Լրահոս
Օրվա լրահոսը

«10-ից մեկը մեր համախոհն է»

Մայիս 03,2005 00:00

Իջեւանում նման ինքնավստահ պնդում արեց
«Օրինաց երկրի» նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ նշելով, թե այս իրողությունն ակնհայտ
է անգամ իրեն «սիրող-չսիրողների» համար: Թբիլիսիից վերադառնալով՝ ԱԺ նախագահն
ապրիլի 30-ին հանդիպումներ ունեցավ Նոյեմբերյան, Իջեւան եւ Դիլիջան քաղաքներում:
Առավել հետաքրքիր էր ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողների եւ դասախոսների հետ հանդիպումը:
Մասնավորապես՝ պատմության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Սեւադա Ղուկասյանը հետաքրքրվեց,
թե ԱԺ նախագահն ինչ միջոցներ է ձեռնարկում խորհրդարանի նիստերի քվորումն ապահովելու
համար: Ի պատասխան պրն Բաղդասարյանը վկայակոչեց նոր ստացած տվյալները. «Թբիլիսիում
հետաքրքրվեցի Վրաստանի խորհրդարանի փորձով: Նրանք նոր փոփոխություն են կատարել իրենց
կանոնակարգում, եւ այնտեղ, օրինակ, ով նիստին չի մասնակցում՝ պահումներ են կատարում
նրա աշխատավարձից: Չնայած՝ նրանց մոտ պատգամավորի աշխատավարձը 3 անգամ բարձր է հայ
խորհրդարանականների աշխատավարձերից, բայց Հայաստանում էլ ցածր չէ: Այնտեղ մոտ 1500
դոլար է, Հայաստանում՝ 500: Բայց կարծում եմ, որ պետք է անպայման նաեւ նյութական
սանկցիաներ կիրառել այն մարդկանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցում նիստերին: Իհարկե,
ես այն մարդկանց թվին չեմ պատկանում, ովքեր համոզված են, թե այդ սանկցիաները կիրառելով՝
մեծ արդյունքների կհասնենք, քանի որ ունենք նաեւ պատգամավորներ, ովքեր մեծ գումարներ
են ծախսել եւ նրանց համար մի 100 դոլար այս կողմ-այն կողմը շատ մեծ դժվարություններ
չի հարուցի»: Նա վերստին հիշեցրեց, թե պատգամավորների 25%-ը գործարարներ են, որոնց
եթե գումարենք դարձյալ 25% կազմող բոյկոտող ընդդիմադիրներին՝ կստացվի, որ պատգամավորների
կեսը «ոչ լիարժեք են ներգրավված ԱԺ օրինաստեղծ գործունեությանը»: Ընդդիմության առնչությամբ
ԱԺ նախագահն ասաց. «Կարելի է քաղաքական դրդապատճառներից ելնելով 1 կամ 6 ամիս բոյկոտել,
բայց ես մեկ-մեկ նաեւ հարցնում եմ՝ իսկ կարելի՞ է արդյոք բոյկոտել, ասենք, 4 տարի:
Եվ եթե կարող է հնչել տեսակետ, թե ինչո՞ւ ոչ՝ կարելի է նաեւ բոյկոտել 3-4 տարի, ուրեմն,
այդ պարագայում երեւի կա ավելի պարզ ու հստակ ուղի՝ ուղղակի վայր դնել պատգամավորական
այդ մանդատը»: Ի դեպ, նկարում պատկերված զարդանախշ փայտե մեծ գդալն Արթուր
Բաղդասարյանը նվեր ստացավ Իջեւանի այս բուհի մի ուսանողից: Նվերը նախապատմություն
ունի: Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահին հիշեցրին, որ ժամանակին լուծել էր 21 գերազանցիկ
ուսանողների վարձավճարի խնդիրը: Եվ հետաքրքրվեցին, թե մտադի՞ր չէ արդյոք թարմացնել
այդ նախաձեռնությունը: Արթուր Բաղդասարյանն առաջարկեց, որ ցուցակ կազմեն՝ ուղարկեն:
Քիչ անց նրան նվիրեցին ուսանողի այս գործը՝ ընդգծելով, թե նա սովորում է վճարովի
հիմունքներով: Եվ նվերը տվողը հանդիսավոր ազդարարեց. «Ձեր կաթսան միշտ լիքը լինի՝
դո՛ւք էլ օգտվեք, մե՛նք էլ»: Էջը պատրաստեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸԹբիլիսի-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել