Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԵՏՐՈՊՈԼԻ»

Ապրիլ 13,2005 00:00

«ՄԵՏՐՈՊՈԼԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ՕԳՆԵՑԻՆ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ Փետրվարի 8-ի համարում «Առավոտը» լուր էր հրապարակել այն մասին, որ Հ/Ա զանգվածի բնակիչ Բագրատ Գասպարյանը հրազենային վնասվածքներ էր ստացել: Ցավոք, մեր տեղեկատվությունը թերի էր: Բ. Գասպարյանը «Մետրոպոլ» հյուրանոցի աշխատակից չէ եւ հյուրանոցի հետ կապ ունի այնքանով, որ նրա քրոջ ծանոթն իսկապես մոտ 10 օր ապրել է «Մետրոպոլում»: Այդ հյուրը 71-ամյա Ժան Կիլիջյանն էր՝ ֆրանսիական Լիոն քաղաքի բնակիչ, որն իր քաղաքում բավականին ճանաչված դեմք է ռեստորանային բիզնեսում: Պրն Կիլիջյանին եւ Բ. Գասպարյանի քրոջը Ֆրանսիա ճանապարհելուց հետո, գիշերը «Մետրոպոլի» վարորդը օդանավակայանից Բագրատին հասցրեց տուն՝ Հ/Ա զանգված: Սակայն քիչ անց այդ նույն վարորդը ահազանգ էր ստացել Բագրատից, թե իր վրա կրակել են: Վարորդը վերադարձել էր Բ. Գասպարյանի մոտ՝ օգնության կանչելով նաեւ հյուրանոցի անվտանգության աշխատակցին՝ Խաչիկ անունով: «Մետրոպոլի» աշխատակիցները ոչ միայն հիվանդանոց էին տեղափոխել վիրավորին, այլեւ տարբեր տեսակի օգնություն էին ցուցաբերել նրան (Խաչիկը նաեւ արյուն է տվել): Մալաթիայի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Արմեն Մանուկյանը, որտեղ գտնվում է Բագրատը, «Առավոտի» թղթակցին հայտնեց, որ հիվանդը բերվել էր արյունաքամ վիճակում, անգամ 5 րոպե ուշացումը կարող էր նրա համար ճակատագրական լինել, եւ եթե չլիներ «Մետրոպոլի» աշխատակցի բարի կամքը, Բագրատը կարող էր նաեւ չփրկվել: Ըստ պրն Մանուկյանի, այժմ հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում: Հարուցված քրգործի առնչությամբ Մալաթիա-Սեբաստիայի դատախազությունում հարցաքննվել են բազմաթիվ մարդիկ, այդ թվում՝ «Մետրոպոլի» մի շարք աշխատակիցներ: Հաշվի առնելով, որ գործը կարող է առնչվել Երեւանից դուրս գտնվող շրջանակների հետ, այն փոխանցվել է մայրաքաղաքի դատախազություն: Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել