Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությունը «դոսյե» է հավաքում

Սեպտեմբեր 21,2005 00:00

Ընդդիմությունը «դոսյե» է հավաքում Ըստ Դեմկուսի ղեկավար Արամ Գ. Սարգսյանի, հատուցման պահը կգա Հայաստանում վաղուց արդեն առաջացել է այնպիսի վիճակ, երբ ընդդիմադիրների կողմից բարձրացված հարցերը, թեկուզ եւ թվերով, եւ կոնկրետ փաստերով հագեցած, ոչ մի ուշադրության չեն արժանանում, եւ իշխանություններն այդ նույն ընթացքում շարունակում են «ջրի գնով» նորանոր օբյեկտներ սեփականաշնորհել: Մի առիթով իշխանության մեջ գտնվող գործիչներից մեկը բավականին թունոտ նկատեց. «Էդ գործարքների մասին խոսելով ընդդիմադիրները ընդամենը փորձում են բարձրացնել իրենց ռեյտինգը, եւ դրանով իրենք շահում են, իսկ մենք ոչ մի շահ չունենք: Իրենք էլ շատ լավ գիտեն, որ դատարկ խոսելուց օգուտ չեն ստանալու, բայց դե մի բան պիտի՞ անեն, հո պարապ չեն մնալու»: ՀԴԿ նախագահ, «Արդարություն» խմբակցության անդամ Արամ Սարգսյանին հարցրինք, թե ինչքա՞ն է տեւելու այս վիճակը, չէ՞ որ իշխանությունները միեւնույն է՝ բանի տեղ չեն դնում իրենց ասածները, ուրեմն՝ ինչո՞ւ զուր աղմկել: Արամ Սարգսյանը նկատեց. «Ճիշտ եք, մենք, մեր մեջ ասած, հիմա այս քայլերով «դոսյե» ենք կազմում իշխանությունների դեմ, մենք հո կուլ չենք տալու այս ամենը: Այսօր է, որ հնարավորություն չունենք նրանց ձեռքից եւ ուրիշ տեղից բռնել եւ համապատասխան տեղը գցել իրենց: Այսօր այդ հնարավորությունը չունենք, ես ձեզ հետ համաձայն եմ, որ հիմա այսպիսի աննորմալ վիճակում ենք, երբ մենք ասում ենք, նրանք իրենց ուզածն են անում՝ Վասկա կատվի նման, լսում են եւ շարունակում են ուտել: Եթե ոմանց թվում է, որ այսպես շարունակվելու է միշտ, ուրեմն պատմություն չգիտեն, եւ չգիտեն ամենատարրական պատմությունը: 60-ական թվականներին «գվարդիականներ» կային, որոնց թվում էր, թե իրենք աշխարհի տիրակալն են, հիմա սրանք են՝ այսօրվա իշխանությունները, նույն «ռաբիզական» մակարդակն է: Բայց պատմությունը իմացողները գիտեն, որ այսպես չի մնալու, կգա պահը, եւ նրանք պատասխան կտան այսօրվա համար»: Արամ Սարգսյանը նկատեց. «Ոմանք իրենց խելոքի տեղ դրած՝ նույն ընդդիմադիրներին հարցնում են, թե ինչո՞ւ հարցեր չեք բարձրացնում: Հա, բարձրացնում ենք, բարձրացնում ենք նաեւ նրանց համար, ովքեր իմպոտենտի նման կողքից կանգնած միայն հարցեր են տալիս եւ գնահատականներ»: Մեր հերթին նկատեցինք, որ, իրոք, անհասկանալի էր «Արդարության» որոշումը՝ մասնակցել միայն կարեւորագույն հարցերի քննարկմանը, ի վերջո, չհստակեցվեց, թե ո՞վ է ջոկելու կարեւորն անկարեւորից, օրինակ՝ անցած քառօրյայում ԱԺ-ում քննարկվեցին բավականին լուրջ սոցիալական օրինագծեր, սակայն «Արդարությունը» դրանք երեւի կարեւոր չհամարելով՝ չէր մասնակցում: Ա. Սարգսյանի գնահատականը հետեւյալն էր՝ իրենք հաշվի են առել, որ բոյկոտի ոչ մի պահանջ կատարված չէ, եւ, հետեւաբար, իրենք իրավունք չունեն վերացնել բոյկոտը. «Ինչ վերաբերում է մասնակցել-չմասնակցելուն, ապա սահմանադրական քննարկումների արտահերթը ցույց տվեց, որ ժողովուրդը մեր խոսքին կարոտ է, թող անհամեստություն չթվա, բայց շատ մեծ արձագանք ենք ստացել, որով մարդիկ ուղղակի պահանջում էին՝ գնալ եւ խոսել: Հենց դրանով է պայմանավորված մեր, եթե կարելի է այսպես ասել՝ «կիսահղիությունը»: Ինչ վերաբերում է ձեր նշած կարեւորագույն սոցիալական հարցերին, որ այստեղ քննարկվել են, ապա ես ցավում եմ, որ այստեղ չեմ եղել: Եթե այդքան կարեւոր հարցեր էին, մենք պարտավոր էինք մասնակցել քննարկումներին»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել