Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՅՆ

Հունվար 27,2006 00:00

ՄԻԱՅՆ 3 ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄ Ըստ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի՝ հանրաքվեի ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ ահազանգերից միայն 3-ի դեպքում է, որ հնարավոր է եղել ի հայտ բերել քրեական հանցագործության հատկանիշներ պարունակող հիմքեր: Հայաստանի սահմանադրական հանրաքվեի շուրջ ԵԽԽՎ վերջին քննարկումներում նույնպես շեշտվեց անհրաժեշտությունը, որ դատախազությունը քննի խախտումների վերաբերյալ բոլոր պնդումները: ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցում էլ ընդգծված էր, թե «պետք է երաշխիքներ ներկայացվեն, որ անհատներ չեն ընտրվելու որպես քավության նոխազներ»: Իսկ «Առավոտին» տված հարցազրույցում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի՝ Հայաստանում հատուկ ներկայացուցիչն ասել էր. «Եվրոպայի խորհուրդն, իհարկե, սպասում է, որ հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ պնդումները կարժանանան մանրազնին, անկախ եւ անաչառ հետաքննության: Սա չի վերաբերում միայն իրենց ընտանիքի անդամների փոխարեն քվեարկած անհատների փոքր խմբին»: Մինչդեռ գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել հանրաքվեի ընթացքում կատարված խախտումների փաստերով քրեական 3 գործ, որոնցից ամեն մեկում մեղադրանքը վերաբերում է մեկական քվեաթերթիկի, որը մեղադրյալները նետել են քվեատուփ որդու, ընկերոջ կամ եղբոր փոխարեն: Մեր հարցին, թե դատախազության տրամադրության տակ կա՞ն նյութեր առավել զանգվածային ընտրախախտումների վերաբերյալ՝ Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ բոլոր հաղորդումները դատախազության համար հիմք են հանդիսացել իրոք մանրակրկիտ վերլուծության: Եվ բոլոր հայտարարություններով ու հաղորդումներով մենք իրականացրել ենք անհրաժեշտ ստուգումներ: Չբավարարվելով միայն այն հաղորդումներով ու հայտարարություններով, որոնք ուղղված են եղել անմիջականորեն դատախազությանը՝ մենք մեր նախաձեռնությամբ, զանգվածային լրատվամիջոցների ուսումնասիրությամբ ու վերլուծությամբ դուրս ենք բերել հանրաքվեի ընթացքում տեղի ունեցած խախտումների վերաբերյալ բոլոր ահազանգերը: Եվ դրանք նույնպես ենթարկվել են մանրազնին ստուգման՝ գտնվելով մեր ուշադրության կենտրոնում: Սակայն միայն 3 դեպքով է, որ մենք ի հայտ ենք բերել քրեական հանցագործության հատկանիշներ պարունակող հիմքեր, որոնց առնչությամբ հարուցել ենք քրեական գործեր: Եվ այդ գործերն ուղարկվել են դատարան: Այդ գործերով մեղադրյալներից ոմանք արդեն իսկ դատապարտվել են դատարանի կողմից: Մենք ակնկալում էինք, որ կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները, նաեւ զանգվածային լրատվամիջոցները մեզ կտան կոնկրետ փաստեր, որոնք կունենան կոնկրետ անձանց նկատմամբ քրեական գործեր հարուցելու հիմքեր, կամ դատախազությանը հնարավորություն կտան ստուգումների արդյունքով ի հայտ բերել ապացույցներ, հիմքեր, որոնց շնորհիվ հնարավորություն կունենայինք իրականացնել քրեական հետապնդում կոնկրետ անձանց նկատմամբ: Սակայն, ցավոք, մեր ամենամանրակրկիտ ուսումնասիրությունների եւ ստուգումների արդյունքում չհայտնաբերվեցին այդպիսիք»: Մինչդեռ առնվազն նման մի փաստ, որ դատախազությունն ակնկալում էր ստանալ ԶԼՄ-ներից՝ հրապարակել էր «Իրավունքը»: Այն է՝ թե ինչպես էին Մալաթիա-Սեբաստիա համայնքի 8/5 ընտրատեղամասում հանցանքի վայրում բռնել ՀՀԿ ներկայացուցիչ Հրաչյա Հարությունյանին, որն ընտրատեղամասին կից սենյակում նստած՝ քվեաթերթիկների վրա նշում էր անում «այո»-ի դիմաց, ծալում ու կնքում: Նշումներով քվեաթերթիկներից մի քանիսը թերթի խմբագրությունում են, եւ հրապարակվել են դրանց լուսանկարները: Սակայն նման իրեղեն ապացույցներով գործի նյութերն ուսումնասիրելով՝ դատախազությունը «պարզել էր», որ չկան անհրաժեշտ փաստեր քրգործ հարուցելու համար: Այս փաստի մասին մեր հիշեցմանն ի պատասխան գլխավոր դատախազը պատրաստակամություն հայտնեց ուսումնասիրել այդ գործը: Կեղծիքների վերաբերյալ փաստեր են նշված նաեւ ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցում: Դիտորդներն, ասենք, ականատես էին դարձել, թե ինչպես են այն տեղամասերում, որտեղ զինվորականներ էին ընտրում, հանձնաժողովի անդամները մինչեւ կնքելը բացում ու ստուգում քվեաթերթիկները: Մեր հարցին, թե քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ նման փաստերն արժանացե՞լ են դատախազության ուշադրությանը՝ Աղվան Հովսեփյանը պատասխանեց. «Մի անգամ արդեն ասել եմ իմ կարծիքը բաց քվեարկելու մասին: Եվ ասել եմ, թե ինչպես եմ ես բացատրում ընտրության գաղտնիության հասկացությունը: Նշել եմ, որ դա ընտրողի իրավունքն է՝ ոչ թե պարտականությունը»: ԵԽԽՎ դիտորդական առաքելության զեկույցում նաեւ նշված է. «Պատվիրակության անդամներն ընտրացուցակներում դիտարկել են մեծ թվով գրեթե միանման կեղծված ստորագրություններ: Նրանք ականատեսը եղան մի քանի անձնագրով քվեարկող եւ բազմաթիվ քվեաթերթիկներ գցող մարդկանց»: Այս մեջբերումներին ի պատասխան՝ գլխավոր դատախազն ասաց. «Թեկուզ հենց դիտորդների կողմից՝ կոնկրետացում չկա: Քանի որ եթե լիներ կոնկրետացում, թե որտե՛ղ եւ ո՛ր անձնագրերի կամ ստորագրությունների մասին է խոսքը՝ մենք անպայման դրանց վերաբերյալ կնշանակեինք փորձաքննություն: Իսկ մեզ հայտնի դեպքերով նշանակել ենք փորձաքննություններ եւ չենք ունեցել որեւէ դրական արդյունք»: Սակայն մի իրողություն, որ արձանագրել են ԵԽԽՎ դիտորդները՝ անկախ որեւէ փորձաքննությունից, ակնհայտ է Հայաստանի քաղաքացիների համար. «Մի շարք տեղամասեր մարզերում եւ գործնականում բոլոր տեղամասերը Երեւանում ապշեցնելու աստիճան դատարկ էին՝ անկախ օրվա այցելած ժամից (միակ բացառությունը զինվորականների քվեարկության ժամանակն էր): Ընտրական հանձնաժողովի նախագահների հայտարարած բարձր մասնակցությունը մեզ ապացուցելու ձեւն ամենուրեք նույնն էր. նրանք նշում էին, որ մասնակցությունը հատկապես շատ էր այն ժամանակ, երբ մենք այնտեղ չէինք: Երբ դիտորդները հնարավորություն էին ունենում նայել ընտրողների գրանցամատյանները՝ հատկապես կեսօրից հետո, դրանց վրա պարզապես մի քանի ստորագրություն էին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել