Լրահոս
Օրվա լրահոսը

Դեւիսը գոհ է Թուրքիայից

Սեպտեմբեր 27,2005 00:00

Ստամբուլի Բիլգի համալսարանում ի վերջո տեղի ունեցավ «Հայերը Օսմանյան կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցեր» թեմայով գիտաժողովը, որը, շատ փորձագետների կարծիքով, կարող է թուրքական հասարակությունում սկիզբ դնել այս հարցի շուրջ քննարկումներին:

Օսմանյան կայսրության պատմությունն ուսումնասիրող հայտնի պատմաբան Հալիլ Բեքթայը այդ գիտաժողովին հայտարարել է. «Մենք չենք կարող թույլ տալ, որ քննարկումները սահմանափակվեն երկու իրարամերժ կարծիքներով՝ եղել է ցեղասպանություն, թե ոչ: Մենք պետք է փորձենք հասկանալ, թե ինչ է պատահել 1915 թվականին: Օսմանյան կայսրության պաշտոնյաները Առաջին աշխարհամարտի սկզբին հայտարարել են հայերին որսալու բաց սեզոն»: Պատմաբան Ֆիքրեթ Ադանիրը, իր հերթին, բացեիբաց նշել է, թե կոտորածները կարող են բնութագրվել իբրեւ ցեղասպանություն: «Դա է իմ կարծիքը»,-ասել է գիտնականը: Գիտաժողովը երկու անգամ հետաձգվել էր, վերջին անգամ՝ հինգշաբթի օրը Ստամբուլի դատարանի որոշմամբ, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին այդ հավաքի մասնակիցներին ցուցարարները դիմավորել են ձվերով եւ լոլիկներով:

Գիտաժողովն անարձագանք չի մնացել. ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսն այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում շնորհավորել է Ստամբուլի Բիլգի համալսարանում կայացած «Հայկական» գիտաժողովի կազմակերպիչներին «համարձակության եւ վճռականության» համար: Դեւիսը փաստել է, թե «ժամանակակից, ժողովրդավարական եւ հանդուրժողական Թուրքիային հավատացող մարդիկ հրաժարվեցին վախենալ արմատական ազգայնամոլներից Ստամբուլի փողոցներում»: «Ես վերահաստատում եմ աջակցությունս վարչապետ Էրդողանի դիրքորոշմանը, որը պաշտպանեց արտահայտման ազատությունը Թուրքիայում: Հույս ունեմ, որ նման վերաբերմունքը կգերակայի նաեւ հայտնի թուրք գրող Օրհան Փամուկի խայտառակ դատական հետապնդման հարցում, որին մեղադրում են միայն հայկական հարցի շուրջ արած հրապարակային հայտարարությունների համար»,- շարունակել է Թերի Դեւիսը՝ հավելելով. «Ես գիտակցում եմ տվյալ հարցի զգայունությունը Թուրքիայի իշխանությունների եւ հասարակական կարծիքի համար, սակայն նման ցավագին հարցերը պետք է լուծվեն երկխոսության եւ ճշմարտության, այլ ոչ՝ հետապնդումների քարոզչության միջոցով: Լինելով Եվրոպայի Խորհրդի անդամ՝ Թուրքիան պարտավոր է հարգել Մարդու իրավունքների Եվրոպական կոնվենցիան, եւ ես համոզված եմ, որ թուրքական իշխանությունները չեն հրաժարվի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներից՝ Թուրքիայի եւ Եվրոպայի միջեւ հարաբերությունների այս ճակատագրական պահին»:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել