Լրահոս
Օրվա լրահոսը

«ՁԱԽԵՐԸ» ՆՈՐԻՑ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԵԼ

Մայիս 03,2005 00:00

«ՁԱԽԵՐԸ»
ՆՈՐԻՑ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ՄԻԱՎՈՐՎԵԼ Ձախ դաշտի միավորումը հավակնում
է իրականություն դառնալ՝ Հայաստանի առաջադիմական կուսակցության կնքահայրությամբ:
Կուսակցությունն ինքը առայժմ դաշինքի մաս չի կազմի: Առաջադեմ երիտասարդների հավակնություններն
այս գործում հետեւյալն են՝ «եթե մենք կարողանանք դառնալ միավորող օղակը, ուրեմն ՀՀ-ի
պատմության մերօրյա էջերում կարելի է գրել մեր անունները»: Երեկ «Առավոտի» հետ զրույցում
Տիգրան Ուրիխանյանը տեղեկացրեց, որ միավորման վերջնական համաձայնագիրը կստորագրի
շաբաթվա վերջում: Ըստ նրա, միավորվելու նախնական համաձայնություն են տվել Հայաստանի
առաջադիմական միացյալ կոմկուսը՝ Վազգեն Սաֆարյանի գլխավորությամբ, Հայաստանի միավորված
կոմունիստական կուսակցությունը՝ Յուրա Մանուկյանի գլխավորությամբ, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական
հնչակյան կուսակցությունը՝ Էռնեստ Սողոմոնյան, Հայաստանի մարքսիստական կուսակցությունը՝
Դավիթ Հակոբյան: Հայաստանի կոմունիստական կուսակցությունը միավորվելու համաձայնության
չի եկել, բայց խոստացել է ողջունել միավորումը: Այս ամենի արդյունքում ենթադրվում
է ժողովրդահայրենասիրական դաշինքի ստեղծում, որն էլ, ըստ մեր զրուցակցի՝ «կգնա լուրջ
ընտրությունների, այսինքն՝ նախագահական»: «Իսկ ո՞վ է լինելու դաշինքի թեկնածուն։
Մասնավորապես, ներկայիս պաշտպանության նախարարի հավանական առաջադրման դեպքում ձայներ
ապահովելու համար միավորվող կուսակցությունների անունները ժամանակ առ ժամանակ ինչ-որ
կերպ կապվում են Սերժ Սարգսյանի անվան հետ»,- «Առավոտի» դիտարկումներին ի պատասխան՝
Տ. Ուրիխանյանն ասաց. «Կլինի դա պաշտպանության ներկայիս նախարար Սերժ Սարգսյանը,
թե մեկ ուրիշը, այն մարդը, որը որ կընդունի եւ կառաջնորդվի կառուցողական մոտեցումներով՝
կայունությամբ եւ խաղաղությամբ, այն հեղափոխություններով, որոնք իրենց ետեւում արյուն
ու խժդժություն չեն թողնում, մենք միանշանակ կսատարենք եւ կօգնենք, որ կայանա»: Միավորված
կոմունիստական կուսակցության նախագահ Յուրա Մանուկյանն, ինչպես եւ սպասվում էր, ոգեւորություն
էր ապրում այս միավորումից: Մինչդեռ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը
հայտարարեց, որ իրենց ոչ մի առաջարկ չի եղել դաշինք կազմելու, բայց ընդհանրապես իրենք
նպատակահարմար չեն համարում դաշինքները եւ առաջիկա ընտրություններին կգնան սեփական
թեկնածուով: Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել