Լրահոս
Օրվա լրահոսը

«ՇՈՒԿԱ՛Ն

Դեկտեմբեր 20,2005 00:00

«ՇՈՒԿԱ՛Ն ՊԵՏՔ Է ՄՇԱԿՈՒՅԹ ՁԵՌՔ ԲԵՐԻ, Ո՛Չ ԹԵ ՀԱԿԱՌԱԿԸ» Համոզված է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը Հայաստանյան մշակութային կյանքում դեռ պահպանվում են ավանդույթներ կամ նորանկախ Հայաստանի առաջին տարիների վակուումը վերջին տարիներին կարծես թե լցվում է: Իհարկե, սա՝ Երեւանում: Նույն բանը չես ասի մարզերի մասին. վակուում լցնելու գործընթացը այստեղ նոր-նոր է սկսվում: Անկախ կատարած աշխատանքի չափերից ու որակից, մի ավանդույթ հաստատ պահպանվել է: Այն է՝ Ամանորի շեմին հանրագումարի բերել արած-չարածը: Հյուրընկալվեցինք Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանին, որից ակնկալում էինք մեկ հարցի պատասխան՝ որտե՞ղ են մեր երաժշտագետները: Նախագահի պատասխանը փոքր-ինչ ընդարձակ էր: «Մեր օրերում մշակութային դիմագիծ ասվածը ձեւափոխություններ է ապրել: Օրինակ, ակտիվացել է մասսայական արվեստը ու, ինչպես ասվում է, երաժշտական կյանքը դեմոկրատացել է»,- նշեց պարոն Ամիրխանյանը: Ըստ նրա՝ պրոֆեսիոնալ դաշտը տեղի է տալիս այն երաժշտությանը, որը շուկա է ձեւավորում եւ, ամենակարեւորը, երբ ասվում է շուկա, չգիտես ինչու՝ մասսայական արվեստի մասին պատկերացումները սահմանափակվում են միայն երգարվեստով: Մի խոսքով, մեզ մոտ ակտիվացած է նշածս շուկան, իսկ պրոֆեսիոնալ դաշտը, կոմպոզիտորները ստվերում են: Այս երեւույթը Ռ. Ամիրխանյանը բացատրում է նախ ֆինանսի, ասել է թե՝ պետական հոգածության պակասով. «Իսկ մարդկային կիրքը ավելի մոտ է ֆինանսին: Դա է պատճառը, որ փողատերերը հովանավորում են շոուն, ոչ թե արվեստը: Կուզեի՝ թույլ չտայինք, որ Հայաստանը եկող տարի Ռուսաստանում եւ Ֆրանսիայում ներկայանար այնպիսի արվեստով, ինչով ողողված է այսօր մեր մշակութային կյանքը: Չմոռանանք, որ մեր իրական դեմքը առաջին հերթին մշակույթն է՝ բառի իսկական իմաստով: Ինչ խոսք, այստեղ մեծ է մշակույթի նախարարության դերը: Ուզում եմ հավատալ, որ արտերկրում հայկական մշակույթ ներկայացնելիս նախարարությունը, համագործակցելով ստեղծագործական միությունների հետ, կանի ամեն ինչ, որ դրսում երեւա հայկական ազգային, խորքային մշակույթի անդրադարձը»: Ռ. Ամիրխանյանը դժգոհեց վերջին շրջանում մեզանում հնչող այն կոչի դեմ, որ պետք է վերացնել ստեղծագործական միությունները: «Վերջերս Հայաստանի պետական կամերային երգչախմբի հետ գտնվում էինք Գերմանիայում: Այդ երկրի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի կոմպոզիտորների միությունն էր կազմակերպել հայ կոմպոզիտորական արվեստի օրեր: Չմանրամասնելով տեղի պետական այրերի ընդունելությունը, ունկնդիրների վերաբերմունքը, համերգների արձագանքները լրատվամիջոցներում, նշեմ, որ միանշանակ զգում էիր, որ այդ ամենը տվյալ երկրի պետական հոգածության արդյունքն է: Թող այն տպավորությունը չստեղծվի, թե կոմպոզիտորներս միայն ֆինանս ենք ակնկալում մեր երկրից: Մենք ակնկալում ենք հոգածություն, ինչի դրսեւորում է նաեւ ֆինանսը: Ինչպես նշեցի վերեւում, չի կարելի թույլ տալ, որ մշակութային դաշտը ակտիվանա քաղաքային ֆոլկլորի ճանապարհով: Ի վերջո, պետք է ձեւավորվի ընդհանուր երաժշտական շուկա, որը կկոչվի հայաստանյան: Ընդ որում, այդ շուկա՛ն պետք է մշակույթ ձեռք բերի, ոչ թե հակառակը»,- ասաց պարոն Ամիրխանյանը: Միայն զրույցի ավարտին վերադառնալով երաժշտագետների «լռությանը», Կոմպոզիտորների միության նախագահը կարծիք հայտնեց, թե դա երբեմն փոխկապակցված է մամուլի հետ, հիշելով ժամանակին «Առավոտ» օրաթերթի «Առավոտ լուսո» մշակութային ներդիրը: «Այսօր դժվար է մասնագիտական թերթերի, ամսագրերի հրատարակումը՝ հասկանալի պատճառով: Մենք՝ կոմպոզիտորներս, հույս ունենք, որ տարիներ անց նորից կհանդիպենք «Առավոտ լուսո»-ին»,- եզրափակեց Ռ. Ամիրխանյանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031