Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւոր երաժշտություն՝ զանգերի ղողանջներով

Օգոստոս 11,2005 00:00

Արդեն 3 շաբաթ Հայաստանում համերգներով հանդես է գալիս ԱՄՆ-ի «Նարեկ» զանգակահարների համույթը:

Նրանք առաջինն են աշխարհում, ովքեր հայկական շարականները ներկայացրել են զանգերի ղողանջների միջոցով: 14 անդամներից բաղկացած այս համույթը ստեղծվել է հինգ տարի առաջ՝ Վաշինգթոնի սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցուն կից: «Նարեկը» իր գոյության ընթացքում բազմաթիվ ելույթներ է ունեցել աշխարհի հայկական գաղութներում: «Հայկական արվեստը ներկայացրել ենք նաեւ Վաշինգթոնում, որը բազմազգ եւ բազմակրոն քաղաք է: Այնտեղ մեզ շատ լավ են ընդունում եւ հաճախ համերգների են հրավիրում նաեւ ոչ հայկական եկեղեցիները»,- նշեց համույթի ղեկավար Լեոն Խոջա-Էյնաթյանը: Նա փաստեց, որ այս արվեստը ԱՄՆ-ում լայն տարածում ունի ու «ներմուծվել» է Անգլիայից: «Վաշինգթոնում այսօր գործում է մոտ 50 նման խումբ, որոնցից միայն «Նարեկն» է հայկական: Մենք առաջինն էինք, որ հայկական եկեղեցուն կից նման համույթ ստեղծեցինք»,- ասաց նա: Օրերս «Նարեկի» օգնությամբ մի համույթ էլ ստեղծվել է նաեւ Երեւանում: Լ. Խոջա-Էյնաթյանը նշեց, որ նորաստեղծ համույթին նվիրելու են համապատասխան զանգեր:

Ըստ համույթի ղեկավարի, երաժշտական կրթությունը զանգակային երաժշտության ոլորտում պարտադիր չէ. «Երբ «Նարեկը» նոր էր կազմավորվում՝ մեր խմբի անդամների կեսից ավելին երաժշտական կրթություն չուներ, սակայն հետագայում դասերի եւ փորձերի ընթացքում նրանք ստացան համապատասխան գիտելիքներ»: Ի դեպ, համույթի գրեթե բոլոր երիտասարդ անդամներն ինչ-ինչ պատճառներով Հայաստանից գաղթածներ են, անգամ խմբի ղեկավարը, որն ավարտել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եւ ասպիրանտուրան:

Հայաստանում «Նարեկ» համույթը հասցրել է համերգներով հանդես գալ Երեւանում, Սեւանում, Գավառում: Հունիսի 9-ին նարեկցիները վերջին ելույթով հանդես եկան «Նարեկացի» արվեստի սրահում: Համույթի ծրագրում հիմնականում ընդգրկված են հայկական շարականներ, ազգագրական, ժողովրդական երգեր, նաեւ ամերիկյան երաժշտություն:

Համույթի ղեկավարը նշեց, որ Հայաստանում ոչ միայն համերգներ են տվել, այլ նաեւ ձայնագրություններ կատարել. «Մենք արդեն մեկ ձայնասկավառակ թողարկել ենք՝ «Փառք ի բարձունս», որտեղ ընդգրկել ենք հայկական հոգեւոր երաժշտություն: Իսկ երկրորդ ձայնասկավառակում պատրաստվում ենք ընդգրկել հայկական 7 պատարագներ»:

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել