Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանի

Ապրիլ 13,2005 00:00

Դատարանի որոշածը օրենք չի Հարկադիր կատարողները «վազելով» վտարում են «անտեր» մարդկանց իրենց տներից, բայց չեն շտապում կատարել ընդդեմ քաղաքապետարանի ընդունված դատավճիռները: Երբ դատավճիռը վերաբերվում է «հովանավոր» չունեցող սեփականատերերի տարրական իրավունքներին, քաղաքապետարանը «սկզբունքորեն», հնարավոր բոլոր միջոցներով ու զանազան պատրվակներով շրջանցում է: Ընդ որում՝ շատ դեպքերում նույնիսկ նեղություն չկրելով օրենքների պահանջները չկատարելու համար ծանրակշիռ փաստարկներ մոգոնել: Արդեն գրել ենք, որ Երեւանի քաղաքապետարանի դեմ խմբագրությունը բողոքներ շատ է ստանում: Ինչպես մեր անդրադարձած դեպքերն են վկայում, այս գերատեսչությունը խախտում է մարդկանց նույնիսկ ամենատարրական իրավունքները: Նախորդ անգամ գրել էինք, որ քաղաքապետարանը, հակառակ օրենքի, դատարանի եւ հանրապետության նախագահի պահանջներին՝ հրաժարվում է հրապարակային աշխատել եւ հավատարմագրել «Եվրոլուրեր» գործակալության թղթակցին: Այս անգամ քաղաքապետարանը չի ցանկանում մարդկանց սեփականությանը համարժեք փոխհատուցում տալ: Եվ քաղաքապետարանն այսպես վարվում է մոտ 30 սեփականատերերի հետ: Կոնդի բնակիչների տները իրացնելու դիմաց քաղաքապետարանը երկսենյականոց բնակարանի փոխհատուցում տալու պայմանագրային պարտավորություն է ստանձնել, սակայն հետո ոչ միայն չի կատարել այն, այլեւ անթույլատրելի միջամտություններ է արել պայմանագրում, այլ խախտումներ է թույլ տվել: Օրինակ, դրանցից մեկի՝ արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Մանուկյանի տան փոխարեն եւս քաղաքապետարանը պարտավոր է եղել երկու սենյականոց քոթեջատիպ բնակարան հատկացնել: Սակայն քանի որ դրա հնարավորությունը չկա, պետք է դրամական փոխհատուցում տրվի: Քաղաքապետարանը երկկողմանի պայմանագիր է կնքել, համաձայն որի՝ փոխհատուցումը տրվում է մեկ սենյականոց բնակարանի համար: Սակայն դատարանի գնահատմամբ, այս «պայմանագիրը կնքվել է բազմաթիվ խախտումներով»: Իմիջիայլոց՝ հարց է ծագում, թե ինչի համար է մի հսկա գերատեսչության ողջ իրավաբանական բաժինը, եթե սովորական փոխհատուցման պայմանագիրը կնքելիս «բազմաթիվ սխալներ» պետք է թույլ տրվեն: Նման պայմանագիր առանց խախտումների կնքում է ցանկացած միջին փաստաբան: Այսպիսով, ըստ դատարանի, խախտումները հետեւյալն են. նախ, որոշման (պայմանագրի) վերջում սեփականատիրոջը այդ որոշման հետ ծանոթացնելուց հետո քաղաքապետարանի ներկայացուցիչը նոր կետ է ավելացրել, համաձայն որի, փոխհատուցում պետք է տրվի մեկ սենյականոց բնակարանի համար: Այնուհետեւ քաղաքապետարանը պատճառաբանել է, որ սեփականատերը բնակարան է ստացել: Սակայն քաղաքապետարանը, դատարանի գնահատմամբ, հաշվի չի առել, որ Ա. Մանուկյանը բնակարանը ստացել է որպես ազատամարտիկ, այլ ոչ թե իր քանդված բնակարանին՝ փոխհատուցում: Ավելին, եթե Մանուկյանը ժամանակին քաղաքապետարանից «ստացած լիներ իր փոխհատուցումը, ապա որպես ազատամարտիկ կստանար նաեւ ավտոմեքենա կամ այլ խրախուսական բան»: Սակայն մի հետաքրքիր հանգամանք պարզվեց փաստաթղթերի ուսումնասիրությունից. մեր անդրադարձած այս մի քանի դեպքերի (նաեւ «Եվրոլուրերի») վերաբերյալ հարկադիր կատարման գործը գտնվում է միեւնույն հարկադիր կատարողի՝ Վ. Ենոքյանի վարույթում: Իսկ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանն ուղղված բազմաթիվ բողոքներին ի պատասխան՝ քաղաքացիներն ստացել են «որոշումներն ուղարկվել են քաղաքապետարան՝ կատարման պատասխան ստանալու: Ձեզ լրացուցիչ կտեղեկացվի» եւ նմանատիպ պատասխաններ: Իսկ քաղաքապետարանը վճիռները չկատարելու համար պատրվակներ է բերում դատախազություն դիմելը, այլ քայլեր ձեռնարկելը եւ այլն: Մինչդեռ, օրենքով պատասխանատվություն է նախատեսվում ե՛ւ քաղաքապետարանի համար, որը չի կատարում դատարանի վճիռը, ե՛ւ հարկադիր կատարողի համար, որը չի հարկադրում կատարել այդ վճիռը: Հյուսիսային պողոտայի, Փ. Բուզանդի փողոցի բնակիչներին վտարելիս հարկադիր կատարողների ցուցաբերած ջերմեռանդության համատեքստում առնվազն կասկածելի է թվում քաղաքապետարանի նկատմամբ հարկադիր կատարողների կողմից այս դատական վճիռների կատարումը չպնդելը: ԼԻԼԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել