Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԸ

Մարտ 26,2005 00:00

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ Անցնող շաբաթ միջազգային լրատվական միջոցների ուշադրության կենտրոնում գտնվող քաղաքական թեմաներից մեկը Արաբական պետությունների լիգայի գագաթաժողովն էր, որը տեղի ունեցավ մարտի 22-24-ը Ալժիրի մայրաքաղաքում: Վաթսուն տարի առաջ ստեղծված համաարաբական կառույցի սույն միջոցառումը խիստ կարեւորվում էր նրա անդամների կողմից, որոնք ակնկալում էին կուտակված կազմակերպչական խնդիրների լուծում, միջպետական հարաբերությունների զարգացման բարելավում եւ, ամենագլխավորը, Մերձավոր Արեւելքի լարվածության թուլացմանն ուղղված արդյունավետ որոշումների ընդունում: Գագաթաժողովը որոշում ընդունեց համաարաբական պառլամենտի ստեղծման մասին: Օրակարգում ընդգրկված էին սոցիալ-տնտեսական, ազատ առեւտրի համաձայնագրի, մաքսային տուրքերի եւ ֆինանսների խնդիրները, որոնց պակասի հետեւանքով սառեցված է մոտ 500 ծրագրերի իրագործումը: Առաջին հայացքից տարօրինակ է հնչում, որ հիմնականում «նավթառատ» երկրներ ներկայացնող լիգան եւս բախվում է ֆինանսական դժվարությունների հետ. պարզվում է, որ դրամի առկայությունը միշտ չէ, որ ապահովում է բոլոր անդամների կանոնադրությամբ սահմանված պարտականությունների կատարումը: Այնուամենայնիվ, ալժիրյան գագաթաժողովում ձեռք բերվեց համաձայնություն 30 մլն դոլարի հատուկ ֆոնդի ստեղծման վերաբերյալ, որը մասնագետների կարծիքով առանձնապես մեծ գումար չէ նման կազմակերպության համար: Սակայն լիգայի առաջ ծառացած խնդիրների հիմքում ընկած են ոչ միայն եւ ոչ այնքան կազմակերպչական հարցեր, որքան քաղաքական հակասություններ եւ որոշ անդամ-պետությունների՝ միմյանց անհարիր դիրքորոշումներ, որոնք կեսդարյա արաբա-իսրայելյան հակամարտության ընթացքում մեկ անգամ չէ, որ կործանարար են եղել արաբների համար: Այս գագաթաժողովը կրկին փաստեց, որ անհամաձայնության սինդրոմը խոր արմատներ ունի տարածաշրջանում: Չնայած լիգայի գլխավոր քարտուղար Ամր Մուսայի այն հայտարարությանը, թե գագաթաժողովն անցավ «շատ հաջող եւ առանց որեւէ տարաձայնությունների», արաբական ընտանիքում ամեն ինչ չէ, որ կարգին է: Ուշագրավ է, օրինակ, Ալժիրի հանդիպման կապակցությամբ Հորդանանի արտգործնախարար Հանի ալ-Մուլքի հետեւյալ ինքնաքննադատական դիտողությունը. «Արաբները դաս չեն քաղում պատմությունից, եւ իրենց որոշումներում ղեկավարվում են ոչ թե տրամաբանությամբ, այլ զգացմունքներով»: Եթե ելնենք այն իրողությունից, որ արաբական 22 լիդերներից Ալժիր ժամանեցին ընդամենը 12-ը (մնացած երկրները ներկայացված էին վարչապետների կամ արտգործնախարարների մակարդակով), դժվար է նախարարի հետ չհամաձայնել: Գագաթաժողովում բացակայում էին, մասնավորապես, Հորդանանի թագավոր Աբդալահ II-ը, Լիբանանի նախագահ Լահուդը, Բահրեյնի, Քուվեյթի եւ Օմանի ղեկավարները, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Աբդալահը: Վերջինս իր բացակայությունը պատճառաբանեց այն հանգամանքով, որ «չի կարող Լիբիայի լիդեր Մուամար Կադաֆիի հետ գտնվել նույն հարկի տակ»: Իմիջիայլոց, Կադաֆին գագաթաժողովը թողեց սկսվելուց անմիջապես հետո՝ առանց մեկնաբանելու այդ քայլը (Կադաֆին միակ արաբական առաջնորդն է, որը բարձրաձայն հայտարարում է, թե լիգան կորցրել է իր գոյության իմաստը, եւ սպառնում է դուրս գալ այդ կազմակերպությունից: Հետաքրքիր է նշել, որ հրաժարվելով իր ահաբեկչական ծայրահեղական հայացքներից եւ շրջադարձ կատարելով դեպի ԱՄՆ, Կադաֆին պաղեստինցիներին կոչ է անում հրաժարվել ինթիֆադից եւ Իսրայելի հետ ստեղծել միացյալ պետություն): Ինչ վերաբերում է նախագահ Լահուդին, նա, չնայած այն հանգամանքին, որ գագաթաժողովի օրակարգի հարցերից մեկը սիրիական զորքերի դուրսբերումն էր Լիբանանից, չկարողացավ թողնել Բեյրութը, քանի որ այն, մի շարք վերլուծաբանների կարծիքով, կանգնած է «մայրիների» հեղափոխության շեմին: Այդ բոլորի կողքին տարաձայնությունների անկյունաքարը մնում է պաղեստինա-իսրայելյան հակամարտության հետագա կարգավորման խնդիրը եւ այդ գործընթացին արաբական երկրների մասնակցությունը: Այսպես, Հորդանանի թագավոր Աբդալահ II-ը գագաթաժողովից ոչ շատ առաջ առաջարկեց կարգավորել հարաբերությունները Իսրայելի հետ՝ վերջ տալ «արաբա-իսրայելյան հակամարտությանը, բնականոն հարաբերություններ հաստատել իսրայելյան պետության հետ եւ հասնել վիճելի խնդիրների երկարատեւ համապարփակ կարգավորման»: Եթե խոսելու լինենք ավելի կոնկրետ, ապա թագավորն առաջարկում է Հորդանանի օրինակով, որը խաղաղություն է կնքել Իսրայելի հետ, ընդունել ռազմական գործողությունների հետեւանքով կատարված աշխարհագրական ձեւափոխությունները, այսինքն՝ ճանաչել Իսրայել-պետությունը ներկա գոյություն ունեցող սահմաններում: Հիշեցնենք, որ 1967թ. Եգիպտոսի, Հորդանանի եւ Սիրիայի միացյալ զինված ուժերը՝ ունենալով Խորհրդային Միության լայն աջակցությունն ու օգնությունը, հարձակվեցին Իսրայելի վրա: Վերջինս Վեցօրյա պատերազմում գլխովին ջախջախեց արաբական զինված ուժերը, գետնի վրա ոչնչացրեց ողջ ավիացիան, գրավեց Սինայի թերակղզին, Գազայի հատվածը, Հորդանան գետի արեւմտյան ափը եւ Գոլանի բարձունքները: Աբդալահ II-ի առաջարկը մերժվեց գագաթաժողովին նախորդած լիգայի արտգործնախարարների հանդիպման ժամանակ, որի պատճառով էլ թագավորը հրաժարվեց ժամանել Ալժիր: Այս փոխզիջումային եւ հեռանկարային առաջարկը, որն ամենայն հավանականությամբ համաձայնեցված էր Վաշինգթոնի հետ, մերժվեց գագաթաժողովում, առաջին հերթին, Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Եմենի, Սիրիայի եւ, բնականաբար, վերջինիս հարող Լիբանանի կողմից: Գագաթաժողովը խաղաղության դիմաց Իսրայելից պահանջում է հեռանալ բոլոր գրաված հողերից, թույլատրել պաղեստինցի փախստականների վերադարձը իրենց բնակավայրերը, ստեղծել պաղեստինյան պետություն՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Այս համատեքստում պերճախոս է Ամր Մուսան. «Մենք մեր դիրքորոշումից չենք նահանջի անգամ մեկ միլիմետր»,- հայտարարել է նա: Այս բոլորով հանդերձ, սխալ կլիներ ալժիրյան գագաթաժողովը ներկայացնել զուտ մռայլ գույներով: Հուսադրիչ է հնչում գագաթաժողով հրավիրված փորձառու դիվանագետի՝ Խավիեր Սոլանի հեղինակավոր կարծիքը: Նա դրական միտում է նկատում գագաթաժողովում եւ գտնում է, որ այն «ավելի արդյունավետ էր, քան երբեւէ», «քանի որ դժվար է մոռանալ Արաբական լիգայի նախորդ որոշումները»: Այնուամենայնիվ, լավ հասկանալու համար Արաբական լիգայի պետությունների գործունեությունը՝ մասնավորապես, եւ արաբական աշխարհում կատարվող զարգացումները՝ ընդհանրապես, անհրաժեշտ է թռուցիկ վերհիշել Մերձավոր Արեւելքում ընթացող խորքային գործընթացները՝ գոնե վերջին մեկ-երկու տարում: Հարկ է նկատի ունենալ ժողովրդավարական միտումներ ունեցող ռեֆորմները Սաուդյան Արաբիայում եւ Եգիպտոսում, հակասիրիական ելույթները Լիբանանում, ընտրությունները Իրաքում եւ Պաղեստինում: Այդ ընտրությունները, իրենց թերություններով հանդերձ, լույսի ճանապարհ են ցույց տալիս հակամարտությունների, արյունահեղությունների եւ ահաբեկչությունների տասնամյակների մղձավանջում: Հարկ չկա առանձնահատուկ խորաթափանցություն ունենալ՝ տեսնելու, որ այս ամենի ետեւում ուրվագծվում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականության մեխանիզմը: Որքան էլ քննադատեն Վաշինգթոնի աշխարհառազմավարական նկրտումները, որոնք ուղղված են ԱՄՆ-ի՝ առաջիկա 30-50 տարում աշխարհի միակ գերտերության կարգավիճակի ամրապնդմանն ու պահպանմանը, չենք կարող անտեսել կայուն եւ մշտական խաղաղություն հաստատելու ուղղությամբ նրա ծավալած ակտիվ գործողությունները Մերձավոր Արեւելքում, մի տարածաշրջանում, որը 1948թ. իսրայելյան պետության ստեղծման պահից ի վեր տառապում է արյունահեղ առճակատումների եւ ռազմական բախումների հետեւանքով: Բավական է նշել, որ աշխարհի բնակչության 6% կազմող այդ տարածաշրջանի վրա ընկնում է վերջին 50 տարում երկրագնդում տեղի ունեցած կոնֆլիկտների 35%-ը: Այստեղ թափ է հավաքում Միացյալ Նահանգների կողմից մշակված եւ «Մեծ ութնյակի» կողմից մեկ տարի առաջ հավանության արժանացած նախաձեռնությունը, որն ուղղված է ողջ «Մեծ Մերձավոր Արեւելքի» վերափոխմանը: Այդ ամբիցիոզ ծրագիրը, որը տարածվում է ողջ արաբական աշխարհի, Իրանի, Թուրքիայի, Իսրայելի վրա, ընդհուպ մինչեւ Պակիստան եւ Աֆղանստան, իր մեջ ներառում է ԱՄՆ-ի եւ Եվրոպայի քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ տեխնոլոգիական ներուժը, եւ հաջողվելու դեպքում այն Մերձավոր եւ Միջին Արեւելքի ժողովուրդներին կարող է բերել խաղաղություն, ազատություն եւ ապահովություն: Վերադառնալով Ալժիրում կայացած Արաբական լիգայի պետություններին, մեր կարծիքով այդ կազմակերպության հետ գործունեությունը պետք է դառնա Հայաստանի դիվանագիտության կարեւոր ուղղություններից մեկը՝ մի քանի պատճառներով. ա/ Մերձավոր Արեւելքում Հայաստանը դեսպանություններ ունի ընդամենը 4 երկրում՝ Եգիպտոսում, Լիբանանում, Արաբական էմիրաթներում եւ Սիրիայում: Վերջինիս հետ՝ հավատարմատարի մակարդակով: Մինչդեռ Արաբական լիգայի հետ կապը նոր հորիզոններ կբացեր մեր արտաքին քաղաքականության համար՝ ինչպես միջազգային այլ ֆորումների, այնպես էլ երկկողմ հարաբերությունների մակարդակով: Լիգայի հետ համագործակցությունը կարեւոր է նաեւ այն առումով, որ տարածաշրջանային մեկ այլ կազմակերպություն՝ Իսլամական կոնֆերանսը, որի երեք առանցքային երկրների՝ Սաուդյան Արաբիայի, Պակիստանի, Թուրքիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ, մեր եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վարում է միանշանակ բացասական քաղաքականություն: Արդ, Հայաստանի փոխշահավետ հարաբերությունները լիգայի հետ որոշակի առումով կհավասարակշռեր եւ կչեզոքացներ Իսլամական կոնֆերանսի հակահայկական գործունեությունը: Այդպիսի հնարավորություն կա, քանի որ, որքանով մեզ հայտնի է մամուլից, ստորագրված է երկկողմ համաձայնագիր, որով Հայաստանը ստանում է լիգայի դիտորդի կարգավիճակ: Այդ կարգավիճակով Ալժիրի գագաթաժողովին մասնակցել են Ռուսաստանն ու Հնդկաստանը. բ/ Հայաստանը պատմական եւ աշխարհագրական առումով առնչվում է «Մեծ Մերձավոր Արեւելքի» հետ: Գլոբալիզացիայի եւ ինտեգրացիայի պայմաններում բացառված չէ, որ արաբական երկրների հետ համագործակցությունը կարող է հեռանկարներ բացել տարածաշրջանային ծրագրերին Հայաստանի մասնակցության համար: Ըստ որում՝ այդ ծրագրերը կարող են լինել բազմակողմ, եռակողմ, երկկողմ եւ այլն: Օրինակ, մի քանի տարի առաջ Բեյրութում քննարկվում էր եռակողմ համագործակցության ծրագիր, որի շրջանակներում նախատեսվում էր ԱՄՆ-ի օգնությամբ իրագործել ականազերծման աշխատանքներ Լիբանանում եւ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանամերձ շրջաններում ու Ղարաբաղում: Կամ, եթե Հայաստանը լիգայի անդամ-երկրներից որեւէ մեկի հետ ստորագրի ազատ առեւտրի գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր, ապա այն կարող է տարածվել մյուս անդամների վրա եւ այլն. գ/ եւ, վերջապես, Մերձավոր Արեւելքի հայկական կարեւոր եւ այսօր լրջորեն վտանգված համայնքները մեր առջեւ խնդիրներ են դնում ֆիզիկապես եւ բարոյապես ներկա գտնվել այդ տարածաշրջանում: ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՀայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել