Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ չեն հնչում մեր ռեքվիեմները

Ապրիլ 21,2005 00:00

Ինչո՞ւ չեն հնչում մեր ռեքվիեմները Այս հոդվածի համար առիթ հանդիսացան Մեծ եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված երեւանյան համերգային հայտագրերը: Չգիտես ինչու, մեզանում ավանդույթ է դարձել հիշատակի, սգո եւ նման առիթներով հնչեցնել թեպետ բարձրարվեստ, բայց օտար հեղինակների ռեքվիեմներ ու այլ ստեղծագործություններ: Նշենք, որ նմանօրինակ գործերը քաղաքակիրթ երկրներում չեն սպասում հատուկ օրերի: Ճիշտ է, բոլոր մեծերի ասելիքը նույնն է, եղանակն է տարբեր՝ բոլորն էլ ձգտում են սատար լինել մարդուն նրա դժվար ճանապարհին, արթուն պահելով խիղճը՝ նրան մաքրում ու ողողում են լույսով, լավատեսությամբ: Օրինակ, Բեռլիոզն իր «Ռեքվիեմում» մորմոքում է ֆրանսիական հեղափոխության զոհերի համար, Կոմիտասի «Գարունը» հայոց եղեռնի մորմոքն է: Ինչ խոսք, երկուսն էլ մերժում են բռնությունը՝ որպես մեծագույն հանցանք բնության ու մարդու դեմ: Գուցե հիշեցնել է պետք, որ մեր տաղերը, շարականները, անտունիները ծառաբնի նման իրենց մեջ են կրում ժողովրդի տարիքը, պատմության շերտերը: Թեպետ այսօր կարիք չկա դրանք կրկին փորձարկելու, բայց, գուցե, կարիք կա հիշեցնելու: Հիշեցնելու, որ արվեստի ոչ մի տեսակ այնպիսի իշխանություն չունի մարդկային հոգու վրա, որքան երգը: Հիշեցնելու, որ Կոմիտասը մեր երգի էպոսն է, այստեղ ապրում են մեր ժողովրդի առաքինությունները, նրա դավանանքը, սիրո, ատելության սերմերը: Երեւի շատերը կարդալով, իրենց մտքում կասեն՝ երաժշտությա՞մբ էլ տառապենք, կարծես քիչ է մեր իսկ ժողովրդի ապրած տառապանքը: Բայց եկեք չմոռանանք, որ մեր ազգի մեծ բանաստեղծները ժողովրդի վիշտը երգեցին որպես մարդկության վշտի անբաժան մաս եւ դրանով էլ այն համամարդկային ընդգրկում ձեռք բերեց: Ի՞նչ են մտածում մշակութային քաղաքականություն իրականացնողները: Որտե՞ղ է այդ քաղաքականությունը, երբ օրերի տարբերությամբ, անկախ իրարից, երկու սիմֆոնիկ նվագախմբեր կատարում են միեւնույն՝ Մոցարտի «Ռեքվիեմը»: Ինչո՞ւ մեր ցավը հայերեն չենք բարձրաձայնում: Համոզված լինելով, բայց, այնուամենայնիվ, Կոմպոզիտորների միությունից խնդրեցինք տրամադրել հայ ստեղծագործողների ցանկը, ովքեր ունեն գործեր՝ գրված նման առիթների համար: Միության պատասխանատու քարտուղար, կոմպոզիտոր Հրաչիկ Մելիքյանը ներկայացրեց պատկառելի ցանկ, այդ թվում՝ ավագ սերնդի ու ժամանակակից կոմպոզիտորների՝ Ալ. Հարությունյան, Էդ. Հովհաննիսյան, Տ. Մանսուրյան, Ռ. Ամիրխանյան, Ա. Ոսկանյան, Մ. Իսրայելյան, Ս. Հովհաննիսյան, Մ. Մավիսակալյան եւ այլք: Հիշեցնենք, որ Օպերային թատրոնի խաղացանկում ժամանակին կար Էդգար Հովհաննիսյան-Կոմիտասի «Անտունի» բալետը, այսօր պատրաստ է Ռ. Ալթունյանի՝ Նարեկացու թեմաներով բալետը, Վ. Բաբայանի «Մուսա լեռան 40 օրը» օպերան եւ այլն: Համակարծիք լինելով մեր բարձրացրած հարցին, պրն Մելիքյանը մանրամասնեց, որ յուրաքանչյուր ազգային, պետական երաժշտական կոլեկտիվ ստեղծված է առաջին հերթին իր ազգի երաժշտությունը պրոպագանդելու: Չգիտես ինչու, մեր կոլեկտիվները հակված են ավելի շատ կատարել դրսի հեղինակների գործեր: Սա խայտառակ փաստ է: Մեզ չէր կարող սփոփել մշակույթի նախարարության լրատվական ծառայության հայտնած լուրը, որ ապրիլի 23-ին Օպերային թատրոնում կայանալիք Եղեռնի 90-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի կատարմամբ հիմնականում հնչելու է Կոմիտաս եւ «նախարարը չի որոշում, թե այս կամ այն կոլեկտիվը ինչ ծրագրով հանդես գա. դա կոլեկտիվի գեղարվեստական ղեկավարի իրավունքն է»: Արդարության դեմ չմեղանչելու համար փաստենք, որ Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայում արդեն ամիսներ շարունակ անցկացվում են եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հայեցի միջոցառումներ: Իսկ օրեր առաջ փակցված եզակի հայտագիրը հրավիրում էր Օպերային թատրոն՝ սփյուռքահայ կոմպոզիտոր Հակոբոս Երուսաղեմցու «Ռեքվիեմի» պրեմիերային: Սակայն հայերեն լսել ռեքվիեմ՝ չի հաջողվի, քանի որ համերգը հանված է: Թե ինչ պատճառով՝ այս պարագայում կարեւոր չէ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել