակցությամբ աշխուժացել է թատրոնի կյանքը, որը վերջերս հյուրախաղերի էր մեկնել տարածաշրջանի հայաշատ վայրեր: Մենք Վրաստանում ունեցել ենք 638 եկեղեցի եւ աղոթատուն, այսօր գործողները, ցավոք, շատ քիչ են»: ՌՈՒԶԱՆ ԱՎՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել