Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալային բնակբաշխում

Ապրիլ 06,2005 00:00

Սկանդալային բնակբաշխում Շիրակի մարզպետարանը Արագած 1 շենքի որոշ բնակիչների որպես նոր բնակարան հարեւանների տներն է «հրամցնում»: Գյումրիում բնակբաշխման արդյունքում անօթեւանների թիվն է ավելանում, հատկապես շքեղ վերանորոգված բնակարանների համար արտասովոր պատմություններ են տեղի ունենում, շենքից վտարված «դարավոր» բնակիչները հայտնվում են թունդ վեճերի կամ էլ դատ- դատաստանների մեջ: Մինչ վերջին շրջանում գյումրեցիների ուշադրության կենտրոնում նմանատիպ կառույցներից մեկի՝ Տիգրան Մեծի 5 ա շենքի 30 տարվա բնակիչների ու ԴԱՀԿ-ի միջեւ սկսված ծեծկռտուքն էր, ոչ պակաս «ցնցող» պատմություն էլ սկսվեց Արագած 1-ում: Որ բնակիչներն այլեւս իրենց բնակարանի տերը չեն, հայտնի դարձավ ընդամենը մի քանի օր առաջ՝ պետական բյուջեի միջոցներով վերանորոգված շենքի հանձնման ու բնակբաշխման պահին: Բնակիչների պատմելով, իրենք 40 տարի շարունակ ապրել են հիշյալ կառույցում, որից 17-ը «ահ ու դողով». ի տարբերություն շատերի, երկրաշարժի «թունդ» պահին անգամ տները չեն լքել՝ ալան- թալանից փրկելու հատուկ նպատակով: Ընդամենը 2 տարի առաջ վերանորոգման համար նրանց առաջարկել են կառույցն ազատել, որոշ բնակիչներ վկայեցին, որ իրենց ժամանակավոր կացարաններով անգամ չեն ապահովել, օրենքով նախատեսվող տան վարձը չեն տվել՝ պատճառաբանելով համայնքի բյուջեի աղքատիկ լինելը: Արդյունքում՝ նրանցից շատերը ընկել են պարտքերի մեջ՝ որպես տան վարձ՝ 2 տարվա մեջ ծախսելով մոտ $500-600: Ըստ բնակիչների, իրենք անընդմեջ բողոք-դիմումներ են ներկայացրել տարբեր կառույցների ու նախարարների: Եվ մինչ սրտատրոփ սպասել են շենքում կարմիր ժապավենի կտրվելուն, մարզպետարանը հերթական «սյուրպրիզն» է մատուցել՝ որոշ բնակիչների վտարելով, որոշ մարդկանց էլ հարեւանների տները «հրամցնելով»: Ինչպես «Առավոտին» դժգոհեց շենքի ամենահին բնակիչը՝ Մուշեղ Խումարյանը, «Մարզպետարանը ոչ միայն բոմժի կարգավիճակ է շնորհում, այլ դարավոր հարեւանության ու ընկերության արանքն է խցկվում»: Ավելին, նա վկայեց, որ իրեն առաջարկվող պատկից հարեւանի տունը սեփականաշնորհված է, իսկ իր բնակարանը հատկացվել է մոտ ընկերոջ որդուն: Մինչդեռ, ըստ բնակչի, եթե ոչ ինքը, ապա ո՞վ այստեղ ապրելու իրավունք ունի: Իր ծնողները 1964 թ. 2 սենյականոց բնակարանի դիմաց նույն տարածքում գտնվող 2 հարկանի հսկայական սեփական տունն են նվիրել: Այդ դեպքում ինչո՞վ է մարզպետարանի բնակբաշխման հանձնաժողովը հիմնավորում իր ստեղծած շիլաշփոթը: Ինչպես «Առավոտին» պարզաբանեցին բնակբաշխման հանձնաժողովից, նրանք հիմք են ընդունում կառավարության թիվ 116 որոշումը, ուր մասնավորապես ամրագրված է. «Ամրացված պետական եւ հանրային բնակելի ֆոնդի շենքի բնակարանները հատկացվում են այդ բնակավայրում մշտապես բնակվող տվյալ շենքի նախկին վարձակալներին, եթե նրանց, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, այլ բնակարաններ չեն հատկացվել, կամ եթե ամրացման ընթացքում շենքի բնակարանների բնակելի սենյակների քանակը չի ավելացել կամ պակասել»: Նույնը որոշակի փոփոխություններով վերաբերում է սեփականաշնորհված բնակարաններին: Տվյալ դեպքում բնակբաշխման հանձնաժողովը իր գործելակերպը պատճառաբանում է վերանորոգման արդյունքում սենյակների քանակի կրած փոփոխությամբ, 2 սենյականոց բնակարանի՝ 3 սենյականոց դառնալով: Ավելին, մարզպետարանի ներկայացուցիչները պնդում են, որ ամրացումից հետո բնակարանները 25 քմ-ով ավելացել են, որը մի սենյակի հաշիվ է: Սակայն բնակիչները նրանց ասածի հետ ոչ մի կերպ չեն համաձայնում, նրանցից մեկը դժգոհեց. «Հյուրասենյակը մեջտեղից ծուռտիկ-մուռտիկ կտրել են՝ 8-10 քմ էլ շինարարական նորմերից ելնելով ավելացրել են, հիմա էլ վրեքս սենյակ են հաշվում, բայց մենք հո դիմում չե՞նք գրել սենյակ ավելացնելու»: Ինչպես տեղեկացանք, այս խնդիրն այժմ առկա է 3 բնակարանում, որից երկուսում հաշմանդամներ են բնակվում: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել