Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ

Մարտ 15,2005 00:00

ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՍԱՅԹԱՔՈ՞ՒՄ, ԹԵ՞… Ինչպե՞ս եք մեկնաբանում այն փաստը, որ ամերիկահայերի հետ հանդիպման ընթացքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը կիրառեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը՝ օգտագործելով մի որակում, որը չի արտահայտում իր կառավարության տեսակետը: Այս հարցն ուղղեցինք 1991-2001-ի ընթացքում ԱԳՆ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած (արտգործնախարարի տեղակալից մինչեւ տարբեր երկրներում արտակարգ եւ լիազոր դեսպան եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներկայացուցիչ) Արման Նավասարդյանին: Նա խոստովանեց, թե դժվարանում է տալ միանշանակ պատասխան. «Գրեթե անհնար է, որ պրոֆեսիոնալը երբեւիցե արտահայտի իր կառավարության պաշտոնական դիրքորոշմանը հակադիր տեսակետ: Ինձ նաեւ անհավանական է թվում այն վարկածը, թե դեսպանը նման հայտարարություն է արել հաճոյանալու համար Կալիֆոռնիայի հայ համայնքին կամ մեր հասարակայնությանը: Դա էժանագին գործելաձեւ է, որին ամերիկացիները հազիվ թե դիմեն: Իմիջիայլոց, եթե հիշում եք՝ նման սայթաքում եղավ Հայաստանում ՌԴ-ի առաջին դեսպան Վլադիմիր Ստուպիշինի կողմից եւս: Նա իրոք համակրում էր մեզ, չէր թաքցնում Ղարաբաղի հարցում իր հայանպաստ դիրքորոշումը, ինչը նրան չներվեց: Դիվանագիտական խաղի կանոնները հաճախ դաժան են: Մոսկվան, հավանաբար Բաքվի ճնշման տակ, նրան ետ կանչեց 2 տարուց: Բացառված չէ մեկ ուրիշ, մեզ համար տհաճ վարկած եւս: Համաձայնեցված կարգով Էվանսն անում է հիշյալ հայտարարությունը, իսկ հետո հանդես գալիս «մեղայականով»: Այս դեպքում Քոնդոլիզա Ռայսը հետապնդում է 2 նպատակ. ա/ հակադարձել ամերիկահայերի հակաբուշական ընտրարշավին եւ մի փոքր «դաս» տալ նրանց Եղեռնի 90-ամյակի նախօրեին, բ/ կրկին հիշեցնել Երեւանին Վաշինգթոնի տարածաշրջանային քաղաքականությունը: Մենք 14 տարի է՝ անկախ ենք եւ պետք է հասկանանք մի պարզ ճշմարտություն. միջազգային քաղաքականության մեջ ոչինչ հենց այնպես չի լինում: Եկեք հիշենք անցնող տարվա քաղաքական իրադարձությունները՝ Ջոնսի հայտարարությունը, Աթկինսոնի զեկույցը, նույն Էվանսի կոշտ հայտարարությունը Ղարաբաղի մասին, ԵԱՀԿ փաստահավաք առաքելությունը, Պետդեպի մարդու իրավունքներին վերաբերող տարեկան զեկույցը, «Եվրոպական հարեւանության քաղաքականություն» ծրագրի Հայաստանի մասին զեկույցը. սրանցից եւ ոչ մեկը հայանպաստ չի եղել: Եթե նայելու լինենք այս տեսանկյունից՝ Էվանսի միջադեպը լրիվ տեղավորվում է դեպքերի տրամաբանական շղթայի մեջ եւ նույնպես չի խոսում մեր օգտին»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել