Լրահոս
Օրվա լրահոսը

Նպաստ

Սեպտեմբեր 16,2005 00:00

Նպաստ ստանալն ամո՞թ է Երեկ կառավարությունը քննարկեց եւ հաստատեց ՀՀ բուհերում ուսանողական նպաստների տրամադրման կարգը: Փաստորեն, այսուհետեւ վերացվում է կրթաթոշակ հասկացությունը եւ սահմանվում է ուսանողի ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում: Ըստ որոշ պաշտոնյաների, նաեւ՝ վերջերս Արթուր Բաղդասարյանի արտահայտած կարծիքի՝ այսպիսով նաեւ վերջ կդրվի որոշ քիչ թե շատ ազդեցիկ մարդկանց ձգտումին, թե «երեխաս ամեն գնով պետպատվերով համակարգ պետք է ընդունվի՝ հենց միայն «պրիստիժի համար»: Վերջ կդրվի, որովհետեւ, ըստ նրանց, այդ մարդիկ նույն «պրիստիժի համար» կամաչեն «նպաստ» բառից եւ նպաստ ստանալուց: Ըստ այս կարծիքի, վերոնշյալ մարդկանց երեխաները կամ, որպես կանոն, կուրսի լավագույն սովորողների շարքում չեն հայտնվի, եւ հետեւաբար պետությունն իր նպաստով չի փոխհատուցի նրանց ուսման վարձը, կամ էլ հայտնվելու դեպքում նրանք կամավոր պետք է հրաժարվեն նպաստից, որովհետեւ ամոթ է նպաստ ստանալը: (Թերեւս ամոթ էր, երբ հայտնի գործարարներ եւ ազդեցիկ մարդիկ զարտուղի ճանապարհների էին դիմում, պետպատվերով անցկացնում իրենց երեխաներին, իսկ սոցիալապես անապահով մարդկանց մի ստվար զանգված իր հացի փողից էր կտրում՝ երեխայի ուսման վարձը ժամանակին տալու համար): Եթե ԱԺ նախագահը կարծում է, որ «պետպատվեր» կամ «անվճար» որակումների փոխարեն «նպաստ», իսկ «անվճար սովորողի» փոխարեն «նպաստառու» կոչվելն այնքան «կամաչեցնի» հարուստների երեխաներին, որ նրանց հայրիկները կամ հենց իրենք կհրաժարվեն անվճարների ցանկում հայտնվելու ուրախությունից, ապա ինչո՞ւ չի մտածում, որ նպաստառու լինելը կարող է նույնքան վիրավորել մյուս՝ արժանի ձեւով ընդունվածներին: «Առավոտի» այս հարցին երեկ ԿԳ նախարար Սերգո Երիցյանը զարմանքով պատասխանեց. «Դրա մեջ ոչ մի վիրավորական բան չկա: Նպաստ՝ նշանակում է փոխհատուցում: Իսկ պարոն Բաղդասարյանը ասել է, մտածելով, որ շատերը կհրաժարվեն փոխհատուցումից»: Արդյո՞ք կարող ենք վստահ լինել, որ մարզպետարանների հայտերով նպատակային գործուղված «ուսանողացուները», որոնք պետք է օգտվեն նպաստից, իսկապես ճիշտ ու արդար ընտրություն են անցել ու այստեղ կոռուպցիայի հոտ չի փչում: «Առավոտի» այս հարցին նախարարը պատասխանեց. «Դրանք իսկապես տվյալ բնակավայրում դպրոցն ավարտած, խիստ ընտրված եւ բուհում սովորելու երաշխավորագիր ստացած երեխաներ են, որոնց հիմնական մասը վերադառնում է աշխատելու այն տեղերում, որտեղի համար գործուղվել են կրթություն ստանալու»: Սակայն նրա ներկայացրած հաջորդ տեղեկությունն արդեն հերքում էր վերը ասվածը. «Այս տարի նպատակային գործուղմամբ 300 դիմորդ կային, բայց մաղվելուց հետո մնաց 88-ը: Ափսոս, իսկ մենք ունեինք անվճար 700 տեղ»: Կարգի մի դրույթի մասին եւս, որով հետաքրքրված են մեր ընթերցողները: Ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում՝ ուսանողական նպաստի ձեւով, առաջին կուրսում ուսանողներին տրամադրվում է ընդունելության քննությունների արդյունքում առավել բարձր միավորներով ընդունված ուսանողներին: Ի դեպ, այստեղ շեմը եւ թվաքանակն ամեն տարի կորոշի կառավարությունը՝ տվյալ տարվա բյուջեով բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նախատեսված միջոցների սահմաններում: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ, ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել