Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ

Ապրիլ 01,2005 00:00

ԿԱԼԿԱԹԱՅՈՒՄ ՎՏԱՆԳՎԱԾ Է ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԿՅԱՆՔԸ Երեխաները դեղնախտի դեմ բուժում են ստացել աղքատների հիվանդանոցում, որը գոմ էր հիշեցնում Վերջին մի քանի ամիսների ընթացքում Կալկաթայի Հայոց ճեմարանում 40 երեխա հիվանդացել է դեղնախտով: Համաճարակի պատճառն այդպես էլ չի պարզվել: Բժիշկները երեխաներին հետազոտելուց եւ հարցուպատասխանից հետո վարակման հնարավոր աղբյուր են համարում խմելու ջուրը: Դեղնախտով հիվանդացել են միայն տղաները: Ճեմարանում տղաներն ու աղջիկներն ապրում են առանձին կացարաններում: Տղաները միայն կեսօրին են ճաշում աղջիկների ճաշարանում, իսկ մնացած ժամերին սնվում են իրենց կացարանում: Այսինքն՝ հավանական է, որ հիվանդության պատճառը տղաների կացարանի խմելու ջուրն է, որն այդպես էլ չի հետազոտվել: Ճեմարանում տիրող վիճակի մասին «Հետքը» մի քանի հոդվածներ է գրել (տե՛ս՝ Կալկաթայի ճեմարանում եղել են նաեւ ֆինանսական չարաշահումներ, https://www.hetq.am/arm/society/0408-kalkata.html): Կալկաթայի Գերագույն դատարանի որոշմամբ, արդեն 6 տարի է՝ Հայոց մարդասիրական ճեմարանը հանձնվել է Ամենայն հայոց կաթողիկոսությանը, եւ կաթողիկոսին է վերապահվել ճեմարանի գործերն իր ցանկացած ձեւով վարելու իրավունքը: Հիմա այնտեղ տիրող իրավիճակի եւ երեխաների կյանքի ու ուսման համար պատասխանատու է եկեղեցին: 2005-ի փետրվարին Մայր աթոռի երեք հոգանոց պատվիրակությունը մեկնել է Կալկաթա՝ ուսումնասիրելու ճեմարանի վիճակը: Պատվիրակության անդամներից տեր Կտրիճ քահանա Դեւեջյանը հրաժարվեց հարցազրույցից՝ նշելով, որ Մայր աթոռը ճեմարանում անհապաղ պետք է բարեփոխումներ իրականացնի: Նա տեղեկացրեց նաեւ, որ Մայր Աթոռի ներկայացուցիչ Տիգրան սարկավագ Բաղումյանը գործուղվել է Կալկաթա՝ իբրեւ ադմինիստրատոր: Կաթողիկոսի հանձնարարարությամբ նա պետք է սկսի այդ բարեփոխումները: Տեր Կտրիճը ավելացրեց նաեւ, որ ճեմարան պարբերաբար հոգեւորականներ են այցելելու: Այսօր, բացի Տիգրան սարկավագից, այնտեղ է նաեւ Մայր աթոռի մեկ այլ հոգեւորական: Կալկաթայի մեր աղբյուրներից մեկի հավաստմամբ՝ հնդկահայ համայնքի մի քանի ներկայացուցիչների՝ Մայր աթոռի պատվիրակությանը հանդիպելու բոլոր ջանքերն ապարդյուն են եղել: Ճեմարանի տնօրեն Սոնյա Ջոնը վարձել է ինչ-որ մարդկանց, ովքեր արգելել են կալկաթահայերին հանդիպել եկեղեցու ներկայացուցիչներին: Ճեմարանում գտնվող հայ երեխաները դեղնախտի դեմ բուժում են ստացել աղքատների համար նախատեսված հիվանդանոցում: Երեխաներից մեկը մորը գրած նամակում պատմել է, որ հիվանդանոցը, որտեղ բուժվել են, կեղտոտ էր եւ նման էր գոմի: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ Սոնյա Ջոնը Կալկաթայի ս. Նազարեթ եկեղեցու միջոցներից մի քանի մլն դոլար էր հատկացրել Կալկաթայում մի հիվանդանոցի կառուցման համար: Բարձրակարգ այդ հիվանդանոցը, սակայն, հայ երեխաներին անհասանելի է: Սոնյա Ջոնն արդարացել է՝ ասելով, թե այն ճեմարանից հեռու է, այդ պատճառով էլ երեխաներին չեն տարել այնտեղ բուժելու: Մեր տեղեկություններով՝ Ս. Նազարեթ եկեղեցին տարեկան 500 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում ճեմարանին: Սա բավականին մեծ գումար է եւ միանգամայն բավարար՝ 101 սան ունեցող ճեմարանում ուսման նորմալ պայմաններ ստեղծելու եւ երեխաներին բարեկեցիկ կյանքով ապահովելու համար: Սակայն ճեմարանում, օրինակ, համակարգչային դասարան ստեղծելու փոխարեն պարբերաբար կոսմետիկ վերանորոգումներ են կատարվում: Առայսօր երեխաները համակարգիչներ չունեն եւ չեն կարողանում էլեկտրոնային փոստով նամակներ ուղարկել իրենց հարազատներին: Ճեմարանում նման հնարավորություն չկա, իսկ ինտերնետային ակումբներ արգելում են երեխաներին այցելել: Մեզ հաջողվել է պարզել, որ ճեմարանում ձեւակերպված է 92 աշխատող: Ճեմարանի այն սաները, ովքեր, կիսատ թողնելով ուսումը, չեն վերադարձել Կալկաթա, անուն առ անուն գիտեն բոլոր աշխատողներին, եւ նրանց թիվը 25-ը չի գերազանցում: Ճեմարանի ֆինանսական վերահսկողությունը դրված է ս. Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների խորհրդի վրա: Իսկ խորհրդի նախագահը նույն Սոնյա Ջոնն է: Այն, որ ճեմարանը ոչ միայն կացարան է, այլեւ կրթօջախ, եւ երեխաները պետք է «բարեկեցիկ» ապրելուց բացի՝ կրթություն ստանան, ոչ մեկին չի հուզում: ՀՀ կրթության նախարարությունն ընդհանրապես հետաքրքրված չէ, թե ինչ կրթություն են ստանում մեր դպրոցներից գնացած 62 աշակերտները, որոնք վերադառնալու են Հայաստան: 13-14 տարեկան աշակերտներն անգլերենից բացի ուրիշ ոչինչ չեն սովորում ճեմարանում: Նրանցից շատերը չգիտեն բազմապատկման աղյուսակը: Բացի այդ, Հնդկաստանում միջնակարգ կրթություն է համարվում 12-ամյա դպրոցը, իսկ Հայոց ճեմարանն ապահովում է միայն 10-ամյա կրթություն: Հնարավոր է՝ ճեմարանի աշակերտները վերադառնան Հայաստան՝ առանց միջնակարգ կրթության վկայականի: ԱՂԱՎՆԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել