Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՒՐՋՊԱՐԸ՝ ԸՍՏ ՊԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՉՊԱՐՈՂՆԵՐԻ

Մարտ 29,2005 00:00

Նիգ-Ապարան հայրենակցական միության
մայիսի 28-ին կազմակերպելիք շուրջպարը՝ Արագած լեռան շուրջ, տարաբնույթ մեկնաբանությունների
տեղիք է տվել։ Մշակույթի գործիչներից ոմանք հիացած են նախաձեռնության
հեղինակների երեւակայությամբ, մյուսները կարծում են, որ դեռեւս պատրաստ չենք համազգային
շուրջպարի: Հիշեցնենք, որ շուրջպարն ունենալու է 164 կմ երկարություն, մասնակցելու
է 60000 մարդ: Երվանդ Ղազանչյան, Թատերական գործիչների միության նախագահ-
Չգիտեմ, էլ, թե շուրջպարն ո՞ւմ մտահղացումն է…կարծում եմ՝ խելոք բան են մտածել:
Ենթագիտակցորեն զգում եմ, որ շատ լավ բան է լինելու: Թեեւ պարել չգիտեմ, բայց կգնամ-կմիանամ
պարողներին, մեր թատրոնում էլ կոչ կանեմ, որ անպայման մասնակցեն: Շուրջպարը լավ առիթ
է, որ մարդիկ մոտենան իրար, միգուցե մի օր էլ ուրիշ տեղ էդպես պարեն: Ռուբեն
Ալթունյան, կոմպոզիտոր- Ես դեմ եմ այդ միջոցառմանը, որովհետեւ երեւույթը նույնիսկ
քաղաքական է եւ արձագանքն անպայման Թուրքիայում ունենալու է: Ծախսերը, որ արվում
են այդ նպատակով, կարելի էր բաժանել ժողովրդին, այն մարդկանց, ովքեր հաց են հավաքում
աղբամաններից: Շուրջպարի գաղափարը, իհարկե, լավն է, բայց այսօր դրա ժամանակը չէ:
Վիգեն Ստեփանյան, «Մետրո» թատրոնի տնօրեն- Ես պարել եմ «Հայաստան» հիմնադրամի
մարաթոններից մեկի ժամանակ, այնպես որ, նման փորձ ունեմ (ժպտում է-Գ.Հ.): Կարծում
եմ, որ այս շուրջպարն էլ կարեւոր նշանակություն կունենա: Մեր թատրոնի երիտասարդներին
անպայման կոչ կանեմ միանալու ակցիային: Նիկա Բաբայան, պրոդյուսեր- Ես պարային
որեւէ միջոցառման դեմ ոչինչ չունեմ, պարզապես ինձ խորթ են պիոներական միջոցառումներն
ու համերգները, որոնք այնպես են կազմակերպված, որ ասես աջաբսանդալ լինեն: Չգիտեմ՝
ուրիշներն ինչ են մտածում, ինձ համար անընդունելի են նմանօրինակ մեծամասշտաբ միջոցառումները:
Աշոտ Տիգրանյան, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի տնօրեն- Վանուշ
Խանամիրյանը մեր անսամբլի գլխավոր կոնսուլտանտն է, ինքն առաջարկեց միանալ շուրջպարին,
մենք էլ սիրով համաձայնեցինք: Դեռ չգիտենք՝ ինչ ենք պարելու, բայց հագնելու ենք ազգային
տարազ: Տեղյակ եմ, որ 60000 մարդ է մասնակցելու շուրջպարին, այդ թվում՝ բազմաթիվ
պարային կոլեկտիվներ: Ի դեպ, մեր երգչախումբն ու նվագախումբը եւս պատրաստակամ են
մասնակցել միջոցառմանը: Գեւորգ Գեւորգյան, «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն-
Ես գաղափար անգամ չունեմ այդ շուրջպարի մասին, ընդամենը օդից որոշ բաներ եմ լսել:
Չեմ էլ պատկերացնում, թե էդ 60000-ը ինչպես պիտի իրար ձեռք բռնեն ու պարեն: Ախր 100
մետր այն կողմ իրար չեն տեսնելու, երեւի քաոսային վիճակ է ստեղծվելու: Մեզ ոչ ոք
ոչինչ չի ասել, չի հրավիրել, չգիտեմ էլ մասնակցության կարգն ինչպես է՝ ամեն ցանկացող
կարո՞ղ է պարել, թե ոչ: Նման միջոցառումները պիտի բեմադրվեն, պիտի լավ կազմակերպվեն:
Անչափ հարգում եմ Վանուշ Խանամիրյանին՝ մեր վարպետն է, բայց ինքը հո ռեժիսոր չէ,
այդ ամենը ինչպե՞ս է կազմակերպելու: Գուցե էդ շուրջպարը հրաշք է, ե՞ս չեմ հասկանում:
Լեւոն Անանյան, Հայաստանի գրողների միության նախագահ- Մի հայրենակցական միության
(Նոյեմբերյան) նախագահ էլ ես եմ, եւ հասկանում եմ, թե ինչքան դժվար է միությունների
համար զուտ ներքին ռեսուրսների հաշվին ինչ-որ բան անելը: Ողջունում եմ ամեն նախաձեռնություն,
որը հայտ է տվյալ հայրենակցական միության գոյության համար: Այս նախաձեռնությունն
էլ ողջունելի է, պարզապես այնքա՜ն մեծ է շրջագիծը, որ Նիգ-Ապարանը վերցրել է…Այդքան
միջոցները, ջանքերն ու ճիգերը կարելի էր ոչ նման գլոբալ միջոցառման ծառայեցնել…
բայց որ ձեռնարկել են, պիտի խրախուսել: Ի վերջո, դա ավելի լավ է, քան համատարած ոչինչ
չանելը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել