Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՉԶՐԿԵՑԻՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ

Հունվար 26,2006 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ՉԶՐԿԵՑԻՆ ՄԱՆԴԱՏՆԵՐԻՑ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը
երեկ Ստրասբուրգում հայտնվել էր անմխիթար վիճակում: Ադրբեջանական պատվիրակության
անդամները հերթով՝ մեկը խնդրելով, մյուսը դժգոհելով, ԵԽԽՎ պատգամավորներին համոզում
էին չզրկել իրենց ձայնի իրավունքից: «Եթե ուզում եք պատժել՝ պատժեք մեզ վերջում»,-
ձեռքերը թափահարելով ասում էր պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը: «Մենք Հայաստանի
կողմից ագրեսիայի զոհեր ենք: Իսկ դուք մեր նկատմամբ պատժամիջոցնե՞ր եք կիրառում»,-
առիթը բաց չթողեց հայտարարելու Գյուլթեկին Հաջիեւան: Ադրբեջանի 10 ընտրատարածքներում
մայիսի 13-ին տեղի են ունենալու խորհրդարանական կրկնակի ընտրություններ: Ադրբեջանցի
պատվիրակները առաջարկում էին իրենց տալ հնարավորություն, չզրկել ձայնի իրավունքից՝
սպասել այդ ընտրություններին: «Մենք կգնանք, կասենք, որ պետք է ցույց տանք, որ կարող
ենք արդար ընտրություններ անցկացնել»,- համոզում էր Սեիդովը՝ փաստարկելով, թե ոչ
բոլոր միջազգային չափանիշներն են խախտվել, այլ՝ մի շարք: (Մինչդեռ ԵԽԽՎ Դիտարկման
կոմիտեի նիստում Լիբերալների եւ դեմոկրատների խմբի ղեկավար Մաթիաս Յորշին ընդգծել
էր, թե հարցերից մեկն այն է, որ ադրբեջանական պատվիրակության կազմում ընդգրկված չէ
որեւէ ընդդիմադիր պատգամավոր.- խմբ.): «Մենք չենք ուզում որեւէ մեկին կանգնեցնել
ամոթի անկյուն: Ադրբեջանական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելը ԵԽ շանսն է
հանուն Ադրբեջանի ժողովրդի, հանուն այս երկրում ժողովրդավարության հաստատման»,- ասաց
այդ հարցով զեկուցողը՝ Թոնի Լոյդը: Ըստ նրա՝ խորհրդարանական ընտրություններում խախտումներն
այնքան շատ են, որ չի կարելի աչք փակել դրանց վրա: Իսկ Անդրես Հերկելը հայտարարեց,
որ չկա Ադրբեջանում այնպիսի երեւույթ, որ կոչվում է ժողովրդավարություն՝ միջազգային
չափանիշներին համապատասխան: «Երիտասարդ ժողովրդավարությունը Վրաստանում է, Ուկրաինայում,
բայց ոչ Ադրբեջանում»,- ասաց նա՝ հակադարձելով ադրբեջանցիներին, թե անդամագրման 5
տարիները քիչ են ժողովրդավարության հաստատման համար: Չնայած հնչող կոշտ ելույթներին,
այնուամենայնիվ ԵԽԽՎ-ն որոշեց ադրբեջանցիներին չզրկել ձայնի իրավունքից, սպասել մինչեւ
մայիսյան ընտրությունները: Ըստ «Ա1+»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել