Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ գին ունի մարդուն կյանքից զրկելը

Հուլիս 21,2005 00:00

Ի՞նչ գին ունի մարդուն կյանքից զրկելը Երեկ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանում (նախագահող՝ Տ. Պետրոսյան) շարունակվեց անչափահաս Ալեքսանդր Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Այս տարվա մարտի 9-ին, ժամը 8-ի սահմաններում Բաբաջանյան փողոցում վրաերթի էր ենթարկել Վազգեն Բունիաթյանին, որը մահացել էր: Հանցագործությունը կատարել էր հոր՝ «Հայփոստ» ՓԲԸ տրանսպորտային ծառայության պետ Սամվել Բաբայանի ծառայողական Chevrolet Cavalier մակնիշի ավտոմեքենայով: Ամբաստանյալի պաշտպան Մամիկոն Մանուկյանը երեկ հանդես եկավ «անպատշաճ պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու մասին» միջնորդությամբ: Նախորդ դատական նիստի ժամանակ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Փաստաբանների միջազգային միության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդել էր քաղաքացիական հայցով պատասխանող ճանաչել «Հայփոստ» ՓԲԸ-ին: Ամբաստանյալի պաշտպանը առարկեց այս միջնորդությանը, հայտարարելով, թե իր պաշտպանյալը ավտոմեքենան չի տիրապետել օրինական հիմքով, այն շահագործվել է աշխատանքի ավարտին: Նա գտնում էր, որ «Հայփոստը» պատասխանատվություն չի կրում կատարվածի համար եւ որ պատասխանատվությունը, ըստ էության, դրվում է մեքենան ապօրինի տիրապետողի վրա: Մինչդեռ Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով, աշխատելով որպես «Հայփոստի» տրանսպորտային վարչության պետ, որպես պաշտոնատար անձ, Բաբայան-հայրը պատասխանատվություն էր կրում իրեն վստահված տրանսպորտային միջոցների պատշաճ շահագործման համար եւ եթե տվյալ տրանսպորտային միջոցը շահագործեր վարորդական իրավունք չունեցող անձը, նա կենթարկվեր քրեական պատասխանատվության: Ամբաստանյալը եւ նրա պաշտպանը հանկարծակիի եկան, երբ Ն. Բաղդասարյանը վկայակոչեց նաեւ «Հայփոստ» ՓԲԸ-ի թիվ 13 կարգադրությունը, որով թույլատրվել էր նշված տրանսպորտային միջոցը ամրագրել Ս. Բաբայանին: Սակայն ի՞նչ էր արել «Հայփոստը» թույլատրելուց հետո: Որեւէ վերահսկողություն չէր իրականացրել, չէր ստուգել մեքենայի տեխնիկական վիճակը, իսկ ծառայողական մեքենան էլ կանգնեցվել էր Բաբայանի տան բակում: Տուժողի իրավահաջորդի կարծիքով, «Հայփոստը» պատասխանատվություն պետք է կրի իր աշխատողների գործողությունների համար: Ի դեպ, ամբաստանյալի հայրը բավականին ակտիվ է իրեն զգում դատարանի դահլիճում, իսկ այնտեղ ներկա օպերատորներից մեկին էլ հանդիմանել էր, թե «շոու եք սարքում»: Հոր ծառայողական մեքենայով հանցագործություն կատարած անչափահաս Ա. Բաբայանը կյանքից զրկել է ապագա գիտնականին, որը 23 տարեկանում հասցրել էր գիտական հոդվածներ հեղինակել: Վազգեն Բունիաթյանը գերազանց ավարտել էր դպրոցը, Պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի դեպարտամենտի բակալավրիատն ու մագիստրատուրան: Նա հատուկ հրավեր էր ստացել՝ իր գիտական փորձերն ու ուսումնասիրությունները Ֆրանսիայի Սակլեի համալսարանում անցկացնելու համար: Ցածր առաջադիմությամբ եւ կասկածելի վարքագծով աչքի ընկած ամբաստանյալ Ա. Բաբայանը նիստերի դահլիճում նույնքան անխռով է իրեն պահում: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել