Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիլեն Բալյան. մտքի և գործի հարյուր տարվա միություն

Ապրիլ 26,2024 19:22

Ապրիլի 25-ին լրացավ կոմպոզիտոր, երաժշտական-հասարակական գործիչ, խմբավար, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Սուրբ Մովսես Խորենացու մեդալակիր, ՀՀ Մշակույթի նախարարության ոսկե շքանշանակիր, ՀՀ ժողովրդական արտիստ, Գյումրիի և Երևանի պատվավոր քաղաքացի Վլադիլեն Բալյանի հարյուրամյակը:

Վլադիլեն Բալյան անունը լսելիս իսկույն մտաբերում ես «Ամպեց, կորավ լուսնկան»՝ շատերի կարծիքով ժողովրդական երգը: Կոմպոզիտորը, սակայն, միայն իր այս անմահ ստեղծագործությամբ չէ, որ արժանիորեն կմնա սերունդների հիշողության մեջ: Հայ և օտար բանաստեղծների տողերով բազմաթիվ երգերի, սիմֆոնիկ, կամերային, վոկալ-գործիքային, երգչախմբային, երաժշտա-թատերական երկերի հեղինակ կոմպոզիտորը նաև ղեկավար, ինչպես և հիմնադիր է եղել մի շարք մշակութային հաստատությունների և ձեռնարկումների: Բալյանի պաշտոնավարության տարիներին՝ ուր էլ որ եղել է, փայլուն մտահղացումների և անկոտրում կամքի շնորհիվ որակական մի նոր աստիճանի են բարձրացել նրա ղեկավարած հաստատությունները: Դրանց շարքում՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը, որը  նա ղեկավարել է 1966 -1972 թթ.՝ փաստացի դառնալով այս՝ Հայաստանի առաջին երաժշտական հուշային թանգարանի հիմնադիր-տնօրենը: Մշակութային այս օջախը, որի հարկի ներքո Վլադիլեն Բալյանի կյանքի օրոք քանիցս մեծարել են երախտավոր հայորդուն, չէր կարող անմասն մնալ նրա մեկդարյա հոբելյանին նվիրված միջոցառումներից։ Բալյան ընտանիքի նախաձեռնությամբ քաղաքային պանթեոնում կոմպոզիտորի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո նրա ծննդյան օրը նշանավորվեց բալյանական երգերի նոր ձայնասկավառակի շնորհանդեսով՝ Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանում: Բացման խոսքում տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը հիշեց. «Երբ ես Բալյանի 90-ամյակի կապակցությամբ դիմեցի նրան՝ հրավիրատոմսում իր կյանքի համար սկզբունքային մի արտահայտություն գրելու խնդրանքով, նա ասաց. «Ամեն ինչին պետք է մոտենալ ստեղծագործաբար»: Իսկապես, Բալյանն օժտված էր բացառիկ տաղանդով. որպես կոմպոզիտոր, այո, նա տաղանդավոր էր, բայց որպես մարդ՝ եզակի շնորհ ուներ միտքը, խոսքը գործի վերածելու: Եվ հենց այս էլ նա ավանդել է մեր թանգարանին, ինչը, կարծում եմ, մեր թանգարանի հաջողության գրավականներից է: Ես պատիվ, առիթ և բախտ եմ ունեցել լսելու նրա իմաստուն պատգամներն ու խորհուրդները, ինչի համար շնորհակալ եմ»:

Վ. Բալյանի կյանքի ուշագրավ դրվագներն ամփոփող տեսաշարին (հեղինակ՝ տուն-թանգարանի գիտաշխատող Ինեսսա Խաչատրյան) հետևեց կոմպոզիտորի որդու՝ Կարեն Բալյանի խոսքը. «Շնորհակալությունս եմ հայտնում Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանին. սա իրոք տուն է՝ բառիս բուն և ամենալավ իմաստով, և հայրիկի համար էլ ստացվեց այնպես, որ իր ստեղծած թանգարանն իր համար էլ դարձավ տուն: Սա շատ թանկ և հազվադեպ բան է, որ կյանքը, ջերմությունը, ստեղծագործությունը տարիներ շարունակ տևում է մի վայրում և չի մարում»: Ձայնասկավառակի նախաձեռնությունը կոմպոզիտորի թոռանը՝ Տիգրան Հախումյանինն է: Ընդգրկված 2 երգաշարը կատարում է ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանը (սոպրանո):

Երեկոյի ընթացքում հնչեցին «Անցածը ետ չի դառնա» և «Դու, միայն դու» երգերի ձայնագրությունները, իսկ ևս երկու երգի բանաստեղծական տողեր էլ ներկայացրեց ասմունքող Աննա Միքայելյանը:

Ի նշան Վ. Բալյանի հիշատակի առջև իր խոնարհումի՝ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ս. Նավասարդյանը շոպենյան մանրանվագների մի փունջ պարգևեց ներկաներին, իսկ իր խոսքում նշեց, որ Վլադիլեն Բալյանը գտել էր կյանքը ըմբռնելու բանալին և տիրապետում էր ապրելու արվեստին:

Վ. Բալյան մարդու և գործչի մասին իրենց հուշերը պատմեցին դահլիճում ներկա մտավորականները. Երևանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Ալինա Փահլևանյանը, Արմեն Բուդաղյանը, Թովմաս Պողոսյանը, Սվետլանա Նավասարդյանը, արվեստաբան Ռուզան Սարյանը, ճարտարապետ Անուշ Տեր-Մինասյանը:

«Բալյանը ծանր վիճակում կողմնորոշվելու և ճիշտ որոշում կայացնելու տաղանդ ուներ, և նրա գործը պետք է շարունակել»,- նշեց Ա. Բուդաղյանը:

Ա. Փահլևանյանի խոսքով՝ «Վլադիլեն Բալյանը ազգային երգ-երաժշտությունը, ֆոլկլորը շատ խորը զգացող մասնագետ էր, և զարմանալի չէ, որ նրա արվեստին տալիս են ամենամեծ գնահատականը՝ Բալյանի երգը պոկվել է հեղինակից և դարձել ժողովրդի սրտի երգը»:

Մեծագույն երախտագիտությամբ հիշելով Սարյան ընտանիքի լավագույն բարեկամ Վ. Բալյանին՝ Ռ. Սարյանը նշեց. «Բալյանն այնպիսի լուսավոր մարդ էր, որ իր ստեղծագործական մտահղացումներով ոգևորում էր նույնիսկ 84-ամյա Սարյանին և մղում ստեղծելու արվեստի գործեր, որպիսիք են Ալեքսանդր Սպենդիարյանի դիմանկարը և «Առնո Բաբաջանյան» համերգասրահի մոնումենտալ վիտրաժային պաննոյի էսքիզը»:

ՀՀ ժողովրդական արտիստ Թ. Պողոսյանը հուշեր պատմեց  Սայաթ-Նովայի անվան գուսանական երգի պետական վաստակավոր անսամբլի և Վ. Բալյանի համագործակցության տարիներից. «Վլադիլեն Բալյանը, լինելով եվրոպական դասական ավանդույթի կրող կոմպոզիտոր, մեծագույն գրագետ հայ էր և ուղնուծուծով տիրապետում էր ազգային երաժշտությանը, բանահյուսությանը, աշուղական արվեստին: Նրա երազած արժեքն էր, որ ժողովուրդն իր սրտում ընդունի իր երգը»:

Ա. Տեր-Մինասյանը շնորհավորեց Բալյան ընտանիքին և բոլորին Վ. Բալյանի 100-ամյակի առիթով և նշեց. «Վլադիլեն Բալյանն մեծ արժանիքների կրող համեստագույն մարդ էր: Եվ, ինչպես իր վերջին գիրքն է վերնագրել՝ «Նրանք բոլորը եղել են…», ինքն էլ ոչ միայն եղել է, այլև միշտ մեզ հետ է և կլինի՝ որպես ըստ արժանվույն ապրած մարդու մեծագույն օրինակ»:

Բալյանական շնչով հագեցած այս երեկոն ազդարարեց Վլադիլեն Բալյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների սկիզբը, որոնք կշարունակվեն թե՛ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանում, թե՛ Երևանում ու Գյումրիում և թե՛, հուսանք, հանրապետության մյուս քաղաքներում:

 

Սիրարփի ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի գիտաշխատող

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930