Հայության շրջանում կարեւոր է միշտ ակտուալ պահել այն հանգամանքը, որ նիկոլիզմի քարոզած «Իրական Հայաստան»-ը ապաքաղաքական գաղափարախոսություն է։ Խնդիրն այն է, որ այդ գաղափարախոսության հիմքում ընկած է պարզ հեդոնիզմը։ Ընդ որում, մենք դա անվանում ենք հենց «հայկական հեդոնիզմ»՝ աչքի առաջ ունենալով մեր տեսած մարդկանց վարքագիծը թե՛ հաղթության, թե՛ պարտության տարիներին։
Այն հեդոնիզմ է, քանի որ դրա հայեցակարգում խաղաղությունը դիտարկվում է որպես լավ ապրելու միջոց, իսկ լավ ապրելը հարեւանների հետ առեւտուրն ու բարիդրացիությունն է, ինչպես նաեւ՝ նրանց ագրեսիային ագրեսիայով չպատասխանելը։ Այսպիսով, այդ գաղափարախոսությունը հայ մարդու քաղաքական վարքը հանգեցնում է մեկ հիմնական շարժառիթի՝ անձնական հարմարավետությանը եւ հաճույքի ապահովմանը։ Կարող եք փորձել այս հարցը տալ նիկոլականներին եւ կտեսնեք, որ նրանց պատկերացմամբ՝ մարդկային կյանքի նպատակը, մեծ հաշվով, անհոգ ու հաճելի կյանքն է։ Ողջ գաղափարախոսությունը հանգում է հետեւյալին՝ խաղաղություն է պետք անհոգ ապրելու համար։ Իսկ անհոգության բարձրագույն ցուցիչը քեֆն է։ «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ» խոսքը, մեր ընկալմամբ, հենց այդ ապաքաղաքական մտածողության որոշակի արտահայտությունն է, որը Թումանյանը փորձել է մեզ փոխանցել իր հանճարով։
Ինչո՞ւ է սա ապաքաղաքական։ Նախ՝ այդ մտածողության շրջանակում դժվար է հետեւողականորեն բացատրել, թե ինչու են պետության գոյությունը, ազգային ինքնությունը, պատմական հիշողությունը, անվտանգությունը եւ ուժի գործոնը ինքնուրույն քաղաքական արժեքներ։ Մարդկային հարաբերությունների մասին այդ ընկալման մեջ խաղաղությունը ոչ թե հակամարտությունների, շահերի եւ ուժերի հարաբերակցության կարգավորման արդյունք է, այլ ինքնանպատակ մի վիճակ, որը պետք է մարդկանց հնարավորություն տա պարզապես հաճելի կյանքով ապրել։ Ուստի խաղաղությունը վերածվում է ոչ թե քաղաքական նպատակների իրագործման պայմաններից մեկի, այլ բոլոր նպատակները փոխարինող միջոցի։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում



















































