Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎՏՐԻ

Հոկտեմբեր 28,2005 00:00

Բրիտանական
չափանիշներով՝ բոլոր հայաստանցիները թրաֆիքինգի զոհ են ԵԱՀԿ
երեւանյան գրասենյակը երեկ «Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր կլոր սեղան՝ նվիրված
մարդկանց առեւտրի զոհերի ճանաչմանն ու բացահայտմանը: Մասնակցում էին արտաքին գործերի
նախարարության միջգերատեսչական հանձնաժողովի, դատախազության, ոստիկանության, միգրացիայի
վարչության, անգամ սահմանապահ զորքերի ներկայացուցիչներ: Թրաֆիքինգի դեմ պայքարող
երեք հասարակական կազմակերպություններ էլ էին մասնակցում՝ «Հույս եւ հավատ», «Ժողովրդավարությունն
այսօր», «Կանայք հանուն առողջության»: Երբ զեկուցողներից մեկը՝ փորձագետ Իվետա Բարտոնկովան
հարցրեց, թե մասնակիցներից ովքե՞ր են պատրաստ թրաֆիքինգի դեմ պայքարելու համար, այդ
բազմաքանակ դահլիճում ընդամենը երեք հոգի ձեռք բարձրացրեց: Մի հետաքրքիր բացահայտում
էլ արեց իրավական հարցերով փորձագետ ներկայացած բրիտանացի Մարկ Սմիթը: Նա ասաց, որ
աշխատել է 25 երկրում որպես օպերատիվ աշխատող եւ անկեղծորեն խոստովանեց, որ «գաղտնի
գործակալ» է: Պարոն Սմիթը ներկայացրեց իրենց փորձը, թե ինչպես են պաշտպանում իրական
եւ հնարավոր զոհերին, ինչպես է թրաֆիքինգի զոհը խոստովանում դատարանում եւ ինչ իրավունքներ
ունի նա: Նա նկատեց, որ Հայաստանը տրանզիտ երկիր է եւ որ շատերն են այդ ճանապարհով
գնում աշխատելու, մտքներով իսկ չանցկացնելով, որ դառնում են թրաֆիքինգի զոհ: Մարկ
Սմիթի կարծիքով, թրաֆիքինգի զոհերը վախենում են թե հասարակական կազմակերպություններից,
թե ոստիկանությունից, որի «կոշտ պրոցեդուրաները» նախընտրելի ձեւ չեն տուժողների հետ
աշխատելու համար: Փորձագետը բերեց հետեւյալ օրինակը. 2004թ. փետրվարին չինացիների
մի խումբ մահացավ ծովափում: Նրանք ձուկ էին որսում, երբ ալիքը 23 մարդու կյանք խլեց,
2-ը մինչ օրս չեն գտնվել: Իսկ հետագայում պարզվեց, որ 40 հոգանոց խմբին հարկադիր
պահել են մի տնակում, ուր կարող էր ապրել 2-3 մարդ: Սակայն ոստիկանները չեն իմացել
այդ մասին: Նրա կարծիքով, ոստիկանը պետք է ցանկացած պահի, ցանկացած վայրում, տեսնելով
ինչ-որ նշաններ, հարցնի՝ ով է անձը, ինչ կապտուկներ են նրա վրա, որտեղ է աշխատում,
արդյոք վճարում են նրան, ինչքան է վճարվում: Մեր հյուրի այս կարգի հարցերը Հայաստանում
կիրառելու դեպքում, կարող ենք պարզել, որ ողջ հայ ժողովուրդը աշխատանքում շահագործվում
է եւ, ինչու չէ, թրաֆիքինգի դասական զոհ է: Մեկ այլ փորձագետ՝ Իվետա Բարտունկովան
գտնում էր, որ արդարադատության մատչելիությունը հասանելի պետք է լինի թրաֆիքինգի
ենթարկվածներին: Վերջիններս ունեն վնասից պաշտպանվելու, օգնություն ստանալու իրավունքներ:
Բանավեճի առանձին քննարկման առարկա դարձավ, թե ում գործն է մարդկանց մաքսանենգ առեւտրի
զոհերի գործը՝ հասարակական կազմակերպությունների՞նը, իրավապահ մարմինների՞նը, արդյոք
բոլո՞րն են ներգրավվում այդ գործերում: Բուժաշխատողները, մասնավորապես, երբ հանդիպում
են թրաֆիքինգի զոհին, գիտե՞ն, արդյոք, թե նրան ուր պետք է ուղղորդեն: Տուժողների
ճանաչման իրավունքը միշտ չէ, որ ձեռնտու է հենց տուժողներին՝ նկատեց փորձագետը եւ
բերեց Նիդեռլանդների օրինակը՝ «Վուդու ծեծերը»: Թրաֆիքինգի զոհը պատժի եւ վրեժի էր
ենթարկվում միաժամանակ: Սակայն կային վիճահարույց հարցեր զոհերի կարգավիճակի հետ
կապված. տուժողները իրակա՞ն են, թե՞ կեղծ, իրավապահ մարմիններին տված նրանց ցուցմունքները
հավաստի՞ են, թե՞ ոչ, աշխատանքի շահագործումը տարբերվո՞ւմ է հարկադիր աշխատանքից,
թե՞ ոչ: Տեղեկացնենք, որ ոստիկանությունն ու դատախազությունը այս տարի ստեղծել
են հատուկ ստորաբաժանումներ՝ պայքարելու մարդկանց առեւտրի դեմ: Իսկ ազգային անվտանգության
ծառայության սահմանապահ զորքերը ունեն տվյալների բազա, որտեղ նշվում է ՀՀ սահմանահատումների
մասին: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել