Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ

Նոյեմբեր 26,2005 00:00

ՈՉ ԹԵ ԱԶԳԸ ԿՐՈՆԻՆ, ԱՅԼ ԿՐՈՆԸ ԱԶԳԻՆ Մեր դռներն ամեն օր թակում են աղանդավորները, իսկ եկեղեցու սպասավորները չեն շփվում մեզ հետ 2003-04 ուստարվանից հանրակրթական դպրոց է մտել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, որը դասավանդվում է IV-X դասարաններում: Չխոսելով դասագրքերի դրական կողմերի ու թերությունների մասին, միայն պարզենք՝ անհրաժեշտություն կա՞ր արդյոք այդ չափով առարկայի դասավանդումը դպրոցում: Համեմատելու համար ասենք, որ «Հայոց պատմություն» առարկան դասավանդվում է դպրոցում V-VIII դասարաններում, IX-X դասարաններում՝ համաշխարհային պատմության համատեքստում: Մենք միշտ մի ծայրահեղությունից գնում ենք մի ուրիշ ծայրահեղության: Անցած 70 տարիներին բոլորս աթեիստներ էինք, այսօր՝ բոլորս հավատացյալներ: Եթե քրիստոնյա ենք՝ առաջին եւ մոլեռանդ քրիստոնյա, եթե բոլշեւիկ՝ առաջին եւ մոլեռանդ բոլշեւիկ: Գ. Նժդեհն ասում էր. «Ոչ թե ազգը պետք է ծառայի կրոնին ու եկեղեցուն, այլ կրոնն ու եկեղեցին պետք է ծառայեն ազգին»: Այս գաղափարը որպես անքննելի ճշմարտություն ընդունելով՝ ասենք, որ դասագրքերի ոչ բոլոր նյութերի իմացությունն է անհրաժեշտ աշակերտներին: Հայոց պատմության դասագրքերում եկեղեցու պատմությունն ու նրա դերը միշտ էլ արժեւորվել են, եւ առանձին թեմաներ են հատկացվել դրանց: Ոչ մի անհրաժեշտություն չկար այդչափ ծանրաբեռնել աշակերտներին. առավելագույնը կարելի էր հայոց պատմության դասագրքերում լրացուցիչ նյութեր եւ գլուխներ ավելացնել: Տեսեք՝ ինչ է ստացվում: IV դասարանի աշակերտը, չանցնելով մեր ժողովրդի պատմությունը, սովորում է հրեաների եւ նրանց թագավորների պատմությունը: Մեր եկեղեցին եւ պետական այրերը օրեցօր ծավալվող աղանդավորության դեմ պայքարի ամենահեշտ ու ամենաթույլ ուղին բռնեցին: Մեր եկեղեցին երբեք չի բարեփոխվել եւ ամենապահպանողականն է: Վանող է նույնիսկ մեր հոգեւորականների հագուստը՝ ոտքիցգլուխ սեւ: Մեր եկեղեցին իր բազմաթիվ ծեսերով ու ծիսակատարություններով ուղղված է մահացած մարդուն, հանգուցյալին, այլ ոչ թե ապրող մարդուն, որը այսօր նույնիսկ խանգարում է գործարարությանը: Հաշվենք, թե մեկ հանգուցյալի համար մեկ տարում մարդիկ քանի անգամ են հավաքվում եւ այցելում գերեզմանոց, որքան ժամանակ ու միջոցներ է ծախսվում: Անկախությունից հետո՝ անցած տարիներին, պաշտոնական եկեղեցու եւ ոչ մի սպասավոր մեր գյուղ չի մտել (եկեղեցի ունենք)։ Չի հետաքրքրվել ժողովրդով, նրա ապրելակերպով, սակայն այս տարիների ընթացքում սոցիալապես ծանր պայմաններում ապրող գյուղացու դռները բազմիցս թակել են տարբեր աղանդների ներկայացուցիչներ եւ նրանցից ոմանց հաջողվել է տարբեր ճանապարհներով իրենց ցանցը գցել մարդկանց: Եթե բաց է հասարակության մեջ որեւէ ոլորտ, այնտեղ թափանցելը հեշտ է, եւ դրա դեմ պայքարի ճանապարհը միայն դպրոցով չի անցնում: Առաջին հերթին անհրաժեշտ է բարեփոխել եկեղեցին, որը պետք է հրաժարվի հնացած, այսօրվա մարդուն չհետաքրքրող անօգուտ քարոզչությունից, նպաստի անկախ պետականության հզորացմանը, ազգի վերազարթոնքին, ինտեգրվի համաշխարհային քրիստոնեական եկեղեցուն: ՎԱՉԵ ՊՈՂՈՍՅԱՆ Սեւանի տարածքի Զովաբեր գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, պատմության ուսուցիչ Դպրոցներում Հայոց եկեղեցու պատմության դասընթացի իրագործման պատասխանատու կողմ է ճանաչվել ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտը: Վերջինիս տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում վերոնշյալ առնչությամբ ասաց, որ դասագրքերն ստեղծելիս կրոնական նպատակադրում բացարձակապես չի կատարվել: «Բուրգը կառուցվեց այսպես՝ ազգային բարոյականություն, ազգային գեղագիտություն, աշխարհայացք, ազգային կենցաղ եւ ազգային խնդիրներ ու նպատակներ: Այսինքն՝ եթե հետեւենք դասագրքերին եւ կրթակարգում դրված համակարգին, որտեղ դրել ենք գիտելիք, կարողություններ, հմտություններ եւ արժեքային համակարգ, ապա սա նպաստում է հայ մարդու արժեքային համակարգի ձեւավորմանը: Սա չի լրացնում ոչ երաժշտության տեղը, որ գեղանկարչության եւ կամ որեւէ այլ առարկայի: Մինչեւ հիմա եկեղեցու պատմությունը եղել է միայն լրացուցիչ ժամաքանակների հաշվին, եւ հետո՝ «Հայոց պատմության» ժամերը եղել են կրկնակի, իսկ միջին դասարաններում 3 անգամ շատ, քան եկեղեցու պատմությունը: Եվ բացարձակապես հայոց պատմության տիրույթը լրացնելու խնդիր չկա սրանով: Որ դասընթացը պետք է վերանայվի, դասագրքերի բովանդակությունը դեռեւս շտկման կարիք ունի՝ դա միանշանակ է: Բայց անտրամաբանական է, որ ասում են՝ սա ինչ-որ մի առարկայի հաշվին է: Նոր կրթակարգով պատմություններին նախատեսվում է որոշակի ժամաքանակ, ստեղծված է աշխատանքային խումբ, որը պետք է տա ծանրաբեռնվածությունն ըստ առարկաների՝ հայոց պատմության, ընդհանուր եւ հայոց եկեղեցու»: Նշենք, որ «Հայոց պատմությունը» նոր կրթակարգով շրջանավարտների պարտադիր քննությունների ցանկից հանված է: Այս մասին պրն Մարտիրոսյանն ասում է. «Հայոց պատմության համակարգված դասընթացն ավարտվում է հիմնական դպրոցում՝ 9-ում, եւ այդտեղ դրված է իբրեւ պարտադիր դպրոցական քննական առարկա: Ավագ դպրոցում արդեն «Հայոց պատմությունը» համաշխարհային պատմության համատեքստում է ուսուցանվում: Տեսնենք՝ ինչ ծրագրային առաջարկ կտա աշխատանքային խումբը, որ հիմա դրա վրա աշխատում է: Հավանաբար պարտադիր կլինի միայն բուհ ընդունվողների համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930