Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր դպրոցը ոչ թե կրթության խնդիրն է լուծում, այլ երեխաների ժամանցի

Հոկտեմբեր 24,2026 12:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Սկիզբը՝ «Առավոտ» օրաթերթի 15.10.2026-ի համարում

Այս աշխատանքում փորձել եմ սիստեմավորել ՀՀ կրթական համակարգին վերա­բեր­վող սահմանադրական կոնցեպտի  հիմնական և օժանդակ ծրագրերի համակարգային պահանջները։ ՍՍՀՄ-ի վերաբերյալ, որքան էլ թերահավատության ու անվստահության քննա­դա­տական կոչեր են հնչում հիմա, սակայն ՀՀ-ն ժառանգել էր ՍՍՀՄ-ից աշխարհի մասշտաբով հզոր մի գիտակրթական-լուսավորչական, բարոյադաստիարակչական համակարգված մեխանիզմ, որը ՀՀ իշխանությունները իրենց տգետ ու անգրագետ վերաբերմունքով երկրորդ պլան մղեցին և վերջիվերջո ոտնատակ տվին: Արձանագրենք այն փաստը, որ խորհրդային Հայաստանում գիտակրթական, բա­րո­յադաստիարակչական պոտենցիալ բազան ծրագրավորված կառավարվում էր պետության կողմից։ ՀՀ անկախության 35 տարիների ընթացքում այդ ոլորտը բարձիթողի վիճակում է և տարիների ընթացքում եկել ենք իռացիոնալ անկառավարելի, լճացման վիճակի։

Կիսագաղութացված, թալանով զբաղված ՀՀ պետության իշխանություններին ու կոլոնիզատորին բոլորովին չի հուզում կոլոնիզացված ժողովրդի կրթական ու գիտական մակարդակը։ Սինգապուրը, որն այսօր համարվում է ամենաինտելեկտուալ երկիրը և ունի կրթության առաջնակարգ հզոր բազա, իր ամբողջ կրթական համակարգի բնական գիտությունների ծրագրերը վերցրել էր ՍՍՀՄ-ի կրթական համակարգից: Իսկ անկախացած ՀՀ-ն հիմարաբար այդ ծրագրերից հրաժարվեց ու ոտնատակ տվեց։ ՀՀ-ում, ինչպես ամբողջ պետական համակարգն է կառավարվում ինտուիտիվ, անսկզբունք, այնպես էլ նրա բաղադրիչ էլեմենտներից մեկը հանդիսացող կրթական համակարգը: Այսօր դպրոցը ոչ թե կրթության խնդիրն է լուծում, այլ երեխաների ժամանցի: Իսկ կրթության ձգտող երեխաները գիտելիք սովորում են ոչ թե դպրոցում, այլ մասնավոր վճարովի լրացուցիչ պարապմունքներում:

Անկախացման 35 տարիների ընթացքում ՀՀ սահմանադրության 3 անգամվա փոփո­խությունները բացարձակորեն չեն անդրա­դար­ձել հայ ժողովրդի կրթական, մշակութային հնարավորություններին, այլ ընդհակառակը, ունենք համակարգային թվաբանական պրոգրեսիայով անկման պրոցեսներ։ ՀՀ անկախացման ժամանակ, 1991 թ.-ին ՀՀ բնակչությունը կազմում էր 4,5 մլն մարդ, իսկ այսօր հազիվ թե հասնում է 2,5 մլն-ի։ Երկրից հարկադրաբար հեռացել է 2 մլն մարդ, որից մոտավոր տվյալներով 770.000 դպրոցականներ։ Բարեկիրթ,  զարգացող ու բարգավաճող երկրից չեն հեռանում։

Այսօրվա կրթական սիստեմը  գործում է անսկզբունք, աննպատակ, տարերային, բարձիթողի: Որպես կառավարման օբյեկտ, այն բաց համակարգ է, որտեղ բացակայում են նպատակային խնդիրներ, ռեալ հսկման, գնահատման, կառավարման տարրերը: Կրթական ապարատն այսօր գործում է պարապ ընթացքի իռացիոնալ ռեժիմում։ Այն իրական կյանքից կտրված, անկախ գործող, ճահճացած մի անիմաստ համակարգ է:

Արձանագրենք, որ այսօր ՀՀ-ն ունի առնվազն 2 մեծ հարևան՝ ոխերիմ թշնամիներ։ Թուրքիան և Ադրբեջանը էքզիստենցիալ վտանգ են ներկա­յացնում մեր երկրի նկատմամբ։ ՀՀ պետությունն այլընտրանք չունի, պետք է ամբողջ պետական ապարատը դնել ռազմական ռելսերի վրա, ինտենսիվ միլիտարիզացվել, համախմբվել ու ձևավորել ազգ-բանակ համահայկական ազգային պաշտպանական ճակատ, կրթական համակարգն ամբողջությամբ ռազմականացնել, ստեղծել հզոր ստորգետնյա և վերգետնյա պաշտպանական ցանցային համակարգ, պետք է գեներացնել ԱԹՍ-ի, ՀՕՊ, ՌԷՊ-ն պատշաճ պաշարներ և պետք է հմտորեն պատսպարվել թուրք-ադրբեջա­նական տանդեմից (ԹԱՏ) հզոր, աշխարհի ուժային կենտրոններից որևէ մեկի հովանու ներքո։ Այս կրիտիկական աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի պարագայում, ՀՀ  պետությունը, ում լինել-չլինելու խնդիրն է դրված, պետք է մոբիլիզացնի իր բոլոր հնարավորությունները, մասնավորապես, ողջ կրթական համակարգը և առժամանակ, անցնի տոտալ ռազմականացման։

Այսօր դպրոցում պետության խնդիրն է կտրել երեխաներին փողոցից և երեխային զբաղեցնել նրան անհասկանալի և անընդունելի որոշակի առար­կա­յական ծրագրերով, հին մշակված ստերիոտիպ կրթական մեխանիզմներով, տրաֆա­րետային մեթոդիկայով։  Դպրոցի նպատակն է, ինչ գնով ուզում է լինել, երեխային պետք է հասցնել ավարտական դասարան, որի արդյունքում երեխան կազատվի այդ 12 տարվա անհասկանալի ու աննպատակ ժամանցից, իսկ ուսուցիչները թեթևացած շունչ կքաշեն։ ՀՀ կրթության նախարարության վերևներում իրականության  հետ ոչ առնչություն չունեցող աբստրակտ որոշումներ, ծրագրեր են մշակում, որը ներքևների, դպրոցների ռեալ պատկերի հետ ոչ մի առնչություն չունի։ Սա կրթության իմիտացիա է։ Նախարարությունը, իմ տպավորմամբ,  վերևից իջեցնում է իրադրությանը ոչ համահունչ նորմատիվներ, պարամետրեր և հետադարձ կապի խողովակներով ստանում է դպրոցներից աբստրակտ, աներևույթ ցուցանիշներ, և թվում է, թե համակարգում գործում է կառա­վար­ման միակ ճիշտ տրամաբանական մոդելը: Սակայն նման կառավարման արդյունքում դպրոցների ռեալ գործունեության վիճակը օր օրի հայտնվում է ճահճի մեջ:

ՀՀ-ում կրթական համակարգում առկա տոտալ ճգնաժամի պատճառը «Պետություն-կրթության նախարարություն-դպրոց կամ ԲՈՒՀ» համակարգում կառավարման դեֆիցիտն է, մասնագիտական ուղեղի դեֆիցիտ, ուղեղային կենտրոնների դեֆիցիտը, կառավարման տեսության էլեմենտար բազիսային դրույթների բացակայությունը, պետության կողմից  ստրատեգիական տրամաբանական պահանջների բացակայությունը: Պետությունը իրեն հատուկ ինտուիտիվ մոտեցումներով ոչ մի կոնկրետ սահմա­նադրական նպատակային խնդիր չի ձևակերպում կրթության մինիստրության համար և նույն սկզբունքով էլ կրթության մինիստրությունն աննպատակ ցուցանիշներ է պահանջում դպրոցից: Այլ խոսքով ասած, իրականում, փաստացի գործ ունենք աննպատակ, անկառավարելի, բաց կառա­վա­րումով առաջնորդվող, ինքնահոսի մատնված քայքայվող համակարգի հետ։

Կրթության վրա պետք է դարձնել բացառիկ ուշադրություն: Եթե ՀՀ պետության նպատակային խնդիրը ըստ գործող սահմանադրության համարենք երկրի պետականության, անվտան­գության, ռազմական պոտենցիալի, ռազմաարդյունաբերական կոմպլեքսի հզո­րա­ցումը, հայ ընտանիքի ու անհատ հայի բարեկեցության մակարդակի բարձրացումը, ապա ՀՀ-ի կրթության նախարարության նպատակային խնդիրը դառնում է ոչ միայն դպրոցի կրթական մակարդակի բարձրացումը, այլև պետության արդիական պահանջներից ելած ամեն մի աշակերտի պոտենցիալ կարողու­թյուն­ների, անհատական պարամետրերի բացա­հայ­տումը, և նրան պետական կառավարման համակարգում,  կյանքում իր ադեկվատ, արժանի տեղն ու դերը գտնելու գործընթացը։

Դպրոցի նպատակը պետք է լինի բացահայտել երեխայի ներուժը,  կարողությունները, անհատական բնութագրող պարամետրերը և պարզաբանել, թե նման հնարավորություններ ունեցող երեխան ռեալ կյանքում,  մասնագիտության ընտրման դեպքում կդրսևորի՞ իրեն մաքսիմում արդյունավետությամբ: Բարձր ՕԳԳ ապահովող հայ մարդն է, որ պետք է  ստեղծի հզոր, բարձր ՕԳԳ ունեցող ՀՀ պետությունը։

Ինչ խոսք, գիտելիքներ տալու միսիան դա դպրոցի գործունեության գնահատման թիվ մեկ անփոխարինելի ցուցանիշն է: Սակայն, համաձայն պետական ծրագրի, տարբեր ընդունակություններով երեխային միակողմանիորեն պարտադրել սովորել այն, ինչ ի վերուստ նրանցից ոմանք ընդունակ չեն ընկալելու, կամ կարող են ընկալել, բայց այդ գիտելիքի պա­շարը կյանքում բացարձակապես պետք չի գալու, ապա այս հանգամանքների պարագայում, դպրոցի դերն ու նշանակությունն ավելի ծավալուն ու բազմաբնույթ են դառնում:

Դպրոցը հայ ժողովրդի, ՀՀ պետության, հայ ընտանիքի ու հայ անհատի նկատմամբ ազգանվեր, ճակատագրական նշանակության գործ արած կլինի, եթե նա մեծ հաջողությամբ կարողանա երեխայի մեջ բացահայտի  կամ արթնացնի ապագա գիտնականին, արհես­տավորին, մարզիկին, զինվորականին: Սա կլինի դպրոցի ՕԳԳ-ի N 2 ցուցանիշը։ Դպրոցի արդյունավետ աշխատանքի մյուս կարևորագույն ցուցանիշը N 3, դա ՀՀ երկրի գլխին ծառացած և երկրի համար այսօր առաջնահերթություն դարձած, ստրատեգիական կարևորագույն խնդիրը համարվող կոնցեպտն է՝ ՀՀ պետության ռազմաքաղաքական  անվտանգությունը և բանակաշինությունը։

Թե ինչ չափով  ու խորությամբ է դպրոցը իրականացնում ռազմական, քաղպաշտ­պա­նական տեսական ու պրակտիկ աշխատանքները երեխաների հետ ռեալ իրականության մեջ, և թե ինչ ծավալի աշխատանք է տանում դպրոցը երեխաներին ռազմական կադետային դպրոցներում,  ռազմական ուսումնարանների, ռազմական բուհերի կադրային դեֆիցիտը վերացնելու ուղղությամբ, թե ինչպես է մասնակցում դպրոցական-ռազմական հավաքներին, խաղերին, ԱԹՍ-ի կոնստրուկտիվ կառուցվածքի և նրանց կառավարման հմտություններին, վիրտուալ-կոմպյուտերական ռազմական մրցույթներին, թե ինչ մակարդակի են տիրա­պետում պարզագույն՝ ռազմական տեխնիկային, թե ինչ չափով է մասնակցում դպրո­ցում գազապաստարանների, տան թաքստոցների ստեղծման ու կահավորման աշխա­տանք­ներին և այլն։ Այս պաշտպանական ռազմական կոմպլեքս ցուցանիշների գումարային արժե­քի միջինի չափն էլ կլինի դպրոցի գնահատման N 3 ցուցանիշը։

Դպրոցի ռազմականացման թեմայով ես մինիմում 8 անգամ դիմել եմ ԿԳՄՍ-ի նախարարին։

Եվ ընթերցողին եմ ցանկանում ներկայացնել իմ 17.06.2024թ.-ի նամակի պատաս­խանից մի հատված (N 02/09.1/18932-2024թ. պատասխանից)։

«Հայտնում եմ, որ Ձեր նույնաբովանդակ  գրություններին պատասխանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության  02.09.2022թ. թիվ 02/09 1/21499-2022 և 14.06.2023թ. 02/09 1/14903-2023 գրություններով։ Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյան»։

Այսինքն, ԿԳՄՍ նախարարությանը ներկայացնում է ոչ թե ԹԱՏ-ի սանձարձակ ոտնձգություններից ՀՀ պետության նկատմամբ, այլ իմ նույնաբովանդակ գրություններից։ Ահա ԿԳՄՍ մինիստրության արձագանքն այն տեքստի նկատմամբ, որը ներկայացված է ձեր ուշադրությանը և քննարկմանը։

շարունակելի

Հրայր Խառատյան,

տեխ. գիտ. թեկնածու

«Առավոտ» օրաթերթ
23.10.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել