Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարի ավելի ճոխ է լինելու»

Մայիս 27,2005 00:00

Հավաստիացնում
են Երեխաների միջազգային օրվան նվիրված միջոցառման կազմակերպիչները «Սիրելի
մանուկներ, հունիսի 1-ին, ժամը 18.30-ին Կասկադ համալիրում լինելու է մեծ տոնահանդես,
որին մասնակցելու են ծաղրածուներ, խաղաղության աշխարհից արքաներ ու արքայադուստրեր,
կենդանիներ, բալիկներ, լինելու է երգ, երաժշտություն, լիքը փուչիկներ, իսկ ժամը 11-00-ին՝
հրավառություն, դե կգաք, սպասելու եմ»,- գովազդային հոլովակում Հրանտ Թոխատյանի այս
հրավերից հետո բոլոր երեխաները սրտատրոփ օրերն են հաշվում՝ մասնակցելու այդ բացառիկ
տոնակատարությանը, որը կազմակերպել են Գաֆէսճեան հիմնադրամը, «Պատանեկան նվաճումներ»
կազմակերպությունը եւ «Օրրան» բարեգործական հասարակական կենտրոնը: Երեկ կազմակերպիչներն
այս առիթով հրավիրել էին մամուլի ասուլիս՝ ներկայացնելու միջոցառման մանրամասները:
Նախ, փառատոն-տոնահանդեսը բաղկացած է լինելու 3 մասից: Սկզբում լինելու է «Աշխարհին
խաղաղություն» թեմայով թատերականացված ներկայացում, հետո կազմակերպվելու է «Օրրան»
կենտրոնի շնորհալի երեխաների ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որից ստացված
հասույթը փոխանցվելու է մանկատանը: Կենտրոնի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը նշեց,
որ այդպես իրենք սովորեցնում են երեխաներին լինել աշխատասեր ու բարեսիրտ, ուստի պատահական
չէ, որ միջոցառման այդ մասն ունի «Մանուկները մանուկներին» խորագիրը: «Գաֆէսճեան»
հիմնադրամի հասարակության հետ կապերի եւ միջոցառումների տնօրեն Մադլեն Մինասյանի
խոսքերով, «այս տարի ամեն ինչ ավելի ճոխ է լինելու, քան 2004-ին. ավելացվել են ատրակցիոնները,
մեծացել է հյուրերի ցանկը, հեքիաթային թագավորություններից ներկայացուցիչներ ենք
ունենալու, այնպես որ՝ երեխաները առիթ չեն ունենա 1 վայրկյան անգամ ձանձրանալ»: Ի
դեպ, անցյալ տարի երաժշտական մի քանի համարներ կատարել են նաեւ երեխաները, բայց այս
անգամ կազմակերպիչները կտրականապես դեմ են, որ երեխաները «չարչարվեն», թող միայն
մեծերը երգեն ու պարեն, երեխաներին ուրախացնեն: Պատվավոր հյուրերի ցանկում են նաեւ
երեխաների շատ սիրելի «Յո-Յո» շոուն, Պետական կրկեսի ծիծաղաշարժ ներկայացուցիչները,
Կենդանաբանական այգու բնակիչ-գազանները, Տիկնիկային եւ Մարիոնետների թատրոնները եւ
այլք: Երեկոյան ժամերին մանուկների միջազգային օրն իրենց ներկայությամբ եւ անակնկալներով
կողջունեն հայ էստրադային երգիչ-երգչուհիները, իսկ ուղիղ ժամը 23-ին կլինի մեծ հրավառություն:
Միջոցառման կազմակերպիչներն այս ամենին մասնակցելու համար սրտանց հրավիրում են 0-100
տարեկան բոլոր երեխաներին: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել