«44-օրյա պատերազմը շատ ավելի մեծ եւ մինչեւ այժմ չվերջացած պատերազմի մաս էր կազմում՝ ամենամեծ մասը։ Դրան հաջորդող տարիներին մենք տեսանք Հայաստանի վրա հարձակումը, տեսանք 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սկսված ահաբեկչական գործողությունն Արցախի նկատմամբ, որն ավարտվեց Արցախի բնակչության տեղահանմամբ։ և, ըստ էության, մենք մինչեւ հիմա էլ խաղաղություն չունենք։ Նաեւ ականատես ենք լինում ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Հայաստանի հասցեին նոր սպառնալիքներին ու պահանջներին՝ մեկը մյուսից անհեթեթ»,- Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը համարում է, որ Արցախը Հայաստանի համար բեռ է եւ Արցախը հանձնելով՝ կարելի այդ բեռից ազատվել, մեր ժողովրդին տարավ խորը փակուղու եւ մոլորության մեջ։ Իրականում թուրք-ադրբեջանական տանդեմի գործողություններն Արցախի դեմ չէին ուղղված, այլ ամբողջ հայ ժողովրդի դեմ են, այդ հարվածներն արդեն շարունակվում են Հայաստանի ուղղությամբ։
Կարդացեք նաև
«Արցախը Հայաստանի համար բեռ չէր, Արցախը Հայաստանի պաշտպանությունն էր, մասնավորապես Հայաստանի հարավային հատվածի պաշտպանությունն էր։ Եվ այդ պաշտպանությունը հիմարաբար կորցնելով՝ մենք խոցելի ենք դարձրել ամբողջ Հայաստանը, եւ տեսնում ենք, թե ինչպես է Հայաստանի վրա ճնշումն օր օրի ավելանում»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ես չեմ կարդացել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, բայց մենք մեր բաց փաստերի ուսումնասիրությամբ եկել ենք հետեւության, եւ այդ հետևությունն, ըստ էության, նաև հաստատվում է գործող վարչախմբի պարագլխի հայտարարություններով, որ 44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել։ Բանակցային սեղանի վրա կային լուծումներ, որից այս վարչախումբը հրաժարվեց։ Նա իր գործողություններով գնաց մի շարք սադրանքների, որը հնարավորություն տվեց Ադրբեջանին պատերազմ սանձազերծել»,- հավելեց Ավետիք Չալաբյանը։
Ըստ նրա՝ դա չի նշանակում, որ պատերազմի մեղավորն Ադրբեջանը չէ։ Իհարկե, պատերազմի մեղավորն Ադրբեջանն է, բայց ՀՀ այս վարչախումբը դա սադրել է հատուկ։ «Եվ հիմա, երբ համարում է, որ կարող է ձեռքերը լվանալ, նաեւ ասում է, թե ինչու է սադրել։ Ասում է, որովհետեւ մենք համարում էինք, որ Արցախը բեռ էր մեզ վրա, այդ բեռից պետք է ազատվեինք։ Դա ինքնախոստովանական ցուցմունք է, եւ այդ ինքնախոստովանական ցուցմունքի համար այդ մարդիկ վաղ թե ուշ պատասխան են տալու, երբ զրկվեն իշխանությունից»,- նշեց Չալաբյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ























































