Լրահոս
Օրվա լրահոսը

«ՎԵՐԱՀՍԿԵՔ,

Նոյեմբեր 02,2005 00:00

«ՎԵՐԱՀՍԿԵՔ, ԲԱՅՑ ՄԱՏ ԹԱՓ ՄԻ ՏՎԵՔ» Վերադասը դպրոցների տնօրեններին տվել է հերթական հրահանգները Մեր մշտական նամակագիրներից մեկի վկայությամբ՝ քաղաքապետարանի կրթության վարչության պետի տեղակալ Արմենուհի Վարդանյանը մոտ 10 օր առաջ Երեւանի թիվ 136 դպրոցում խորհրդակցության է հրավիրել Նոր Նորքի, Ավանի, Քանաքեռ-Զեյթունի, Արաբկիրի համայնքների բոլոր դպրոցների տնօրեններին: Ավելի ճիշտ՝ որոշակի հանձնարարականներ տալու: Մինչ դրանց անդրադառնալը, նշենք, որ երկար տարիների մանկավարժ, նամակագիր Կառլեն Քալաշյանը հիշեցնում է մայիսի 3-ին մեր թերթում հրապարակված իր մի հոդվածը, որում ներկայացրել էր, թե ինչպես Մանվել Բադալյանի ղեկավարած քաղծառայության խորհուրդն իր թեթեւ ձեռքով քաղաքապետարանի կրթության վարչության տեսչական խմբի պետ էր նշանակել (այժմ արդեն վարչության պետի տեղակալ) դպրոցում երբեք չաշխատած Արմենուհի Վարդանյանին: Նամակագիրը կապ է տեսնում այս նշանակման եւ Կամերայինի տան բակում կառուցվող շինության հետ կապված խնդրի մեջ. «Վերջերս իմացանք, որ Կամերային երաժշտության տան հարեւանությամբ կառուցվող հերթական շինության տերը համեստ աշխատավարձով ապրող Մանվել Բադալյանն է: Ահա թե ինչպես է հաջողվել փոխքաղաքապետին՝ պատահական մարդուն նշանակել ամբողջ քաղաքի կրթության օջախներին հսկող եւ ուղղություն տվող ղեկավար: Գործարք, որ մի կողմից խփում է երեւանցիներին՝ նրանց զրկելով մաքուր օդ շնչելու իրավունքից, մյուս կողմից էլ արհամարհում է քաղաքի բոլոր դպրոցներին՝ նրանց ոչ իրազեկ ղեկավար հրամցնելով»: Ասվածի ապացույցն էլ հենց մեր հրապարակման նախաբանն է, իսկ բուն պատմությունը հետեւյալն է: Վերջերս Արմենուհի Վարդանյանը հավաքել է վերոնշյալ համայնքների դպրոցների տնօրեններին ու պահանջել հետեւյալը 1/ օգտվել միայն «Երառսպասարկում» ՓԲԸ առաջարկած սննդից ու իր առաջարկած լուսանկարիչների ծառայությունից, 2/ առանց իր գիտության՝ կապեր չստեղծել այս կամ այն կազմակերպության հետ, 3/ հեռու մնալ լրատվամիջոցներից: Արմենուհի Վարդանյանը մեզ հետ զրույցում հերքեց լրատվամիջոցների հետ կապված իր հրահանգի մասին լուրերը: Եվ ավելացրեց, որ պարզապես տնօրեններին ակնարկել է այս կամ այն կազմակերպության հետ շփվելիս զգույշ մնալ աղանդներից: «Մենք գործ չունենք ֆոտոնկարիչների հետ, իսկ սննդի հարցում էլ՝ կան դպրոցներ, որոնք իրենց նախընտրած կազմակերպությունների հետ են աշխատում, նրանց, ովքեր ունեն իրավաբանական կարգավիճակ»,- պարզաբանեց Ա. Վարդանյանը: Սակայն խորհուրդ տվեց աշխատել «Երառսպասարկում» ՓԲԸ-ի հետ, որովհետեւ «դա մեր կառույցն է, իսկ այդ ամենը պետք է օրինական դաշտում լինի. սանէպիդկայանի խնդիր կա, բուֆետապանին վարձատրելու խնդիր կա եւ այլն»: «Երառսպասարկում» ՓԲԸ տնօրեն Ալեքսանդր Շաքարյանն էլ մեզ տեղեկացրեց, որ իրենք պարզապես կազմակերպում են սննդի մատակարարումը, որ այն օրինական դաշտ բերվի, որպեսզի «սննդի լիցենզիան», «սանէպիդկայանի թղթերը», բուֆետապանի ով լինելը հայտնի լինի. «Հիմա ով ասես՝ մտնում է դպրոց»,- վրդովվեց պրն Շաքարյանը: Մեր տարակուսանքին, թե հնարավոր չէ՞, որ իրենց ուզած մարդկանց ներգրավեն բիզնեսում, պրն Շաքարյանը պատասխանեց. «Այստեղ ծանոթի տեղ չի, լավ արտադրանք տալու տեղ է: Ով էժան ու որակով սնունդ կտա՝ նա էլ կաշխատի»: Համագործակցող կազմակերպություններից Ա. Շաքարյանը նշեց միայն «Աթենքի» անունը: Մեր տեղեկություններով՝ հիշյալ խորհրդաժողովի ներկաներից միայն թիվ 62 դպրոցի տնօրեն Գայանե Սողոմոնյանն է ընդդիմացել վարչության պետի տեղակալի հրահանգներին: Մեզ հետ զրույցում տիկին Սողոմոնյանը հաստատեց մեր տեղեկատվությունը եւ հայտնեց իր մտահոգությունները՝ կապված նախ սննդի սպասարկման հետ: Ճիշտ է, իր դպրոցն օգտվում է հենց այդ կազմակերպության առաջարկած սննդի օբյեկտների ծառայություններից, սակայն ինքն անձամբ է հետեւում որակին, որովհետեւ հայտնի չէ, թե ինչ չափանիշներով է առաջնորդվում «Երառսպասարկումը»՝ նախապատվություն տալով այս կամ այն սննդի տեսականուն կամ գնին: Տիկին Սողոմոնյանը կարծում է, որ նաեւ տնօրենների հետ պետք է այդ ամենը համաձայնեցնել եւ ոչ թե հրամցնել իրենց ուզածը: Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա Գ. Սողոմոնյանն ասաց միայն հետեւյալը՝ դիմելով վերադասին. «Վերահսկեք մեզ, բայց մի հավաքեք բոլորին եւ լուտանքներ թափեք: Խոսեք հասցեական, եթե որեւէ տեղ որեւէ խնդիր կա, ոչ թե մատ թափ տվեք բոլորի վրա»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել