Լրահոս
Օրվա լրահոսը

Հիվանդանո՞ց,

Մարտ 15,2005 00:00

Հիվանդանո՞ց, թե՞ «անտերանոց» Արթիկցիների մեծ մասը այլընտրանք չունենալով հանդերձ՝ սարսափում է իրենց հիվանդանոց դիմելու մտքից: Պատճառը, ըստ նրանց, ոչ թե բժիշկների վատ վերաբերմունքն է, այլ «Նոյի թվի» կառույցի «չտեսնված ու չլսված» հակահիգիենիկ պայմանները: 30- ական թվականների շենքը ոչ միայն հիմնահատակ քայքայված է, վթարավտանգ, կոյուղագծերից ու շուրջօրյա ջրամատակարարումից զուրկ, այլեւ դեպրեսիայի մեջ գցող ծակ պատերով է, քայքայված հատակով ու կտուրով: Այս պայմաններում, հիվանդների բնութագրմամբ, ապաքինվելու փոխարեն կարելի է միայն նոր հիվանդություններ ձեռք բերել: «Դեռ վիրահատությունից դուրս չեկած, աչքներս չկպցրած, ծեփոնները գլխներիս է թափվում»,- պատմում են հիվանդները: Նրանց համոզմամբ, երկրագնդի ոչ մի ծայրում նման բուժհիմնարկ չկա: «Բա սա Եվրախորհուրդ մտած պետության հիվանդանո՞ց է»,- զարմանում են վերջիններս: Հիվանդանոցի տնօրեն, վիրաբույժ Հովհաննես Մկրտչյանի կարծիքով էլ, նման վիճակից տուժում է ոչ միայն հիվանդը, այլ հենց իրենք՝ բժիշկները, ընկնում է պետության հեղինակությունը: «Ցավալի է, որ մեր շրջանի հիվանդը այլ քաղաքներ է հասնում կամ էլ բուժօգնության ընդհանրապես չի դիմում»,- մտահոգված է բժիշկ պաշտոնյան: Նրա պարզաբանմամբ, Արթիկի ու հարակից գյուղերի մոտ 80 հազար բնակչության միակ հույսը այս հիվանդանոցն է, քանի որ տարածաշրջանի միակ բազմապրոֆիլ բուժհիմնարկն է: Նույնը հաստատում են նաեւ իրենց սոցիալապես խիստ անապահով համարող բնակիչները: «Ավելի լավ է մի եկեղեցի պակաս սարքեն, որտեղ 10 տարվա մեջ 10 մարդ էլ չի մտնում, քան մարդկանց կյանքի հետ խաղ անեն՝ նման նշանակության օբյեկտն անտեսելով»,- կարծում են արթիկցիները: Մեր տեղեկություններով, ինքնակամ, թե հարկադրված, այնուամենայնիվ, տարվա մեջ մոտ 1600 հիվանդ այս կառույցի դուռն է թակում, 800 հոգի ստացիոնար բուժում է ստանում, այդքանն էլ օգտվում է ամբուլատոր ծառայությունից: Արթիկցի բժիշկների պնդմամբ, իրենց մասնագիտական որակը մայրաքաղաքայինին ընդհանրապես չի զիջում, պարզապես իրենց գործին «քար գցողը» շենքային պայմաններն են: Մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից եւս հաստատեցին շենքի սարսափելի վիճակը ու տեղեկացրին, որ հիշյալ հիվանդանոցը ներառված է «Աղետի գոտու վերանորոգման համալիր ծրագրի մեջ», որը իրականացվելու է մինչեւ 2008-ը: Իսկ թե ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով է վերանորոգվելու կոնկրետ այս կառույցը, քաղաքաշինության վարչության պետ Արտաշես Սարգսյանի համար անհայտ էր: Մարզպետարանի առողջապահության վարչության պետ Ռուբեն Խաչատրյանի կարծիքով էլ իրենց կրակը գցողը կառույցի աննկարագրելի մեծությունն է: Անհրապույր շենքը նույնիսկ օգնություն ստանալու հատուկ ակնկալիքով հիվանդանոց հրավիրված Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանի գութը չի շարժել. նա ոչինչ չի խոստացել: Ի տարբերություն իտալացու, առողջապահության բոլոր՝ հին ու նոր նախարարները ճոխ խոստումներ են տվել, սակայն պատկերն այն է, որ հիշյալ կառույցը դեռեւս դուրս չի եկել հրատապ վերանորոգման օբյեկտների ցանկից: Իմիջիայլոց, սա մարզի ամենաանբարեկարգ հիմնարկն է: Ռուբեն Խաչատրյանի ասելով, եթե բարերաներ չկան, տնօրինությունը իր միջոցներով պետք է ամենաանհրաժեշտ սպասարկման հատվածները վերանորոգի, օրինակ՝ վիրահատարանը: Իսկ հիվանդանոցի տնօրենը հսկայական կառույցը սեփական միջոցներով վերանորոգելու գաղափարը աբսուրդ է համարում: Նրա ասելով, բյուջետային միջոցները հազիվ են բավարարում ընթացիկ ծախսեր անելու ու շենքը պահպանելու համար: «Թեեւ՝ ձեռքներս ծալած չենք նստում ու բարեգործի հայտնվելուն սպասում, անցած տարի փորձեցինք նվիրատուներ փնտրել, բայց ով մասնակցեց՝ միայն բուժաշխատողներն ու էդ պահին բուժվող հիվանդները»,- ասում է Հովհաննես Մկրտչյանը՝ իրականում լուրջ օգնություն ակնկալելով: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել